Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Հուլիս 27,2005 00:00

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ՞ ԵՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսարանը անվստահելի է համարում ոչ միայն վեց երիտասարդ արվեստագետներին, այլեւ, հավանաբար, նաեւ նրանց ԱՄՆ հրավիրող Աշխարհի կատարողական արվեստների առաջնության նախագահին: Հոլիվուդում օգոստոսի 6-13-ը կայանալիք Աշխարհի կատարողական արվեստների 9-րդ առաջնությանը այս տարի Հայաստանի մասնակցությունը կասկածի տակ է: «Առավոտին» հասած այս լուրը հաստատեց առաջնության հայկական բաժնի տնօրենի հայաստանյան ներկայացուցիչ Վազգեն Բաղդասարյանը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ միջոցառմանը Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2000 թվականին, որտեղ Արտակ Բաղդասարյանը (մոդել) շահել է բոլոր մրցանակները (երկու ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ): Երեք տարվա ընդմիջումից հետո՝ 2004-ին երգիչներ Անդրեն եւ Բակուր Քալանթարյանը դարձյալ շահեցին առաջնության Գրան պրին եւ ոսկե մեդալները: Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ վաղօրոք CD-ների եւ տեսանյութերի միջոցով Հոլիվուդում կազմկոմիտեն ընտրել է 6 հայ արվեստագետի՝ դաշնակահարներ Լուսիկ Հովհաննիսյանին, Սոնա Հայկյանին, ջութակահարուհի Աննա Եղիազարովային, մոդել Սուսաննա Ավետիսյանին, Հովհաննես Ջամբազյանին (ժողովրդական պար) եւ բացառիկ ընդունակություններով օժտված պարող Հայկ Հոբոսյանին, որը, ի դեպ, խուլ ու համր է: Առաջնության նախագահ Գրիֆ Օ՛Նիլի կողմից հրավերը ստացվել է հունիսի 24-ին: «Հուլիսի 15-ին ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնում բոլոր 6 արվեստագետներին էլ հարցազրույցի ժամանակ մերժեցին՝ չտալով ոչ մի բացատրություն, միայն բարձրաձայնելով՝ «դուք հավատ չեք ներշնչում»: Ես հասկացա, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցները կասկածում են, որ հայ արվեստագետները առաջնությանը մասնակցելուց հետո կվերադառնան»,- պատմեց Վ. Բաղդասարյանը: Նա այս մասին տեղեկացրել է առաջնության նախագահին, որն էլ երկրորդ հրավերն է ուղարկել: «Ի դեպ, այս հրավերում նախագահը վստահեցնում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, որ եթե հայ արվեստագետներից թեկուզ մեկն էլ որոշի մնալ Ամերիկայում, իրենք կդիմեն էմիգրացիոն պետական ծառայությանը: Նույնիսկ նման հավաստիացումից հետո ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է երկրորդ անգամ արվեստագետներին ընդունել՝ հայտնելով, որ հյուպատոսը իր որոշումը չի փոխի»,- ասաց առաջնությունների հայկական բաժնի տնօրենի հայաստանյան ներկայացուցիչը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանից շատ ավելի ծանր սոցիալական եւ տնտեսական վիճակում գտնվող երկրներում ԱՄՆ-ի հյուպատոսներն արդեն թույլատրել են մասնակիցներին մեկնել առաջնությանը: «Թեեւ այս մերժումը ես չեմ համարում ազգային խտրականության դրսեւորում, այդուհանդերձ չեմ էլ կարողանում հասկանալ Հայաստանը միջազգային առաջնությունում ներկայացնելուն խոչընդոտելը: Չեմ հասկանում նաեւ՝ ինչպե՞ս կարելի է նման ձեւով վարվել մշակույթի գործիչների հետ: Հյուպատոսական բաժնի աշխատակիցները նույնիսկ չհետաքրքրվեցին, թե ի՞նչ կարգի արվեստագետներ են մեկնողները: Եթե նույնիսկ նրանց մեջ կար այնպիսին կամ այնպիսիները, որոնք չէին համապատասխանում իրենց չափանիշներին, ապա նրանց պատճառով բոլորին մերժելը նույնպես սխալ է: Ի վերջո, կար ԱՄՆ-ի քաղաքացի, առաջնության նախագահ Գրիֆ Օ՛Նիլի երաշխավորագիրը: Սա արդեն տրամաբանությունից դուրս է»,- վրդովված հայտնեց Վ. Բաղդասարյանը: Վերջում մեր զրուցակիցը հայտնեց, որ թեեւ մինչ առաջնությունը մնացել են հաշված օրեր, բայց իրենք պատրաստվում են դիմել ՀՀ արտգործ եւ մշակույթի նախարարություններ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Խնդրի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Իրինա Ալավերդյանը «Առավոտին» հայտնեց հյուպատոսական բաժնի պատասխանը. «ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը պարտավոր է ուսումնասիրել յուրաքանչյուր դեպք՝ ԱՄՆ օրենքներին համապատասխան: Այս դեպքում խմբի անդամները վիզա ստանալու ԱՄՆ-ի օրենքների պահանջներին չեն համապատասխանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել