Թունաքիմիկատները գնալով ավելի թունավոր են դառնում Իսկ վերահսկողությունն՝ ավելի թույլ Շրջակա միջավայրի հիգիենայի եւ կանխարգելման թունաբանական գիտահետազոտական ինստիտուտը հետազոտություններ է իրականացնում: Նպատակը գյուղատնտեսության բնագավառում կիրառվող թունաքիմիկատների վնասակար ազդեցությունները պարզելը եւ դրանք կանխարգելելն է: Շրջակա միջավայրի հիգիենայի եւ կանխարգելման թունաբանական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալբերտ Մայրապետյանը հայտնեց, որ «թունաքիմիկատների վնասակար ազդեցությունն ամբողջովին վերացնել հնարավոր չէ: Պետք է մշակվեն նոր մեթոդներ, ստեղծվեն սանիտարահամաճարակային ծառայություններ»: Բայց, ըստ պարոն Մայրապետյանի, թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ բացառելը եւս նպատակահարմար չէ, քանի որ դա կարող է խանգարել գյուղատնտեսության զարգացմանը: Ինչպես հայտնեց Ալ. Մայրապետյանը, կա թունաքիմիկատների օգտագործման որոշակի քանակ, որի կիրառության դեպքում վնաս չի հասցվի շրջակա միջավայրին եւ մարդու օրգանիզմին: Սակայն երբ թունաքիմիկատների օգտագործումը փորձարարական մակարդակի վրա է, իհարկե, բացասական ազդեցությունն անխուսափելի է: Օրինակ՝ գյուղացին կարտոֆիլի համար նախատեսված թունաքիմիկատը օգտագործում է խաղողի վրա: Էլ չենք խոսում այն մասին, որ պարարտանյութի միջոցով գյուղացին ուզում է ուշահաս մթերքը շուտ հասունացնել կամ էլ արհեստականորեն մեծացնել դրա չափերը. «այս ամենը, իհարկե, հսկողության պակասի արդյունք է»: Այժմ հայտնաբերվել են պարարտանյութեր, որոնք ունեն ոչ թե քիմիական, այլ կենսաբանական բաղադրություն, բայց շատ լավ ազդում են վնասատուների վրա: Սակայն այդպիսի պարարտանյութեր Հայաստանում չեն օգտագործվում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ կարող է վնաս հասցնել հղի կանանց եւ նորածիններին: Մայրական կաթի մեջ հայտնաբերվել են քլոր-օրգանական միացությունների՝ ալդրինի, դիլդրինի մնացորդային քանակներ, որոնք նորմալ պայմաններում պիտի չլինեն: Փաստորեն, այդ միացությունները ոչ միայն վնասակար են մոր առողջությանը, այլեւ նորածնի: Նման դեպքերում մայրական կաթի միջոցով երեխան կարող է ձեռք բերել բազմաթիվ հիվանդություններ: Բացի այդ, կարող է ընկնել նրա օրգանիզմի դիմադրողականությունը: Գիտահետազոտական ինստիտուտը այս թեմայի շրջանակներում հետազոտություններ է իրականացնում Արագածոտնի մարզում: Դրանք կանցկացվեն նաեւ Երեւանում՝ հղի կանանց շրջանում: Հետազոտություններն իրականացնում են հարցաթերթիկի միջոցով, որտեղ հղի կանայք նշում են իրենց բնակության վայրը եւ հղիության ընթացքում հիմնականում ինչ տեսակի սնունդ են օգտագործել: Այն տարածքներում, որտեղ ավելի շատ են օգտագործում թունաքիմիկատներ՝ հիվանդացության աստիճանը բարձր է: Դրանք հիմնականում հարթավայրային շրջաններն են, որտեղ զարգացած է հողագործությունը, այգեգործությունը: Տրամաբանորեն՝ գյուղերում հիվանդացության մակարդակն ավելի բարձր պիտի լինի, քան քաղաքներում: Սակայն սա հստակ ասել հնարավոր չէ, քանի որ պարարտանյութերով աճեցված մթերքով սնվում է նաեւ քաղաքի բնակչությունը: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ