ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ Անցած շաբաթ ՀՀԿ քաղխորհուրդն ընդլայնված կազմով արտագնա նիստ էր կազմակերպել Ստեփանավանում: Այդ արտագնային մասնակցել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որին էլ հարցրինք՝ ի՞նչ էր դա, սովորական ուտել-խմելու արարողությո՞ւն, թե՞ իսկապես ինչ-ինչ քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվածություններ ապահովելու հանդիպում: Պատասխանելով մեր հարցին՝ պարոն Սահակյանն ասաց. «Ասեմ, որ ուտել-խմելն էլ մեր հայ ժողովրդի մեջ հենց այնպես չի լինում, դա մի բան նշանավորելու համար է լինում: Եվ, բնական է, երբ հանդիպումները երկար են տեւում, նաեւ պիտի մարդը հաց ուտի: Բայց դա լոկ հաց ուտել չի, նաեւ խոսել է, նաեւ զրուցել է, նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերել է»: Իսկ քննարկվե՞լ է նախագահի թեկնածություն առաջիկա ընտրությունների համար, եւ իրո՞ք այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: «Կարծում եմ, բնական երեւույթներ կան, որ հեչ պարտադիր չէ, որ անընդհատ, ամեն օր քննարկվի, ինքը՝ «Հանրապետականը» բավականին լուրջ ճանապարհ է անցել, արդեն փորձառու կուսակցություն է, նաեւ նպաստել է երկրի կայունությանը, որի հետեւանքով ունենք նաեւ տնտեսական զարգացումներ. անիմաստ կլիներ մտածել, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններում իր թեկնածուն չի առաջադրելու: Մենք, սակայն, այդ թեմայով առայժմ չենք խոսում, բայց գիտենք, որ երկրի հետագա ճակատագրում «Հանրապետականը» ամենավճռական դերակատարումն է ունենալու»: Իսկ քննարկվե՞լ է Սերժ Սարգսյանի անունը. «Անուններ չեն քննարկվել, եւ չեմ կարծում, որ հանկարծ պիտի թաքցնել, որ Սերժ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան կամ էլի անուններ կարելի է թվարկել, նայած ինչպիսի որոշում կլինի «Հանրապետականի» կողմից, սակայն ասեմ, որ թեկնածուների պակաս չունենք»: Մ. Ե.