ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ Երեւանին նվիրված այս՝ արդեն բավական չարչրկված երգի տողերը վերագրեցինք Վանաձորին, քանի որ որքան էլ ջանացինք՝ այդ քաղաքին նվիրված երգ չհիշեցինք, բացի վաղեմի՝ «Ա վոտ ի Կիրովական, ա վոտ ի հուշարձան: Իդյոմ կամաց-կամաց: Ի նականեց՝ Դիմաց»: Աիդա Ղուկասյանի գեղեցկուհի աղջնակը Դիմաց թաղամասում չի ապրում, այլ Վանաձորի քիմիական գործարանի մշակույթի պալատին հարակից 4-րդ տնակային ավանում: Նրա ընտանիքը 14 տարի է՝ ապրում է մետաղյա տնակում: Ըստ այդմ՝ այս աղջիկը ծնվել եւ մեծացել է վագոն-տնակում: Իսկ թե դեռ ինչքան նա կապրի այստեղ՝ հստակ չի կարող պատասխանել ոչ ոք: Ահա նման պայմանների մասին էր Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը պնդում. «Այդ տնակում ապրողի եւ Վանաձորում վարձով ապրողի միջեւ չկա ոչ մի տարբերություն. ինչո՞ւ պիտի տնակում ապրողի խնդիրը լուծվի, իսկ վարձով ապրողինը՝ չլուծվի»: Տնակաբնակներից ոմանք պնդում են, թե չեն կարողանում գտնել անգամ հավաքարարի գործ: Ուստի այստեղ ապրուստի ամենատարածված եղանակներից մեկը ժավել եւ շիշ վաճառելն է: Որքան էլ տարօրինակ լինի՝ անգամ կոտրված շշեր են վաճառում՝ 10-25 դրամով: Եվ պնդում են, թե դրանք էլ ունեն իրենց գնորդները: Տնակներ կան նաեւ Վանաձորի կենտրոնական մասում. այս մեկն Արցախ պուրակում է: Սակայն այս տնակը բնակության համար չէ, այլ համակարգչային խաղերի: Ի դեպ՝ Վանաձորում շատ-շատ են ինտերնետ-ակումբները, որոնք մշտապես լեփ-լեցուն են: Արցախ պուրակը, ինչպես նաեւ՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դիմաց գտնվող պուրակը մի ժամանակ կանաչազարդ էին: Սակայն ինչպես եւ Երեւանում, այս՝՝ քաղաքում էլ կանաչ տարածքները նահանջում են խանութների եւ սրճարանների առջեւ: Լավագույն դեպքում՝ պուրակները թողնվում են ահա այսպես անխնամ, որ հետո արդարացվի, թե ինչու են հանձնվում այս կամ այն սեփականատիրոջ տնօրինմանը: Վանաձորի անտառներում շատ կարելի է հանդիպել նման տեսարանների: Անտառը հատվել է ե՛ւ նախկին տարիներին, ե՛ւ այժմ: Սակայն «կտոր մը» Խորհրդային Միության հետ՝ այս քաղաքում միաժամանակ առկա է «կտոր մը» Եվրոպա: Այսպես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատին փակցված է ծիածանագույն դրոշը, որը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կրում են իրենց «հպարտության շքերթների» ժամանակ: «Վանաձորը՝ հակասությունների քաղաք»,- խորհրդային լրագրության ընդունված այս կարծրատիպը թերեւս արժեր դարձնել այս լուսանկարչական ռեպորտաժի վերնագիրը: Սակայն այդ կարծրատիպն էլ է թերեւս մոռացված այնքան, ինչքան՝ «Ա վոտ ի Կիրովական» երգը: Վանաձորի քաղաքապետարանի վրա պահպանվել է Հայաստանի Սովետական Հանրապետության զինանշանը, որ ոմանք տենչում են դարձյալ տեսնել իբրեւ պետական: Հուսով ենք՝ դրա հետ միասին՝ վերստին մեր առօրյայի բաղկացուցիչը չեն դառնա լիակուրծք կթվորուհիների եւ հաղթանդամ զինվորների արձանները, որոնք նույնպես պահպանվել են քաղաքապետարանի շենքի վրա: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ