Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

Հուլիս 27,2005 00:00

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Իշխանության, ընդդիմության եւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետները համընկնում են, բայց՝ մասամբ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը Վենետիկի հանձնաժողովի հերթական եզրակացությունը գնահատեց այսպես. «Գիտե՞ք ինչ վիճակ է, երբ վատ սովորող աշակերտը քչից-շատից լավ գրավոր է գրում, ուսուցիչն էլ է գոհ, ինքն էլ է գոհ: Հիմա մոտավորապես այս վիճակն է: Ես սա վիրավորական եմ համարում, որովհետեւ վերջիվերջո սա մեր երկիրն է»: Պարոն Քոչարյանն ասաց, որ իրենց առաջարկություններն այդ «վատ գրավորում» ընդունվել են մասնակիորեն: Իսկ կոնկրետ հարցին՝ այս իրավիճակում «Արդարությունը» կմասնակցի՞ օգոստոսի 29-ի նիստին եւ սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բայց, ներողություն, մեր հայտարարությունը կա, չի փոխվել, եւ մեր ասելիքը մնում է նույնը, այսինքն՝ մենք հստակ նշել ենք մի քանի մեխանիզմներ, ասեմ՝ կառուցողական անվստահություն, կառավարության ձեւավորում օրենքով, հստակեցնել Արդարադատության խորհրդի, դատավորների նշանակումը եւ տեղական ինքնակառավարման մարմիններ: Սա է»: Կոնկրետ՝ մասնակցելո՞ւ է «Արդարությունը» օգոստոսի 29-ի նիստին հարցին ի պատասխան, պարոն Քոչարյանը դարձյալ չպատասխանեց. «Մեր հայտարարությունը ուժի մեջ է, դուք այդ հարցը տվեք իշխանություններին, ասեք՝ իրենք դրանով բավարարվա՞ծ են, իրենք նույն Վենետիկի հանձնաժողովի պահանջները ընդունելո՞ւ են, թե՞ ոչ, այսինքն՝ այդ հարցը մեզ չպիտի տաք, այլ նրանց, ովքեր պատասխանատու են այդ նախագծի համար: Ավելին, խախտվել է ամբողջ տրամաբանությունը, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ, բաց, լինի հասարակական քննարկում, ո՞ւր են այդ քննարկումները»: Շավարշ Քոչարյանն ասաց նաեւ, որ Տիգրան Թորոսյանի՝ անցած շաբաթ հրավիրած մամուլի ասուլիսի հեռուստալուսաբանումներից ինքն այն տպավորությունն է ստացել, որ իբր ամեն ինչ այլեւս «օ-քեյ» է եւ կարելի է ձեռք ձեռքի տված գնալ հանրաքվեի: Սակայն, ըստ պարոն Քոչարյանի, ամենեւին էլ այդպես չէ: «Նախ՝ Վենետիկի հանձնաժողովը գնահատական է տվել միայն այն դրույթներին, որոնց շուրջ համաձայնություն է եղել հունիսի 23-24-ին՝ Ստրասբուրգում, եւ դեռ այդտեղ էլ ինքը նկատառումներ ունի: Հաջորդը, վերջին եզրակացության մեջ նշված է, որ նախորդ բոլոր եզրակացությունները եւ մոտեցումները ուժի մեջ են»: Շավարշ Քոչարյանը մանրամասնեց, որ, այո, ընդդիմության եւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետները շարունակում են համահունչ լինել: Նա հիշեցրեց կառավարության ձեւավորման հարցում իրենց դիրքորոշումը. «Եթե նախագահի նշանակած վարչապետի ծրագիրը հավանության չի արժանանում, ապա կամ հերթը պիտի հանձնի ԱԺ-ին, կամ էլ կառուցողական անվստահության քվեի իրավունք տրվի: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ, ըստ փորձագետների գնահատականների, սա արդյունավետ է, քանի որ կայունացնում է կառավարությունը: Այո, կառավարությունը կայունացնում է, բայց դա միակ պատճառը չէ: Կա երկու ոչ պակաս կարեւոր պատճառ: Մեկն այն է, որ երբ նախագահը երկու անգամ կարող է ներկայացնել վարչապետին եւ երկու անգամ էլ այդ թեկնածությունը չընդունվի, ապա նա լուծարում է ԱԺ-ն: Ըստ կոալիցիայի նախագծի: Ի՞նչ է տալիս կառուցողական անվստահությունը: Սա կբացառի, որ նախագահը կարողանա այդպիսի խաղեր տալ: Մեր պայմաններում դա չափազանց կարեւոր է»: Հաջորդ դիտարկումն այն մասին էր, որ կառավարությունը պետք է ձեւավորվի ոչ թե նախագահի հրամանով, այլ՝ օրենքով: Դատական իշխանության մասով, ըստ պարոն Քոչարյանի, Վենետիկի հանձնաժողովի եւ ընդդիմության մտահոգությունները նույնն են: Միայն տեղական ինքնակառավարման հարցում տեսակետները չեն համընկել, այն էլ՝ Երեւանի քաղաքապետի ընտրովիության մասով: Վենետիկը գտել է, որ կարող է լինել եւ ընտրովի, եւ ոչ: ՍԴ-ին եւս չի տրված լիազորություն՝ լուծել պետական կառավարման տարբեր մարմինների միջեւ առաջացող վեճերը եւ այլն: «Հանրապետություն» կուսակցությունը սահմանադրական քննարկումներին չմասնակցելու մասին իր որոշումը հաստատեց նաեւ անցած շաբաթ՝ կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արամ Սարգսյանի գրությամբ, որում ասվում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցել եւ չի մասնակցելու Սահմանադրության ոչ մի տարբերակի քննարկման ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ որեւէ այլ տեղ: Ոչ հուլիսին, ոչ օգոստոսին: Ոչ էլ որեւէ այլ ժամանակ: Սա սկզբունքային դիրքորոշում է»: Իսկ սահմանադրական բարեփոխումները, ըստ կուսակցության քաղխորհրդի ղեկավարի, Հայաստանում պիտի լինեն, բայց այն իշխանության օրոք, ում կընտրի ժողովուրդը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել