Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տարօրինակ երիտասարդները

Հուլիս 27,2005 00:00

Հրեաներից
հետո ենք, գնչուներից՝ առաջ Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնել
է առաջիկայում ստեղծել եվրոպական երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների
համագործակցային աշխատանքային ցանց: «Գաղափարը առաջին անգամ հավանության է արժանացել
Եվրախորհրդի կողմից: Այս կառույցը գումար է տրամադրել, որպեսզի տարբեր երկրներում
գործող երիտասարդական հայկական կազմակերպությունները համագործակցեն, հզորանան, ցանց
ստեղծեն, ինֆորմացիա փոխանակեն: Կստեղծվի նաեւ ինտերնետային էջ, որտեղ երիտասարդները
կկարողանան շփվել միմյանց հետ»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ
Ատոմ Մխիթարյանը: Նա ավելացրեց. «Կպահպանվի հայկականությունը, բայց ոչ Հայաստանի
օժանդակությամբ: Մեզ մոտ երիտասարդական քաղաքականությունը ֆինանսավորվում է ներսի
փողերով, ինչով խրախուսվում է հայրենիք-սփյուռք համագործակցությունը: Դա թեեւ ողջունելի
է, բայց անընդհատ քննադատվում է»: Ա. Մխիթարյանը փաստեց, որ այս ծրագրի վրա
աշխատել են շուրջ 3 տարի եւ գործի են դրել ոչ ստանդարտ մեթոդներ՝ լոբբինգ, տարբեր
հարցազրույցներում անընդհատ հայկական հարցի բարձրացում: Ի դեպ, մեզնից առաջ միայն
հրեաներին է հաջողվել նման ծրագիր ունենալ: Ա. Մխիթարյանը նշեց նաեւ, որ դեռ պարզ
չէ՝ արդյոք կօգտվե՞ն հրեաների տարբերակից, քանի որ հայ իրականությունը տարբերվում
է նրանցից. «Նրանք ավելի շուտ են կողմնորոշվում»: Նախագահը տեղեկացրեց, որ նման ցանց
ստեղծելու փորձ անում են նաեւ գնչուները. «Բայց մենք առաջ ընկանք եւ Եվրախորհրդի
աջակցությունը ստացանք»: Եվրախորհուրդը հոգալու է բոլոր վարչական հարցերը եւ տրամադրելու
է 3500 եվրո: «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ Երիտասարդական ակումբների
դաշնության նախաձեռնությամբ մի խումբ հայ երիտասարդներ էլ որպես դիտորդներ կմասնակցեն
աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այժմ ծրագիրն ավելի ընդլայնվել է, եւ ընդգրկվել
են երիտասարդ դիտորդներ Ռուսաստանից ու Վրաստանից: Մինչ ընտրություններին ներկա գտնվելը,
երիտասարդները կմասնակցեն դասընթացների, իսկ հետո կանցկացվեն քննարկումներ: Ցեղասպանությունը՝
պառակտման պատճա՞ռ Եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումները վիրահայերի,
հատկապես՝ երիտասարդների պառակտման պատճառ են դարձել: Թբիլիսիից Կարեն Ելչյանը «Առավոտին»
պատմեց, որ այնտեղ այսօր կա պաշտոնապես գրանցված ավելի քան 30 հայկական հասարակական
կազմակերպություն, բայց նրանցից ոչ բոլորն են գործում. «Երբեմն մեկը մյուսին ավելի
շատ խանգարում է»: Կարենը Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնից է: Նրանց
կազմակերպած առաջին մեծ ակցիան տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 24-ին, ինչից էլ
սկսվել են գժտությունները: Նա պատմեց, որ մինչ այդ Թբիլիսիում կոմիտե էր ստեղծվել,
որը պետք է զբաղվեր Եղեռնին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ. «Ցավոք, այս կոմիտեի
մեջ ներգրավված մարդիկ շատ անկազմակերպ էին: Ի տարբերություն նրանց, մենք մի քանի
ամսվա ընթացքում կազմակերպել ենք հայկական հարցին նվիրված դասընթացներ, պատրաստել
ենք բրոշյուրներ, օրացույցներ, վերնաշապիկներ: Թբիլիսիի փողոցներում բազմաթիվ ազդագրեր
ենք փակցրել: Եվ շատ զարմանալի էր, որ դրանք վրացիները չէին պոկում»: Ըստ նրա, Թբիլիսիում
քարոզչության հիմնական կազմակերպիչները իրենք են: Բայց այս մտքին համամիտ չեն թբիլիսյան
մյուս հայկական կազմակերպությունները, եւ սա է վեճերի պատճառը: Ապրիլի 24-ին նաեւ
փողոցներում կազմակերպվել է երթ, երիտասարդները ցույցի են դուրս եկել Թուրքիայի դեսպանատան
առաջ: Ըստ Կարենի, կոմիտեից ոչ ոք չի աջակցել նրանց: «Մենք գիշերները չենք քնել,
աշխատել ենք, չարչարվել ենք: Իսկ ապրիլի 24-ին, երբ արդեն ամեն ինչ պատրաստել էինք,
դրոշներով ու ազդագրերով կանգնած էինք դեսպանատան առաջ, եկան մի քանի հայեր, որոնք
ոստիկաններին ու լրագրողներին ներկայանում էին իբրեւ ակցիայի կազմակերպիչներ»: Ի
հակադրություն Կարենի, մեկ այլ թիֆլիսահայ երիտասարդ՝ Էրիկ Բալոյանը հայտնեց, որ
ակցիայի կայացմանը շատերն են աջակցել. «Հայ երիտասարդները թշնամաբար չեն վերաբերվում
միմյանց»: Ըստ նրա, անհրաժեշտ է մեկ օղակ, որը կկոորդինացնի թբիլիսյան հայկական կազմակերպությունները:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել