Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ՞ ԵՆ

Հուլիս 27,2005 00:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսարանը
անվստահելի է համարում ոչ միայն վեց երիտասարդ արվեստագետներին, այլեւ, հավանաբար,
նաեւ նրանց ԱՄՆ հրավիրող Աշխարհի կատարողական արվեստների առաջնության նախագահին:
Հոլիվուդում օգոստոսի 6-13-ը կայանալիք Աշխարհի կատարողական արվեստների 9-րդ
առաջնությանը այս տարի Հայաստանի մասնակցությունը կասկածի տակ է: «Առավոտին» հասած
այս լուրը հաստատեց առաջնության հայկական բաժնի տնօրենի հայաստանյան ներկայացուցիչ
Վազգեն Բաղդասարյանը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ միջոցառմանը Հայաստանն առաջին
անգամ մասնակցել է 2000 թվականին, որտեղ Արտակ Բաղդասարյանը (մոդել) շահել է բոլոր
մրցանակները (երկու ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ): Երեք տարվա ընդմիջումից հետո՝
2004-ին երգիչներ Անդրեն եւ Բակուր Քալանթարյանը դարձյալ շահեցին առաջնության Գրան
պրին եւ ոսկե մեդալները: Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ վաղօրոք CD-ների
եւ տեսանյութերի միջոցով Հոլիվուդում կազմկոմիտեն ընտրել է 6 հայ արվեստագետի՝ դաշնակահարներ
Լուսիկ Հովհաննիսյանին, Սոնա Հայկյանին, ջութակահարուհի Աննա Եղիազարովային, մոդել
Սուսաննա Ավետիսյանին, Հովհաննես Ջամբազյանին (ժողովրդական պար) եւ բացառիկ ընդունակություններով
օժտված պարող Հայկ Հոբոսյանին, որը, ի դեպ, խուլ ու համր է: Առաջնության նախագահ
Գրիֆ Օ՛Նիլի կողմից հրավերը ստացվել է հունիսի 24-ին: «Հուլիսի 15-ին ԱՄՆ դեսպանատան
հյուպատոսական բաժնում բոլոր 6 արվեստագետներին էլ հարցազրույցի ժամանակ մերժեցին՝
չտալով ոչ մի բացատրություն, միայն բարձրաձայնելով՝ «դուք հավատ չեք ներշնչում»:
Ես հասկացա, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցները կասկածում են, որ հայ արվեստագետները
առաջնությանը մասնակցելուց հետո կվերադառնան»,- պատմեց Վ. Բաղդասարյանը: Նա այս մասին
տեղեկացրել է առաջնության նախագահին, որն էլ երկրորդ հրավերն է ուղարկել: «Ի դեպ,
այս հրավերում նախագահը վստահեցնում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, որ եթե հայ արվեստագետներից
թեկուզ մեկն էլ որոշի մնալ Ամերիկայում, իրենք կդիմեն էմիգրացիոն պետական ծառայությանը:
Նույնիսկ նման հավաստիացումից հետո ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է երկրորդ անգամ արվեստագետներին
ընդունել՝ հայտնելով, որ հյուպատոսը իր որոշումը չի փոխի»,- ասաց առաջնությունների
հայկական բաժնի տնօրենի հայաստանյան ներկայացուցիչը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանից
շատ ավելի ծանր սոցիալական եւ տնտեսական վիճակում գտնվող երկրներում ԱՄՆ-ի հյուպատոսներն
արդեն թույլատրել են մասնակիցներին մեկնել առաջնությանը: «Թեեւ այս մերժումը ես չեմ
համարում ազգային խտրականության դրսեւորում, այդուհանդերձ չեմ էլ կարողանում հասկանալ
Հայաստանը միջազգային առաջնությունում ներկայացնելուն խոչընդոտելը: Չեմ հասկանում
նաեւ՝ ինչպե՞ս կարելի է նման ձեւով վարվել մշակույթի գործիչների հետ: Հյուպատոսական
բաժնի աշխատակիցները նույնիսկ չհետաքրքրվեցին, թե ի՞նչ կարգի արվեստագետներ են մեկնողները:
Եթե նույնիսկ նրանց մեջ կար այնպիսին կամ այնպիսիները, որոնք չէին համապատասխանում
իրենց չափանիշներին, ապա նրանց պատճառով բոլորին մերժելը նույնպես սխալ է: Ի վերջո,
կար ԱՄՆ-ի քաղաքացի, առաջնության նախագահ Գրիֆ Օ՛Նիլի երաշխավորագիրը: Սա արդեն տրամաբանությունից
դուրս է»,- վրդովված հայտնեց Վ. Բաղդասարյանը: Վերջում մեր զրուցակիցը հայտնեց,
որ թեեւ մինչ առաջնությունը մնացել են հաշված օրեր, բայց իրենք պատրաստվում են դիմել
ՀՀ արտգործ եւ մշակույթի նախարարություններ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Խնդրի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնի
աշխատակից Իրինա Ալավերդյանը «Առավոտին» հայտնեց հյուպատոսական բաժնի պատասխանը.
«ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը պարտավոր է ուսումնասիրել յուրաքանչյուր դեպք՝
ԱՄՆ օրենքներին համապատասխան: Այս դեպքում խմբի անդամները վիզա ստանալու ԱՄՆ-ի օրենքների
պահանջներին չեն համապատասխանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել