Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ՝ «ՓՈՐՁԱՇՐՋԱՆ» ԱՆՈՒՆՈՎ

Հուլիս 27,2005 00:00

Աշխատանքի շուկայում հարգի են «կյաժ» մազերն ու երկար ոտքերը

Աշխատանքի տեղավորման շուրջ 10 գործակալություններից մեր հարցումները ցույց տվեցին, որ այս սեզոնին առավել մեծ պահանջարկ են վայելում սպասարկման ոլորտի աշխատանքները՝ վաճառող, մատուցող-մատուցողուհի, հավաքարար, մենեջեր եւ այլն: Ուստի դժվար չէ նկատել, որ ամենամեծ խարդախությունները կատարվում են հենց այս ոլորտում աշխատանք փնտրողների հետ, եւ հաճախ գործակալության եւ օբյեկտի տիրոջ միջեւ լինում են ինչ-ինչ ներքին պայմանավորվածություններ: Իհարկե, խոսքը կայացած, հեղինակավոր հիմնարկների մասին չէ: Ավելի ցածրակարգ «օբյեկտներում», երբ այցելուն հավաստիացնում է, որ, ասենք, մատուցողի աշխատանքի փորձ ունի, սրճարանատերերն ու ռեստորանատերերը պահանջում են 1 ամիս փորձնական փուլ անցնել՝ իբր թե հմտությունները ստուգելու համար:

«Փորձաշրջան» անցնելուց հետո «քո աշխատանքը մեզ ձեռք չի տալիս» միանգամայն ապահով պատճառաբանությամբ մատուցողին վտարում են կամ լավագույն դեպքում «հանդուրժում» եւս 1 ամիս՝ սեփական կամքով հեռանալու հիմքեր ստեղծելով: Այսպիսով, ռեստորանատերը պարբերաբար ունենում է չվարձատրվող (կամ առավելագույնը թեյավճարով վարձատրվող) աշխատող, իսկ աշխատանքային գործակալությունը՝ կայուն 2000 դրամանոց եկամուտ:

Ըստ գործակալությունների տվյալների, մեծ պահանջարկ ունի նաեւ վարսահարդարի աշխատանքը: Նկատենք, որ այս դեպքում նույնպես պարտադիր պահանջում են փորձնական փուլ: Ավելին՝ հաշվի առնելով այսօր վարսավիրանոցներում տիրող մթնոլորտը՝ միմյանցից հաճախորդ փախցնելը, փորձաշրջան անցնող վարսահարդարի համար ստեղծված են ավելի անարդարացի պայմաններ, որովհետեւ նախ նոր մարդուն ոչ ոք չի տրամադրում իր «հայելին»՝ համապատասխան պարագաներով, հետո՝ նրան աշխատեցնում են հավաքարարի պես՝ ստիպելով ավլել գետնին թափված մազերը կամ լվալ հաճախորդի գլուխը: Իսկ մասնագիտական առումով նրան լավագույն դեպքում բաժին է ընկնում կտրելուց հետո հաճախորդի գլուխը չորացնելու նախավարժանքը:

Ինչ վերաբերում է ավելի լուրջ աշխատանքներին, որոնք, ըստ որոշ գործակալությունների տնօրենների, առաջարկում են միայն միջազգային կազմակերպությունները, բանկերը եւ օդանավակայանները, հասու են միայն կատարյալ արտաքին ունեցողներին: Քանի որ ճաշակին ընկեր չկա, գործակալությունները ստիպված են լինում գտնել «մարալից մարալին»՝ պատվիրատուին գոհացնելու համար: Ավելի բծախնդիրներն իրենց հայտարարության մեջ կետ առ կետ նշում են «կյաժ մազերի, երկար ոտքերի ու սիրուն աչքերի» անհրաժեշտությունը:

Ի դեպ, մի գործակալության աշխատակցի պատմելով՝ ամենացնցողը գիշերային ակումբներում պահանջվող աշխատատեղերի հայտարարություններն են: Օրինակ, այսօր նմանատիպ ակումբներից մեկին անհրաժեշտ են գեղեցիկ երիտասարդ տղաներ՝ հավաքարար աշխատելու համար: Ընդ որում, նա պիտի ոչ թե սովորականի պես աղբ հավաքի, այլ՝ ստրիպտիզ պարուհիների շորերը, առանց ավելորդ ուշադրություն գրավելու, նրանցից որոշակի տարածություն պահպանելով պտտվի ու հավաքի նրանց թափած (հագից արդեն հանած) զգեստները: Բայց այս դեպքում դժվար չէ ենթադրել, որ այդ երիտասարդը արտաքին բարեմասնություններից բացի պետք է ունենա նաեւ լավ ռեակցիա՝ պարուհու որեւէ «պտույտի» արդյունքում հարված չստանալու համար:

Համեմատաբար մեծ պահանջարկ ունեն նաեւ հաշվապահը, բրոքերը, գործավարը:

Այս ամենից զատ, ըստ գործակալությունների տվյալների, այս պահին ամենաքիչ պահանջարկ ունեն գերմաներենի կամ ֆրանսերենի մասնագետները, քիմիկները, կենսաբանները, մսի, երշիկի, կաթի արտադրության ոլորտների տեխնոլոգները:

Գործակալությունների տվյալներով, լինում են դեպքեր, երբ գալիս են՝ առանց իմանալու, թե ինչ կուզեին աշխատել, իսկ ցանկին ծանոթանալուց հետո, առանց լեզուների իմացության ու աշխատանքային փորձի, ընտրում են, ասենք, հյուրանոցի մենեջեր տարբերակը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել