ՀՅԴ «ՏԱՔ» ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱԿ-Ի «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը հակադարձում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Միավորված աշխատանքային կուսակցության քաղխորհրդի վերջին ընդլայնված նիստում Գուրգեն Արսենյանը գաղափարական հակառակորդ հռչակեց Դաշնակցությանը, վարչական հակառակորդ՝ ՀՀԿ-ին, մասամբ էլ՝ ՕԵԿ-ին: «Եթե որեւէ կազմակերպության հայտարարում ես քո գաղափարական հակառակորդը՝ պիտի ինքդ առնվազն ինչ-որ հարցում գաղափարական լինես,- արձագանքելով այս մարտահրավերին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը:- Ճիշտն ասած, անձամբ Գուրգեն Արսենյանը եւ նրա բավական հաջողված «բիզնես-ծրագիր» ՄԱԿ-ը մինչ այժմ աչքի չեն ընկել գաղափարախոսական ինչ-որ առանձնահատկությամբ, որի հիման վրա կարելի լիներ որեւէ մեկին, այդ թվում նաեւ՝ ՀՅԴ-ին, համարել այդ կուսակցության գաղափարական հակառակորդ: Գուրգեն Արսենյանը նույն հաջողությամբ կարող էր իր հակառակորդը հռչակել Հայաստանի ցանկացած կազմակերպության, որն ունի գաղափարախոսություն: Արսենյանը շփոթում է բիզնեսը եւ քաղաքականությունը ու հաջողված «բիզնես-ծրագրի» շնորհիվ կյանքի կոչված ՄԱԿ-ը համարում այս կամ այն քաղաքական ուժին գաղափարական այլընտրանք»: Սպարտակ Սեյրանյանը հեշտ բացատրելի համարեց «հակառակորդների» նման տարբերակման պատճառը. «Ես հասկանում եմ ՀՅԴ մասին նման ձեւով խոսելու տրամաբանությունը: Բիզնեսով զբաղվող մարդ է եւ շատ լավ հասկանում է, որ մենք լծակներ չունենք իր վրա հարկային, վերստուգիչ, իրավապահ եւ այլ մարմիններ ուղարկելու: Եվ իր բիզնեսի ոլորտում մեր պարագայում ինքը չի ունենալու որեւէ խնդիր: Իսկ նման խնդիրներ հնարավոր է՝ առաջանային, եթե նա ընդամենը վարչական հակառակորդ չհռչակեր ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին»: Գուրգեն Արսենյանը խոստացել է փաստեր հրապարակել չարաշահումների վերաբերյալ: Եվ առաջին նման «կոմպրոմատը» հրապարակվելու է Դաշնակցության դեմ: ՄԱԿ-ի ղեկավարը բացահայտել է, որ իրենք այժմ փաստեր են հավաքում առողջապահության ոլորտին առնչվող վարկային մի ծրագրի չարաշահումների եւ վատնումների մասին: Իսկ առողջապահության նախարարը, հայտնի է, դաշնակցական է: Արձագանքելով այս մի մարտահրավերին՝ Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Գուրգեն Արսենյանը երեւի չի կարողացել վերջնականապես պարզել ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող իր հնարավորությունները: Եթե նա գիտի այս կամ այն գերատեսչության աշխատանքներում ինչ-որ թերացումների եւ սխալների մասին, իբրեւ ԱԺ պատգամավոր՝ իր պարտքն է դրանց մասին խոսելը: Իսկ թե՛ մեր կուսակցությունը, թե՛ առողջապահության նախարարը շատ շահագրգիռ են լսել այդ թերացումների մասին, եւ եթե նա ունի ինչ-որ առաջարկներ՝ նաեւ քննարկել դրանք: Բայց տարօրինակ է, թե ինչո՞ւ է պրն Արսենյանն աշխատանքային բնականոն գործունեությունը ներկայացնում իբրեւ «կոմպրոմատների» պատերազմ: Երեւի սա վկայում է այն մասին, որ նա այնքան էլ լավ չի պատկերացնում իր դերն իբրեւ ԱԺ պատգամավոր ու քաղաքական կուսակցության ղեկավար»: Գուրգեն Արսենյանը նաեւ խոստացել է, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՄԱԿ-ը պայքարելու է Դաշնակցության դեմ՝ եթե մի համայնքում ՀՅԴ-ն թեկնածու ունեցավ կամ հայտարարեց որեւէ մեկին պաշտպանելու մասին, ՄԱԿ-ը նույնպես կառաջադրի իր թեկնածուին կամ կպաշտպանի որեւէ մեկին։ «Սրա մեջ չեմ տեսնում որեւէ «պատերազմական» տրամաբանություն,- հեգնեց պրն Սեյրանյանը:- Մենք մեր թեկնածուներն ենք ունենալու ՏԻՄ ընտրություններում: Եթե ՄԱԿ ղեկավարը պատրաստվում է նույն տեղերում իր պաշտպանյալներն ունենալ՝ իր անձնական գործն է: Ուղղակի հետաքրքիր է՝ Գուրգեն Արսենյանը կարծում է, թե ինքը ֆինանսապես հնարավորություն կունենա՞ այդ բոլոր տեղերում նորից ընտրակաշառք բաժանելով թեկնածուներ անցկացնել… Եթե նա հերթական անգամ փորձելու է փորձարկել իր «բիզնես-ծրագիրը»՝ խնդիր չունենք»: ՀՅԴ ԳՄ անդամն այս տեսանկյունից մեկնաբանեց նաեւ ՄԱԿ ղեկավարի հետեւյալ հայտարարությունը՝ «Ընտրությունների արդյունքների վրա ոչ ոք չպետք է կարողանա ազդել: Քվեատուփերում ինչ կա, այն էլ պետք է հրապարակվի: Դրսում ինչ ուզում են՝ թող անեն, ինչքան ուզում են՝ սելիտրա բաժանեն, մարդկանց հետ ոնց կաշխատեն՝ թող աշխատեն: Արդյունքները չպետք է կեղծվեն»: Ի պատասխան՝ Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Այսինքն՝ ինքն էլի առաջվա նման ուզում է փողով առնի, բայց ներսը ձեռք չտաք, էլի: Կարելի է կարծել՝ քվեատուփի մեջ հայտնվածը դրսում փող բաժանելու արդյունքում չէ»: Գուրգեն Արսենյանը իր հարցազրույցներից մեկում կշտամբել էր կոալիցիային. «Երբ իրենք կարող էին հանդես գալ գործընկերոջ դերում, չարեցին, նախընտրեցին «նաչալնիկի» դերը: Մենք իրենց բացատրեցինք, որ ընդհանուր թիմով եղել ենք Քոչարյանի թեկնածության պաշտպանողը, եւ դուք որոշեցիք, որ այդ թիմից երեքդ ավելի կարեւոր եք, քան ՄԱԿ-ը: Դուք մերժեցիք մեր «գործընկերություն հանուն խաղաղության» առաջարկը: Այդ դեպքում՝ սառը պատերազմ»: Մեր հարցին՝ ընդունո՞ւմ է, թե կոալիցիան է իր պահվածքով թիմակիցներին մղել ընդդիմության ասպարեզ՝ Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Ո՛չ: Այստեղ պրն Արսենյանը կամա-ակամա խոստովանում է մի իրողություն, որը ցավալիորեն տեղ է գտել Հայաստանի քաղաքական դաշտում, եւ ոչ միայն ներկա իշխանության, այլ նաեւ՝ նախորդի օրոք, ու կարծում եմ՝ առաջիկայում էլ կունենանք այդ խնդիրը: Մարդը գտնում է, որ եթե քաղաքական ինչ-որ ուժերի հետ միասին պաշտպանել է որեւէ թեկնածուի, ապա հետո պիտի ստանա իր պաշտպանելու համար համարժեք վճար, փոխհատուցում: Կոալիցիոն ուժերը միավորվել են ոչ թե որոշակի անձի, այլ ծրագրի շուրջ, եւ գործում են դրա շրջանակներում»: Գուրգեն Արսենյանը նաեւ դա էր պնդել, թե Ռոբերտ Քոչարյանի հռչակած նախընտրական ծրագիրը «տորպեդահարվել է» կոալիցիայի կողմից: «Սա իր մեկնաբանության խնդիրն է,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:- Կարող է նայել կոալիցիայի հուշագիրը եւ տեսնել՝ այնտեղ ամրագրված դրույթներն իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց նեղացվածությունն այն հանգամանքից, որ ընտրություններից հետո ինքն իր ծառայությունների դիմաց բան չի ստացել՝ քաղաքական հարթությունում չէ: Դարձյալ նույն «բիզնես ծրագիրն» է. ինչ-որ ներդրում եմ կատարել ընտրությունների ժամանակ՝ բարի եղեք համարժեքը վճարել, այլապես գնում եմ ընդդիմություն, ձեզ էլ հայտարարում «սառը պատերազմ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ