Քննությունը
ինձ համար միտ տոն է Երեկ հրավիրած ճեպազրույցում քննությունների
տվյալների մասին որոշ տեղեկություններից հետո անակնկալ կերպով ԿԳ նախարար Սերգո Երիցյանը
ցույց տվեց ժամանակակից տեխնոլոգիական եւ էլեկտրոնային միջոցներով «հագեցված» այն
վերնաշապիկը, որ փոխարինել էր ավանդական ծածկագրերին: Վերնաշապիկի տերը պետք է բջջային
հեռախոսով միանար ինչ-որ ձայնագրության, սակայն շփոթվել է եւ հեռախոսն սկսել է բարձրաձայնել:
Այդ դիմորդը, ինչպես հետո պարզվել է, ուսուցչի ընտանիքից է, իսկ հնարքի հեղինակը
եղել է նրա հարազատներից մեկը: Նախարարն ասաց, որ երիտասարդին զրկել են քննություններին
մասնակցելու իրավունքից եւ գործը հանձնել դատաքննչական մարմիններին: Բայց իրականում
«հանցագործին» կարող է միայն վարչական տույժ հասնել կամ չհասնել, նախարարն ինքն էլ
դեռ մանրամասներ չհայտնեց: Մեկ այլ դեպք է գրանցվել կենսաբանության քննության
ժամանակ, երբ մի աղջկա մարմնամասերը անհամաչափ են թվացել հանձնաժողովի անդամներին:
Վերջիններս, սակայն, չեն համարձակվել «խուզարկել», միայն դիմորդին խնդրել են տեղափոխվել
ընտրած տեղից: Եվ դա եղել է այն պահին, երբ, նախարարի խոսքով, «տոպրակը բացված է
եղել, եւ երբ աղջիկը կանգնել է, թղթե բոլոր ծածկագրերը թափվել են գետնին»: Աղջկան
թույլատրել են շարունակել քննությունը, սակայն նա ոչինչ չի գրել: Ընդհանուր
առմամբ, այս տարի 1-2 տտկոսով նվազել է բարձր գնահատականների թիվը եւ նույնքանով
աճել ցածր գնահատականներինը: Ըստ նախարարի, 20 տոկոսով քիչ են բողոքարկումները եւ
աննախադեպ քիչ՝ բողոքարկումների արդյունքում գնահատականների փոփոխությունները: Վերջիններս
50 տոկոսով փոխվել են տեխնիկական, 50 տոկոսով՝ բովանդակային հիմքով: Հանրապետական
ընդունող հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացրել գրավորը պահանջող դիմորդների շրջանում:
Հայոց պատմության դեպքում գրավորը պահանջող 43 դիմորդներից միայն 1-ն է բողոքարկել:
Մեկ այլ դիտարկում. բնագիտական առարկաները հաջողությամբ են հանձնում հիմնականում
տղաները, իսկ հումանիտար բլոկում աչքի են ընկնում աղջիկները: Օրինակ, մաթեմատիկայի
բարձր գնահատականների 55 տոկոսը տղաներինն է, 35-ը՝ աղջիկներինը: Հ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ