Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիլիթը» կներկայանա նորովի

Հուլիս 26,2005 00:00

Այսօր
Կամերային երաժշտական թատրոնում կկայանա կոմպոզիտոր Արամ Սաթյանի «Լիլիթ» հայկական
առաջին փոփ-օպերայի պրեմիերան: Նախօրեին «Առավոտը» ներկա գտնվեց օպերայի գլխավոր
փորձին՝ ակնկալելով Ա. Սաթյանի, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի,
բալետմայստեր Արտյոմ Գեւորգյանի պատասխանները՝ մեզ հետաքրքրող հարցերին: Պարոն Մելիքսեթյանը
համառորեն հրաժարվեց մեզ հետ զրուցելուց՝ շեշտելով իր զբաղվածությունը: Թեեւ կարող
էր մի քանի րոպե տրամադրել՝ գոնե միայն ասելու, որ իր ղեկավարած երիտասարդ թատրոնի
խաղացանկում՝ ի թիվս հայտնի մյուզիքլների հայկական տարբերակների (Վեբեր՝ «Կատուներ»,
Օրֆի՝ «Բեռնաուերի դուստրը», Կոչիանտե՝ «Փարիզի Աստվածամոր տաճարի» մոտիվներով «Քվազիմոդո
եւ Էսմերալդա» եւ այլն), իր հաստատուն տեղը կգտնի հայկական առաջին փոփ-օպերան: Հիշեցնենք,
որ մարզահամերգային համալիրում 1997թ. ներկայացվեց ու «անհետացավ» «Լիլիթը»: Կոմպոզիտորը
տեղեկացրեց, որ տարիներ առաջ այս օպերայի համերգային կատարումը մի փոքր հապճեպ արված
գործ էր. «Մշակույթի նախարարության որոշումն է, որ «Լիլիթը» պետք է բեմադրվի թատերական
բեմում: Նախորդ բեմադրությունը նույնիսկ չի կարող համեմատվել այս մեկի հետ»: Հարցին՝
ինչպե՞ս շարքային հանդիսատեսը տարբերակի, որ սա պրոֆեսիոնալի գործ է, ոչ թե որեւէ
ինքնակոչ կոմպոզիտորի երկ, Ա. Սաթյանը պատասխանեց. «Այսօրվա ունկնդիրը թացը չորից
զատում է. շատ ժամանակ նրանք խոսում, վիճում են նույնիսկ այս կամ այն երգի գործիքավորման
շուրջ: Պրոֆեսիոնալը միայն երաժշտություն արարողը չէ, նա պետք է կարողանա երաժշտական
դրամատուրգիան եւ գործիքավորումը համապատասխանեցնել՝ ստեղծելով ներդաշնակություն:
Դրանցից մեկի հաջողության դեպքում, եթե մյուսը կաղում է, պրոֆեսիոնալիզմի մասին խոսք
լինել չի կարող»: Մեզ հետ զրույցում բալետմայստեր Արտյոմ Գեւորգյանը նշեց,
որ հայկական առաջին փոփ-օպերան նորույթ է եւ ինչ-որ չափով էքսպերիմենտ: Մեր հարցին՝
հնարավոր չէ՞ր որպես մոդեռն պարարվեստի վկայություն, օգտագործել գոնե զուսպ էրոտիկ
տեսարաններ, մանավանդ դրա առիթը կա. գլխավոր հերոսը՝ Ադամը, կտավին է հանձնում Լիլիթի
մերկ մարմինը՝ ձգտելով այն դարձնել կատարյալ, Ա. Գեւորգյանը հակադարձեց. «Զուսպ էրոտիկան
դարձյալ էրոտիկա է: Ռիսկի չդիմեցինք՝ ելնելով հայկական մենթալիտետից»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆՀ. Գ. Տեղեկացնենք, որ պրեմիերային ներկա գտնվողները
կարող են ձեռք բերել «Լիլիթի» եւ կոմպոզիտորի հատընտիր երգերի CD-ները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել