Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՋ ՖԻԴԱՅՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ

Հուլիս 26,2005 00:00

Ըստ
ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի՝ արդեն եկել են փոխզիջումների ժամանակները Շաբաթ
օրը Սերժ Սարգսյանը հանդիպեց Համահայկական երիտասարդական երրորդ համաժողովի մասնակիցներին
եւ պատասխանեց նրանց հուզող հարցերին: Երիտասարդները հետաքրքրվեցին Թբիլիսիում ԱՄՆ
նախագահի այցի ընթացքում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր
Հարությունովի ճակատագրով: Նախարարն ասաց. «Ամբողջ տեղեկատվությունը ստանում ենք
միայն պաշտոնական լրատվամիջոցներից: Բայց էականն այն է, որ Վրաստանի գլխավոր դատախազը
եւ ՆԳ նախարարը հայտարարել են, որ Հարությունովը որեւէ առնչություն չունի Հայաստանի
հետ, քանի որ Վրաստանի քաղաքացի է: Թե ինչքանո՞վ է նա մեղսակից՝ կասեն Վրաստանի պաշտոնական
մարմինները: Չեմ կարծում, որ հնարավոր է գործ սարքել, որովհետեւ խնդիրը վերաբերում
է ԱՄՆ նախագահին, եւ նրանց հատուկ ծառայությունները իրենց ուշադրության կենտրոնում
են պահելու այս գործը»: Բազում հարցեր ունեին համաժողովի արցախցի մասնակիցները:
Մարո Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանը պետք է փոխզիջումների գնա ԼՂՀ-ի
հարցում: ՊՆ նախարարի կարծիքով՝ խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների պարագայում.
«Պետք չէ քանոն վերցնել եւ սանտիմետրով տարածքներ չափել: Աշխարհում որեւէ կոնֆլիկտ
չի կարող լուծվել առանց փոխզիջումների: Լինեն դրանք ազգային ինքնորոշման, տարածքային
ամբողջականության, մշակութային, թե բիզնեսի խնդիրներ: Հակառակ պարագայում դառնում
է հաղթողների եւ հաղթվողների վեճ, ինչը չի կարող վերջնական լուծում ունենալ»: Ըստ
նախարարի, մենք արդեն որոշակի զիջումների գնացել ենք. «Ես հակված չեմ հողեր վերադարձնելուն,
բայց եթե ադրբեջանցիները ընկալեն այն պարզ ճշմարտությունը եւ այն 3 պայմանները, որ
հայերը մինչեւ հիմա առաջարկում են (ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության
տակ, որ նա պարտավոր է մասնակցել միջազգային գործընթացներին եւ պետք է լինեն պատերազմը
չվերսկսելու երաշխիքներ), ապա ճիշտ կլինի անդրադառնալ նաեւ անվտանգության գոտուն:
Այն տարածքներին, որոնք գրավվել են, որպեսզի ստեղծվեն անվտանգության գոտիներ»: Երիտասարդները
փորձեցին «ուղղել» նախարարին՝ նշելով, որ այդ տարածքները ազատագրվել են եւ ոչ՝ գրավվել:
ՊՆ նախարարը ասաց, որ իր խոսքում տերմինների ընտրությունը կախված է լսարանից. «Ես
ինչքան էլ փորձեմ ամերիկացիներին, ֆրանսիացիներին, ռուսներին բացատրել, որ Աղդամը
մեր պապական հողն է, նրանք կարող են լռել, բայց ես արդեն իրենց չեմ կարող հավատ ներշնչել
որպես մարդ, որը ուզում է բանակցել եւ խնդիրներ լուծել»: Այնուամենայնիվ,
ավելացրեց, որ՝ «դեռեւս բանակցությունների ժամանակ չեն քննարկվում, թե ինչքա՞ն, որտեղի՞ց
եւ ի՞նչ պետք է զիջել»: Նա ավելացրեց, որ միշտ չէ, որ խնդիրները լուծվում են ցանկությունների
համաձայն. «Ինձնից լիներ, կասեի՝ քիչ ենք գրավել, էն Կիրովաբադից էլ պիտի գրավեինք:
Ինչքան շատ լինի՝ այնքան լավ»: Նախարարը երիտասարդներին ասաց, որ այս հարցում մենք
պետք է լինենք սթափ եւ պատասխանատու, իսկ «էմոցիաները», «պոպուլիզմը», «քաջ ֆիդայի»
երեւալը կարող է լավ լինել միայն որոշակի ժամանակ: Նա հիշեցրեց, որ պատմության մեջ
եղել են դեպքեր, երբ մենք կարող էինք որոշակի տրամաբանված զիջումների գնալ, բայց
չկորցնել շատը, սակայն ամեն անգամ կորցրել ենք. «Դա մեզ համար ճակատագիր չպիտի լինի:
Մի անգամ պետք է համոզվենք, որ մենք էլ կարող ենք չկորցնել»: Հետաքրքրվեցին
նաեւ, թե մեր բանակը ադրբեջանականի հետ համեմատած՝ մարտական ինչպիսի վիճակում է:
Ս. Սարգսյանը պատասխանեց. «Եթե ադրբեջանական բանակը 5 րոպե մեզանից ավելի մարտունակ
լինի, ապա նրանք որեւէ բանի առջեւ չեն կանգնի եւ ռազմական ճանապարհով կլուծեն Ղարաբաղի
հարցը, եւ որեւէ մեկը նրանց չէր մեղադրի: Նրանք շատ են խոսում, որ մարտունակ են,
որ կարող են, բայց հարց է առաջանում՝ կարող են եւ ուզում են, բայց ինչո՞ւ չեն անում:
Արդեն քանի տարի է՝ Ադրբեջանի նախագահներն ասում են, որ մենք կարող ենք, ուզում ենք
եւ հարցը լուծելու ենք ռազմական ճանապարհով: Իրականությունն այն է, որ մենք ոչ մի
բանում չենք զիջում: Ես շատ համեստ եմ ասում»: Նախարարը երիտասարդներին ներկայացրեց
նաեւ մեր բանակի ֆինանսական վիճակը. «Եթե 2006-ի ռազմական բյուջեն համեմատենք 2000-ի
հետ, ապա այն կրկնապատկվել է: Սա, իհարկե, քիչ է, քան Ադրբեջանի 2005-ի բյուջեն կամ
2006-ինը, որտեղ եւս աճ կա, եւ իրենք ենթադրում են ունենալ 350 մլն դոլարի բյուջե:
Սակայն կարող եք վստահ լինել, որ 2005-ին մենք 1 լումա պակաս չենք ծախսել եւ չենք
ծախսելու, քան ադրբեջանցիները»: Նա ավելացրեց, որ մեր ուժերի հարաբերակցությունը
այնպիսին է, որ ինչքան էլ ադրբեջանցիները ծախսեն, իրենք շատ կարճ ժամանակում չեն
կարող ունենալ այնպիսի առավելություն, որը նրանց հնարավորություն կտա ռազմական գործողություններ
սկսել եւ բլից կարգով ավարտել այս ամբողջ պատմությունը. «Եթե այդպիսի բան լինի, նշանակում
է՝ մենք շատ ապաշնորհ ենք գտնվել, իսկ նրանք՝ շատ շնորհալի»: Նախարարը անդրադառնալով
Ջավախքի խնդիրներին՝ նշեց, որ այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է՝ ամենաճիշտն
է. «Մենք պետք է հարգենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի որոշումը՝ կապված
Վրաստանից ռուսական բազաների հանման հետ: Իսկ նրանց համար Ջավախքի բնակչության կարծիքը
էական չէ: Ու երբ հայտնվում են մի քանի տաքգլուխ երիտասարդներ եւ փորձում որոշակի
հանրահավաքներ անել, դա ուղղակի մեզ վնաս է: Եվ Ջավախքի մեր համայնքը կարող է ուղղակի
Վրաստանի ղեկավարության աչքում երեւալ՝ որպես ուրիշի կամքը կատարող»: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել