Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հերթեր բժշկի մոտ

Հուլիս 26,2005 00:00

Գյումրիում սոցիալական պայմաններն ու նոր տեխնիկայի պակասը մեծացրել են աչքի բժշկի կարիք ունեցողների թիվը:

Ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանի գլխավորած «Հայկական ակնաբուժական նախագիծ» կազմակերպության շարժական մեքենան մեծ հերթեր էր ստեղծել Գյումրիում: Նախորդ շաբաթ Շիրակի մարզի շրջաններում սկսվել էր կուրության դեմ պայքարի բարեգործական ակցիա. հիշյալ կազմակերպության առանձին խմբեր շրջագայելով գյուղերում՝ փորձում էին հայտնաբերել ու անհրաժեշտության դեպքում ավելի խորը հետազոտելու, բուժելու կամ վիրահատելու նպատակով շարժական հոսպիտալ տեղափոխել հիվանդներին: Իսկ Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի բակում տեղակայված շարժական հոսպիտալի շուրջբոլորը կանգնելու տեղ անգամ չկար: Պատճառներից մեկն այն է, որ Շիրակի մարզում տնակային կենցաղի պատճառով աճել է աչքերի հիվանդությամբ տառապողների թիվը:

Այս առնչությամբ վիրաբույժ Վահե Սողոմոնյանը հայտնեց, որ ի սկզբանե ծրագրավորված է եղել հիվանդացության վիճակագրական տվյալները պարզելու համար Հայաստանի ամբողջ բնակչությանը հետազոտել, բայց հնարավոր չի եղել կազմակերպել՝ բնակիչների չհաճախելու պատճառով եւ այժմ իրենց մեծամասամբ դիմում են պրոբլեմ ունեցողները: Նրանցից շատերը բողոքում են, որ բժիշկները հիվանդների մեջ խտրականություն են դնում՝ անվճար վիրահատելով միայն «թուղթ-մուղթ» ունեցողներին՝ այսինքն սոցիալապես անապահովներին: «Հազար ծրագիր իրականացրին քաղաքում ու էլի չհասկացան, որ փաստաթղթերը ձեւական են ու դեռեւս սոցիալապես անապահով լինելու մասին չեն վկայում, էնպես են անում, որ հոգիներս կորցնենք ու բոլորս աղքատության փաստաթուղթ հանենք»,- ասում են որոշ գյումրեցիներ: Վահե Սողոմոնյանի ասելով, իրենք ստիպված են հարցին փաստացի մոտենալ, թեեւ մեծ քանակությամբ մարդկանց ընդգրկելու համար դարձյալ զիջումներ են արել՝ անվճար վիրահատության ծրագրում ընդգրկելով ոչ միայն «Փարոս» համակարգ անցած ու 38 միավոր ունեցողներին, այլեւ սկսել են աղքատության նվազագույն միավորից՝ 34 -ից:

Շարժական հիվանդանոցի կոորդինատոր Ասատուր Հովսեփյանն էլ վկայեց, որ իրենց մեծամասամբ դիմում են ծերերը, իսկ հերթերը կապված են հիվանդներին երկար զննելու ու ամեն մեկին հատկացված 15 րոպե ժամաքանակը խախտելու հետ: Չնայած մեծ հերթերին, այնուամենայնիվ, հիվանդները կարծում են, որ սա թանկարժեք սարքավորումներից օգտվելու եզակի հնարավորություն էր, վերջիններս շարունակում են պնդել, որ Շիրակի մարզում հետազոտություններն անցկացվում են «նավթալինոտ տեխնիկայով»: Իսկ մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանն ասաց. «Ես չէի ասի, թե մեր մարզը գերժամանակակից սարքավորումներով է ապահովված, մենք առաջատարների թվում ենք, չէ, այդպես չէ, բայց սարքավորումների համալրումը պետք է լինի անընդհատ՝ հատկապես բժշկության բնագավառում, որն անընդհատ զարգանում է, մենք շատ տեղերում բարոյապես մաշված սարքավորումներ էլ ունենք: Չպիտի մոռանանք, որ նյութատեխնիկական բազան աղետի պատճառով զրոյից ենք սկսել, իսկ մեր մարզի բուժհիմնարկները ի վիճակի չեն իրենց միջոցներով թանկարժեք սարքավորումներ գնել»: Իսկ աչքի հիվանդությամբ տառապող ու մայրաքաղաք հասնելու համար մեծ գումարներ ծախսող հիվանդներին կարծես թե ոչ մի հիմնավորում էլ չի հետաքրքրում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել