Պետությունը
չի աջակցում առողջ հասարակության ձեւավորմանը, իսկ վերջինիս բացակայությունը թույլ
չի տալիս կառուցել ժողովրդավարական պետություն: Երկրում նպատակաուղղված
պայքար է մղվում ազատության եւ ժողովրդավարության գաղափարների դեմ: Հերոսացվում է
դաժան, «իրենց դեմ խաղ չունեցող» իշխանների եւ իշխանիկների կերպարը, որոնք հանուն
անհասկանալի «պայծառ ապագայի» պատրաստ են մարտնչել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ
ողջ աշխարհի դեմ: Համատարած վախը կոտրում է մարդկանց կամքը, նրանց հավատը համամարդկային
արժեքների հանդեպ, առավել եւս, երբ նրանք տեսնում են, որ ավանդաբար այդ իդեալները
կրող արեւմտյան պետությունները, դեսպանները եւ միջազգային կազմակերպությունները չեն
խորշում հաճոյանալու եւ սակարկելու «ազգային» հակաժողովրդավարական քաղաքականության
կնքահայրերի հետ: Վենետիկյան հանձնաժողովը քննարկում է Սահմանադրության դրույթները՝
թե՛ հիմնական, թե՛ այլ օրենքները բազմիցս ոտնահարած եւ անպատիժ մնացած իշխանության
ներկայացուցիչների հետ: Փաստորեն այդ քննարկումներից դուրս է պահվում ոչ միայն լայն
հասարակայնությունը, այլեւ նույնիսկ նրա քիչ թե շատ ակտիվ մասը՝ հասարակական կազմակերպությունները:
Խոշոր պետությունները ՀՀ կառավարության միջոցով մարզերում տարածքային զարգացման ծրագրեր
են իրականացնում եւ խուսափում են մարզի բնակիչներին տեղյակ պահել նախատեսվող միջոցառումների
մասին: Այնինչ քաղաքացիական հասարակությունն ու պետությունը միասնական ազգային
օրգանիզմի հաղորդակցվող անոթներն են: Եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ
քաղաքացիական հասարակությունն ու պետությունը ձեւավորվում են փոխգործակցության շնորհիվ:
Քաղաքացիական հասարակությունը հսկում է պետությունը, իսկ վերջինս սահմանափակում է
քաղաքացիական հասարակության մասնավոր եւ կորպորատիվ նկրտումները: Ընդ որում, այդ
երկու գործառույթներն էլ հավասարաչափ կարեւոր են, բայց դրանք իրականացնելու համար
անհրաժեշտ է նշվածս սուբյեկտների կայացումը: Քաղաքացիական հասարակությունը ձեւավորվում
է ինչպես «ներքեւից»՝ բնակչության ինքնագործունեության միջոցով, այդպես էլ «վերեւից»՝
պետության ներազդեցության արդյունքում: Արեւմուտքում քաղաքացիական հասարակությունը
ձեւավորվել է երկարատեւ պատմական ժամանակաշրջանում, որի ընթացքում «ներքեւից» ու
«վերեւից» վեկտորները պարբերաբար փոխարինում էին միմյանց: Հայաստանում հասարակական
սեկտորն առաջացել է անթույլատրելի սեղմ ժամկետներում եւ նմանակել արեւմտյան օրինակները՝
առանց հաշվի առնելու ո՛չ «քաղաքացիական հասարակություն» գաղափարի խորքային իմաստն
ու բովանդակությունը, ո՛չ էլ (ինչը առավել կարեւոր է) տարածաշրջանի կոնկրետ առանձնահատկությունները:
Խոսքը ոչ թե վերացական «ազգային առանձնահատկությունների», այլ ակտիվ քաղաքացիների
դաստիարակման եւ քաղաքացիական հասարակության՝ որպես ինստիտուտի կայացման գործընթացի
առանձնահատկությունների մասին է: Մեզ մոտ պետությունը գոնե առերեւույթ առաջ ընկավ
հասարակական ինստիտուտներից՝ բացառելով Արեւմուտքին բնորոշ զուգորդականությունը եւ
փոխլրացումը: Պետությունը ոչ միայն չի խթանում, այլ հակառակը՝ արգելափակում է «ներքեւից»
եկող ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն՝ նրանում տեսնելով իր իշխանության համար
հերթական սպառնալիքը: Եվ որպես հետեւանք՝ ստեղծվում է արատավոր շրջան. պետությունը
չի աջակցում քաղաքացիական հասարակության կայացմանը, որի բացակայությունը իր հերթին
բացառում է նորմալ ժողովրդավարական պետությունը, որի փոխարեն գործում է քրեականացված
կլանային համակարգը: Մեր (այս դեպքում ես խոսում եմ մի շարք մեր գործընկեր
հասարակական կազմակերպությունների անունից) այդ իրավիճակը փոխելու պատկերացումը ԲԵԿՄԱՆ
մեջ է: Հենց այդ նպատակով մենք գարնանը նախաձեռնեցինք «Բեկում» քաղաքացիական ֆորումի
անցկացումը, որն իր հերթին 2004 թ. ապրիլի 12-ի իրադարձությունների արձագանք հանդիսացող
«Քաղաքացիական կամքը. «հանուն» եւ «ընդդեմ» ֆորումի տրամաբանական շարունակությունն
էր: Դա դրդեց մեզ կազմակերպել նախաձեռնող խմբի փակ հանդիպումները մի շարք քաղաքական
գործիչների հետ, ընդ որում՝ նպատակներից էր մասնավորապես ժողովրդավարության սկզբունքներին
իրական հավատարմության աստիճանի պարզելը: Այդ տրամաբանությամբ մենք հանդիպեցինք Արթուր
Բաղդասարյանի, Արամ Զ. Սարգսյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ, նախատեսում ենք հանդիպումներ
Անդրանիկ Մարգարյանի եւ Գուրգեն Արսենյանի հետ: Ցավոք, չկայացավ մեր հանդիպումը Րաֆֆի
Հովհաննիսյանի հետ՝ վերջինիս բազմազբաղ լինելու պատճառով: Բայց այդ ամենը մենք դիտում
ենք նաեւ որպես ավելի մեծ հավաքի նախապատրաստական փուլ: Այդ հավաքին մենք ակնկալում
ենք ՀՀ քաղաքացիների ամենալայն մասնակցությունը՝ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների,
այն անհատների, որոնք գիտակցում են իրենց քաղաքացիական պատասխանատվությունը: Այդ
ֆորումին Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն՝ որն է մեր հասարակության զարգացման
ռազմավարությունը եւ ինչպիսին պետք է լինեն այդ նպատակներին ուղղված մարտավարական
քայլերը: ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ«Քաղաքացիական նախաձեռնությունների
ազատ ամբիոն» ՀԿ ղեկավար