«Մենք
որ մշակույթ ունեինք՝ երեւանցիք ո՞ւր էին» Ասում է Արտաշատի
բնակիչ, 77-ամյա Սարգիս պապը, որը Արտաշատի քաղաքային զբոսայգում եկել էր դիտելու
հայրենի կառավարության՝ Արարատի մարզ «գործուղած» փառատոնը: Արմավիրի մարզում մեկնարկած
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հանրապետական մշակութային փառատոնը թեեւ մի փոքր տոնական
տրամադրություն էր հաղորդել միջոցառման երկրորդ կանգառ Արտաշատին, բայց չէր զարմացրել
արտաշատցիներին: Մ.թ. ա. 2-4-րդ դդ. Արտաշատը եղել է Հայաստանի մայրաքաղաքը եւ մշակույթի,
մասնավորապես՝ թատրոնի շունչն այստեղ զգացել են դեռ մ.թ. 1-ին դարում (53թ.): Բացի
այդ, տեղաբնակների հավաստմամբ, քաղաքի ղեկավարությունը նման միջոցառումներ է կազմակերպում
յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերին: Այդուհանդերձ, կազմակերպիչները
եկել էին ոչ թե զարմացնելու, այլ վերացնելու ժողովրդի եւ մշակույթի միջեւ անջրպետը:
«Անընդհատ անջրպետ կա ժողովրդի եւ մշակույթի ոլորտի միջեւ: Մենք բացել ենք այսօր
այն բոլոր դռները, որոնք տանում են դեպի մշակույթ… Փոխադարձ կարոտել են իրար՝ ե՛ւ
մշակույթի գործիչները՝ ժողովրդին, եւ ժողովուրդը՝ մեր մշակութային գործիչներին»,-
ասաց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը: Զրուցեցինք
Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի հետ: «Առավոտի» այն հարցին, թե ո՞րն է մշակույթին
այսօր սպառնացող ամենամեծ վտանգը, մարզպետը պատասխանեց. «Բարեկեցությունն է որոշում
գիտակցությունը: Մշակույթին սպառնացող ամենամեծ վտանգը ժողովրդի սոցիալական վիճակն
է»: Ուստի դատելով զբոսայգում հավաքվածների սակավությունից, դժվար չէր կռահել, որ
թեեւ «բացել են… բոլոր դռները, որոնք տանում են դեպի մշակույթ», սակայն շատերը
դեռ ցանկություն չունեն այդ դռներով անցնելու: Լուրեր կային, որ Արտաշատը
Երեւանից առաջ է անցել նաեւ արտաքին տնտեսական կապերի առումով: Փորձեցինք ճշտել.
– Ճի՞շտ է, որ չինացիներն Արտաշատից լավաշ են արտահանում՝ ազգի աճը կանխելու
համար: Ասում են՝ նրանք ինտերնետից են տեղեկացել, որ «արտաշատցու խաց ուտողը բալա
չի բերում»: Մարզի պատասխանատուները նախ զարմացան, հետո ծիծաղեցին եւ պարզաբանեցին,
որ եթե նույնիսկ այդպես լիներ, չինացիները պանիր պետք է արտահանեին եւ ոչ թե լավաշ.
ագռավը պատժվել էր արտաշատցու պանիրը գողանալու համար: Վերջինս էլ, ի պատասխան՝ գողացել
էր ագռավի ձվերը, խաշել դրանք եւ նույնությամբ տեղավորել բնում: Ագռավի աչքն էլ ջուր
էր կտրել ձագերին սպասելով: Այդուհանդերձ, կրկին անդրադառնանք փառատոնին եւ
տեղեկացնենք, որ կարոտաբաղձության հաջորդ կանգառը Սյունիքում է լինելու: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ