Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե՝ չինակա՞ն արտադրության է

Հուլիս 26,2005 00:00

Այսպես է Վրաստանում գտնվող վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արձագանքել ԱՄՆ նախագահի ուղղությամբ նետված «հայկական արտադրության» նռնակի մասին հարցին. «Ինչո՞ւ է նռնակը արտադրված Հայաստանում, միգուցե՝ Չինաստանո՞ւմ»:

Հայաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Հուլիսի 24-ին Անդրանիկ Մարգարյանը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին հանդիպումներ են ունեցել Նինոծմինդայում, Ախալքալաքում եւ այլն: Բոլոր բնակավայրերում մարդկանց հուզում էին գրեթե նույն խնդիրները՝ հայկական դպրոցների վերանորոգում ու նոր դպրոցների կառուցում, դրանք անհրաժեշտ դասագրքերով ապահովում, չափազանց անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների բարելավում, առողջապահական հիմնարկների վերանորոգում եւ այլն: Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, թե նախատեսվում է Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի քննարկում. «Ծրագրերում տեղ են գտել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ կրթության, ե՛ւ առողջապահության, ե՛ւ մշակութային խնդիրներ: Դրանք իրենց լուծումները կգտնեն մոտակա տարիներին՝ հաշվի առնելով թե՛ հազարամյակի ծրագրով, թե՛ Վրաստանի կառավարության նախատեսած հատկացումները: Խնդիրն այն Է, որ Ջավախքում ստեղծվեն կյանքի բնականոն պայմաններ: Եվ այն ծրագրերին, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է այստեղ իրականացնել, Հայաստանն իր աջակցությունը կբերի, կհամատեղվեն ջանքերը»:

Հայաստանի վարչապետը նաեւ հայտնել է. «Վրաստանի կառավարությունը մեր նախորդ հանդիպումների, զրույցների ժամանակ նշել է, թե աջակցելու է մեզ՝ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը բացելու խնդրում: Վրաստանի համար էականն այն է, որ այս տարածքը կապվի Թուրքիայի հետ: Բնականաբար, շատ ավելի էժան եւ ձեռնտու կլինի եղածը վերագործարկել, քան հսկայական գումարներ ներդնել՝ նոր գիծը կառուցելու համար»:

Աշխատանքային այցի շրջանակներում Անդրանիկ Մարգարյանը եւ Զուրաբ Նոգաիդելին Գանձայում մասնակցել են Վահան Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Տոնակատարությանը մասնակցող բոլոր ջավախքահայերին ուղղված իր շնորհավորական խոսքում ՀՀ վարչապետն ասել է. «Շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ հաջողություններ եւ ամենակարեւորը՝ համբերություն: Իսկ ամենագլխավորը՝ որպեսզի դուք կարողանաք տեր կանգնել ձեր պապերի գերեզմաններին, տեր կանգնել այս հողին, տեր կանգնել այն ազգային արժեքներին, որ մենք ունենք, միաժամանակ, լինեք այնքան խոհեմ, այնքան իրատես, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի լինելով՝ երկու պետությունների հարաբերությունները եւ երկու պետությունների՝ դարերից եկող բարեկամությունը չխաթարվի, անկախ ցանկացած ուժի սադրանքներից ու ցանկություններից: Մենք ենք վրաց ժողովրդի հետ մեր ապագան կերտելու, մենք ենք մեր ձեռքով մեր պետությունները հզորացնելու»:

Ըստ լրատվական գործակալությունների հաղորդագրությունների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել