Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ «ՏԱՔ» ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱԿ-Ի «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

Հուլիս 26,2005 00:00

ՀՅԴ
Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը հակադարձում է ՄԱԿ կուսակցության
նախագահ Գուրգեն Արսենյանին: Միավորված աշխատանքային կուսակցության քաղխորհրդի
վերջին ընդլայնված նիստում Գուրգեն Արսենյանը գաղափարական հակառակորդ հռչակեց Դաշնակցությանը,
վարչական հակառակորդ՝ ՀՀԿ-ին, մասամբ էլ՝ ՕԵԿ-ին: «Եթե որեւէ կազմակերպության հայտարարում
ես քո գաղափարական հակառակորդը՝ պիտի ինքդ առնվազն ինչ-որ հարցում գաղափարական լինես,-
արձագանքելով այս մարտահրավերին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը:- Ճիշտն ասած,
անձամբ Գուրգեն Արսենյանը եւ նրա բավական հաջողված «բիզնես-ծրագիր» ՄԱԿ-ը մինչ այժմ
աչքի չեն ընկել գաղափարախոսական ինչ-որ առանձնահատկությամբ, որի հիման վրա կարելի
լիներ որեւէ մեկին, այդ թվում նաեւ՝ ՀՅԴ-ին, համարել այդ կուսակցության գաղափարական
հակառակորդ: Գուրգեն Արսենյանը նույն հաջողությամբ կարող էր իր հակառակորդը հռչակել
Հայաստանի ցանկացած կազմակերպության, որն ունի գաղափարախոսություն: Արսենյանը շփոթում
է բիզնեսը եւ քաղաքականությունը ու հաջողված «բիզնես-ծրագրի» շնորհիվ կյանքի կոչված
ՄԱԿ-ը համարում այս կամ այն քաղաքական ուժին գաղափարական այլընտրանք»: Սպարտակ Սեյրանյանը
հեշտ բացատրելի համարեց «հակառակորդների» նման տարբերակման պատճառը. «Ես հասկանում
եմ ՀՅԴ մասին նման ձեւով խոսելու տրամաբանությունը: Բիզնեսով զբաղվող մարդ է եւ շատ
լավ հասկանում է, որ մենք լծակներ չունենք իր վրա հարկային, վերստուգիչ, իրավապահ
եւ այլ մարմիններ ուղարկելու: Եվ իր բիզնեսի ոլորտում մեր պարագայում ինքը չի ունենալու
որեւէ խնդիր: Իսկ նման խնդիրներ հնարավոր է՝ առաջանային, եթե նա ընդամենը վարչական
հակառակորդ չհռչակեր ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին»: Գուրգեն Արսենյանը խոստացել է փաստեր
հրապարակել չարաշահումների վերաբերյալ: Եվ առաջին նման «կոմպրոմատը» հրապարակվելու
է Դաշնակցության դեմ: ՄԱԿ-ի ղեկավարը բացահայտել է, որ իրենք այժմ փաստեր են հավաքում
առողջապահության ոլորտին առնչվող վարկային մի ծրագրի չարաշահումների եւ վատնումների
մասին: Իսկ առողջապահության նախարարը, հայտնի է, դաշնակցական է: Արձագանքելով այս
մի մարտահրավերին՝ Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Գուրգեն Արսենյանը երեւի չի կարողացել
վերջնականապես պարզել ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող իր հնարավորությունները:
Եթե նա գիտի այս կամ այն գերատեսչության աշխատանքներում ինչ-որ թերացումների եւ սխալների
մասին, իբրեւ ԱԺ պատգամավոր՝ իր պարտքն է դրանց մասին խոսելը: Իսկ թե՛ մեր կուսակցությունը,
թե՛ առողջապահության նախարարը շատ շահագրգիռ են լսել այդ թերացումների մասին, եւ
եթե նա ունի ինչ-որ առաջարկներ՝ նաեւ քննարկել դրանք: Բայց տարօրինակ է, թե ինչո՞ւ
է պրն Արսենյանն աշխատանքային բնականոն գործունեությունը ներկայացնում իբրեւ «կոմպրոմատների»
պատերազմ: Երեւի սա վկայում է այն մասին, որ նա այնքան էլ լավ չի պատկերացնում իր
դերն իբրեւ ԱԺ պատգամավոր ու քաղաքական կուսակցության ղեկավար»: Գուրգեն Արսենյանը
նաեւ խոստացել է, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ
ՄԱԿ-ը պայքարելու է Դաշնակցության դեմ՝ եթե մի համայնքում ՀՅԴ-ն թեկնածու ունեցավ
կամ հայտարարեց որեւէ մեկին պաշտպանելու մասին, ՄԱԿ-ը նույնպես կառաջադրի իր թեկնածուին
կամ կպաշտպանի որեւէ մեկին։ «Սրա մեջ չեմ տեսնում որեւէ «պատերազմական» տրամաբանություն,-
հեգնեց պրն Սեյրանյանը:- Մենք մեր թեկնածուներն ենք ունենալու ՏԻՄ ընտրություններում:
Եթե ՄԱԿ ղեկավարը պատրաստվում է նույն տեղերում իր պաշտպանյալներն ունենալ՝ իր անձնական
գործն է: Ուղղակի հետաքրքիր է՝ Գուրգեն Արսենյանը կարծում է, թե ինքը ֆինանսապես
հնարավորություն կունենա՞ այդ բոլոր տեղերում նորից ընտրակաշառք բաժանելով թեկնածուներ
անցկացնել… Եթե նա հերթական անգամ փորձելու է փորձարկել իր «բիզնես-ծրագիրը»՝ խնդիր
չունենք»: ՀՅԴ ԳՄ անդամն այս տեսանկյունից մեկնաբանեց նաեւ ՄԱԿ ղեկավարի հետեւյալ
հայտարարությունը՝ «Ընտրությունների արդյունքների վրա ոչ ոք չպետք է կարողանա ազդել:
Քվեատուփերում ինչ կա, այն էլ պետք է հրապարակվի: Դրսում ինչ ուզում են՝ թող անեն,
ինչքան ուզում են՝ սելիտրա բաժանեն, մարդկանց հետ ոնց կաշխատեն՝ թող աշխատեն: Արդյունքները
չպետք է կեղծվեն»: Ի պատասխան՝ Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Այսինքն՝ ինքն էլի առաջվա
նման ուզում է փողով առնի, բայց ներսը ձեռք չտաք, էլի: Կարելի է կարծել՝ քվեատուփի
մեջ հայտնվածը դրսում փող բաժանելու արդյունքում չէ»: Գուրգեն Արսենյանը իր
հարցազրույցներից մեկում կշտամբել էր կոալիցիային. «Երբ իրենք կարող էին հանդես գալ
գործընկերոջ դերում, չարեցին, նախընտրեցին «նաչալնիկի» դերը: Մենք իրենց բացատրեցինք,
որ ընդհանուր թիմով եղել ենք Քոչարյանի թեկնածության պաշտպանողը, եւ դուք որոշեցիք,
որ այդ թիմից երեքդ ավելի կարեւոր եք, քան ՄԱԿ-ը: Դուք մերժեցիք մեր «գործընկերություն
հանուն խաղաղության» առաջարկը: Այդ դեպքում՝ սառը պատերազմ»: Մեր հարցին՝ ընդունո՞ւմ
է, թե կոալիցիան է իր պահվածքով թիմակիցներին մղել ընդդիմության ասպարեզ՝ Սպարտակ
Սեյրանյանը պատասխանեց. «Ո՛չ: Այստեղ պրն Արսենյանը կամա-ակամա խոստովանում է մի
իրողություն, որը ցավալիորեն տեղ է գտել Հայաստանի քաղաքական դաշտում, եւ ոչ միայն
ներկա իշխանության, այլ նաեւ՝ նախորդի օրոք, ու կարծում եմ՝ առաջիկայում էլ կունենանք
այդ խնդիրը: Մարդը գտնում է, որ եթե քաղաքական ինչ-որ ուժերի հետ միասին պաշտպանել
է որեւէ թեկնածուի, ապա հետո պիտի ստանա իր պաշտպանելու համար համարժեք վճար, փոխհատուցում:
Կոալիցիոն ուժերը միավորվել են ոչ թե որոշակի անձի, այլ ծրագրի շուրջ, եւ գործում
են դրա շրջանակներում»: Գուրգեն Արսենյանը նաեւ դա էր պնդել, թե Ռոբերտ Քոչարյանի
հռչակած նախընտրական ծրագիրը «տորպեդահարվել է» կոալիցիայի կողմից: «Սա իր մեկնաբանության
խնդիրն է,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:- Կարող է նայել կոալիցիայի հուշագիրը եւ
տեսնել՝ այնտեղ ամրագրված դրույթներն իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց նեղացվածությունն
այն հանգամանքից, որ ընտրություններից հետո ինքն իր ծառայությունների դիմաց բան չի
ստացել՝ քաղաքական հարթությունում չէ: Դարձյալ նույն «բիզնես ծրագիրն» է. ինչ-որ
ներդրում եմ կատարել ընտրությունների ժամանակ՝ բարի եղեք համարժեքը վճարել, այլապես
գնում եմ ընդդիմություն, ձեզ էլ հայտարարում «սառը պատերազմ»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել