Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՂԱՎՈՐՎԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵՋ»

Հուլիս 26,2005 00:00

Խորհրդարանական
ընդդիմության երկու թեւերը՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները,
դեռ պատրաստվում են սահմանադրական քննարկումներին իրենց մասնակցության մասին հանդես
գալ հատուկ հայտարարություններով, իսկ կոալիցիոն ուժերի համար ամեն ինչ հստակ է:
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ «Ճիշտ է, այս նախագծի (սահմանադրական փոփոխությունների.-
Մ. Ե.) հեղինակը դե-յուրե կոալիցիան է, սակայն այն կարելի է ավելի շատ համարել համաձայնեցված
ընդհանուր նախագիծ: Եթե հարցին այդպես մոտենանք, կպակասեն ավելորդ խանդի տեսարանները,
ավելորդ էմոցիաները, եւ մենք առավել արդյունավետ կպատրաստվենք հանրաքվեի՝ ամեն ինչ
անելով, որ այն անցնի հաջողությամբ: Եվ օգոստոսի 29-ին կֆիքսվի այն իրողությունը,
որ արդեն ձեռք բերված համաձայնությունը կհաստատվի երկրորդ ընթերցման ժամանակ: Ես
կուզենայի, որ ընդդիմությունը մասնակցեր այդ ամենին եւ ոչ թե կողքից դիտեր կամ գնահատականներ
տար եւ քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով իրեն այս ամենից մի կողմ դներ: Լավ կլիներ,
որ ընդդիմությունը մտներ այս գործի մեջ, քանի որ դրանից կշահի փաստաթուղթը: Սա շատ
օգտակար կլինի երկրի համար էլ, քաղաքական հարաբերությունները պարզեցնելու իմաստով
էլ, ես կասեի, սա բացառիկ հնարավորություն է: Եթե չգան, իրենք փաստորեն իրենց դուրս
կդնեն այս գործընթացից, այսինքն՝ իրենք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների
մոտ այլեւս ընկալելի հիմնավորում չեն ունենա: ԵԽԽՎ այս փաստաթուղթը շատ լավ ճանապարհի
ուղեցույց է ու շատ հստակ գծել է յուրաքանչյուրի ճանապարհը, կարելի է դրանով առաջնորդվել՝
համարելով, որ դա անկողմնակալ, որեւէ մեկի շահը չհետապնդող կազմակերպության դիտարկումն
ու գնահատականն է»: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին
հարցրինք՝ ի՞նչ կլինի, եթե իսկապես եվրոպական կառույցներից լսենք. «Ուշադրություն,
դռները փակվում են» զգուշացումը: Ըստ պարոն Սահակյանի, դռները մեզ համար ոչ թե փակվում
են, այլ՝ բացվում. «Խնդիրը ոչ թե փակվելու եւ բացվելու մասին է, այլ՝ եվրոպական չափորոշիչների
մեջ տեղավորվելը, առավել եւս, վերջին հաշվով, շատ բնական եմ համարում, որ բոլոր քաղաքական
ուժերը չեն, որ կարող են բարեփոխումների կողմնակից լինել: Դա կարող է տարբեր պատճառներ
ունենալ, իսկ ինձ համար միանշանակ է, որ հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը,
որոնք ժողովրդի մեջ մեծ համարում ունեն, հետեւաբար՝ մեծ էլ պատասխանատվություն, եւ
իրենց պատասխանատվությամբ հանդերձ պիտի որդեգրեն ժողովրդավարության քաղաքականությունը»:
Ո՞ր ուժերին նկատի ունի պարոն Սահակյանը, արդյո՞ք իրենց՝ իշխանության մեջ գտնվողներին:
Պարզվեց՝ ոչ միայն. «Հիմնականում նկատի ունեմ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին,
եւ ինչո՞ւ չէ, նաեւ՝ արտախորհրդարանական որոշ ուժերի: Ընդդիմադիր՝ ոչ թե բարեփոխումներին,
այլ իրենց քաղաքական կեցվածքով, այսօր ունենք երկու ուժ, որոնք վերջնականապես հայտարարել
են իրենց դիրքորոշումը, մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունն է, մեկը՝ ՀՀՇ-ն:
Սրանք էլ կարծում եմ, ոչ թե բարեփոխումներին են ընդդիմադիր, այլ իրենց կուսակցական
խնդիրներն ունեն: Ինչեւէ, Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքն արդեն ունենք, առաջարկվել
է նաեւ, որ կառավարության կառուցվածքն էլ Աժ-ում հաստատվի, դա քննարկվելի է: Կարծում
եմ, պետք է ընդհամենը լավ աշխատենք, եւ իրար համոզենք, որ այն, ինչ վերաբերում է
պետության ճակատագրին, չի կարելի կապել կուսակցական նեղ շահերի հետ»: Իսկ եթե ընդդիմությունը
որոշի, որ իր առաջարկներն ամբողջությամբ չեն ընդունվել, եւ ինքը չի ուզում մասնակցել
քննարկումներին, ի՞նչ կլինի այդ դեպքում: Արմեն Ռուստամյանի համար պարզ է, որ ընդդիմությունն
այդպիսի բան չի անի, թեպետ. «Ամենավտանգավորն այն է, որ այս պահին յուրաքանաչյուր
քաղաքական ուժ իր մասին է մտածում: Ժողովրդին պետք է բացատրել, որ որոշ ուժեր այս
ամենի լուծումը տեսնում են հեղափոխական ձեւով, մենք տեսնում ենք գործընթացների եւ
հիմքեր լինելու պայմաններում՝ փոփոխությունների հասնելու ձեւով: Պիտի ասեմ, որ քաղաքական
ուժերն առանձին-առանձին իրենց վրա շատ մեծ բան են վերցնում, որ իբր սահմանադրության
միակ ելքերը որոշողներն իրենք են: Իրականում, սահմանադրական բարեփոխումների ելքը
կորոշվի, երբ տրամաբանորեն հիմնական քաղաքական ուժերը կհամագործակցեն»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել