Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սալիկաթափ՝

Հուլիս 23,2005 00:00

Սալիկաթափ՝ «Բարեկամության» անցումում Մոտ մեկ մետր լայնությամբ բազալտե այս սալիկները (տե՛ս լուսանկարը) սպառնում են ընկնել «Բարեկամություն» մետրոյի անցումներով ելումուտ անող մարդկանց գլխին: Խորհրդային տարիներից վերանորոգման երես չտեսած անցումների պատերը սալիկաթափ են լինում: Մասնավորապես սարսափելի վիճակում է դեպի Մերգելյան ինստիտուտ տանող անցումը: Քարերը անջատվել են ընդհանուր պատի երկաթբետոնից եւ ամեն վայրկյան կարող են թափվել, չհաշված, որ ընկածներ էլ կան, որոնց տեղերը դատարկ են մնացել՝ փչացնելով գեղագիտական տեսքը: «Բարեկամություն» մետրոյի հրապարակը ծանրաբեռնված է ավտոմեքենաներով ու մարդկանցով: Այդ հատվածով օրական հազարավոր մարդիկ են անցնում: Էլ չենք ասում, որ հենափայտով կամ տարեց մարդիկ չկարողանալով իջնել կամ բարձրանալ անցումի մեկումեջ բացակայող աստիճաններով, կառչում են պատերից՝ վտանգի ենթարկելով իրենց: Բարեհաջող հաղթահարելով անցումի մուտքը, մարդիկ հայտնվում են մութ տարածությունում: Մինչեւ ընդհանուր գետնանցում հասնելը մի որոշակի հատված չի լուսավորվում հերիք չէ, հատակը խորդուբորդ է, այստեղ եւս հատակի սալիկները պոկված են ու ջարդված: Մարդկանց քայլելու համար մի քանի սանտիմետր տարածք է հատկացված, քանի որ այդ մասում են կայանում գետնանցումի սննդի եւ հագուստի վաճառքի կետերի ապրանք տեղափոխող երկաթե հսկայական սայլակներն ու կշեռքները: Դրանց վրա ընկնելու հավանականությունն էլ է մեծ, հատկապես այն ժամանակ, երբ ցերեկվա լույսից մտնում ես մութ անցում: Գետնանցումի այդ մասում երբեմն թափվում են սննդի մնացորդներ, ուշ ժամերին էլ այն որպես զուգարան է ծառայում, ինչը ապահովում է շուրջօրյա գարշահոտություն: Մինչեւ ընդհանուր գետնանցում մտնելը, այդ հատվածով անցնելիս մարդիկ շունչը պահած են անցնում, քանի որ այստեղ էլ նրանց բաժին թթվածինը համեմված է լինում գետնանցումում տեղակայված պոնչիկ-պերաշկու «արտադրամասերից» արձակվող ձեթի, աղացած սուրճի, ապխտած ձկան, հոտած պանրի, խորովածի եւ այլ հոտերով: Ընդամենը մեկ պտույտը բավական է, որպեսզի ոտքից գլուխ օծվես այդ «բուրմունքներով»: Ձայնագրման կետերից արձակվող անճաշակ երաժշտությունն էլ «նպաստում» է, որպեսզի մոռանաս, թե ինչի համար ես անցում մտել: Գետնանցումների տեսքի, լուսավորության, սպասարկման կետերի պատասխանատուն թաղապետարաններն են, տվյալ դեպքում՝ Արաբկիրի թաղապետարանը: Հատկապես «Բարեկամություն» մետրոյի անցումը առեւտրի կետերի, սննդի օբյեկտների ծանրաբեռնվածությամբ գերազանցում է մայրաքաղաքի մնացած անցումներին: Ընդհանրապես, մեր քաղաքում անցումները դադարել են բուն նպատակին ծառայել: Շատ դեպքերում մարդիկ հիմնականում գետնանցում են մտնում առեւտուր անելու, ոչ թե անվտանգ փողոցն անցնելու կամ մետրոյից օգտվելու նպատակով: Իհարկե, քաղաքապետի ցուցադրական շրջայցերի ժամանակ անցումներում առեւտրի տաղավարները մետրերով հետ են քաշվում: Քաղաքի մի շարք անցումներով էլ մարդիկ խուսափում են անցնել՝ հակասանիտարական վիճակի եւ վտանգավոր լինելու պատճառով: Օրինակ, «Ձկան խանութի» մերձակա, «Լամբադա» կամրջի անցումները, որոնք «անմարդաբնակ» են եւ հանցագործների, նարկոմանների, մանյակների գործունեության համար «նպաստավոր»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել