Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Հուլիս 23,2005 00:00

Ո՞Վ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՆԱՁՈՐԸ Թեեւ Վանաձորի քաղաքապետի ընտրությանը դեռ երեք ամիս ժամանակ կա, սակայն արդեն շրջանառության մեջ են ապագա թեկնածուների անունները: Գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանից բացի, ենթադրվում է, թե իրենց ուժերը կփորձեն նաեւ էլցանցի ղեկավար Կարեն Սարիբեկյանը, հարկային ծառայության նախկին պետ Արմեն Սարուխանյանը: Այս տեղեկությունը ճշտելու մեր խնդրանքին ի պատասխան պրն Սարիբեկյանը պատասխանեց. «Դեռ նման բան չկա», իսկ պրն Սարուխանյանը՝ «Դեռ չեմ որոշել»: Երրորդ թեկնածուի՝ «Ավտոմատիկա» գործարանի սեփականատեր Գագիկ Հովսեփյանի գրասենյակից մեզ հայտնեցին, թե նա առաջադրելու է իր թեկնածությունը: Իսկ «Հայփոստ»-ի Լոռու ներկայացուցչության ղեկավար Էդվարդ Խլղաթյանն անձնապես հաստատեց, թե մասնակցելու է ընտրություններին: Վերջինս այժմ էլ Վանաձորի համայնքի ավագանու անդամ է եւ քաղաքի կառավարման առումով ունի որոշակի դժգոհություններ. «Շատ հարցերի առնչությամբ ավագանին էլ է անտեղյակ լինում, թե Վանաձորի տարբեր մասեր ինչպես են օտարվում, եւ քաղաքը դառնում առեւտրի կենտրոն: Բայց եթե այսօր մոռանանք մշակույթը, անտեսենք մշակույթի աշխատողներին ու զբաղվենք միայն առեւտրով՝ երեխան ի՞նչ պիտի տեսնի եւ վաղն ի՞նչ կդառնա»: Էդվարդ Խլղաթյանը պնդում է, թե շատ հարցեր կան, որ այժմ չեն լուծվում. «Քաղաքի այն շենքերի նկատմամբ, որոնց մի մասը սեփականաշնորհված է, մյուս մասն էլ՝ համայնքային սեփականություն, կարող ենք ուշադրություն դարձնել հաշվարկները ճիշտ կատարելով: Ասենք, տանիքները նորոգենք ոչ թե թանկարժեք մետաղով՝ ցինկով թիթեղապատելով, այլ սովորական շիֆերով»: Մնացածը նա կասի նախընտրական քարոզչության ընթացքում: Վանաձորի քաղաքապետի հավակնորդների ցուցակը, բնականաբար, ամբողջական չէ: Բացառված չէ, որ իրենց թեկնածուներին առաջադրեն նաեւ կուսակցությունների ներկայացուցիչները: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել