Երկխոսության տեղական մակարդակը «Հզոր Հայրենիք» կուսակցության տեղական կառույցի նախաձեռնությամբ շուրջ 2-3 ամիս առաջ Վանաձորում ստեղծվել էր Քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների երկխոսության ակումբ: Նախաձեռնողները, որ ԱԺՄ, ՍԻՄ, «Արմատ», «Ազգային միաբանություն», ՀՀՇ, ՄԱԿ-ի եւ ԱԻՄ-ի տարածքային կառույցներն են, հայտարարության մեջ նշել էին, թե ակումբի նպատակն է համատեղ քննարկումներ կազմակերպել հասարակությանը հուզող հարցերի շուրջ. «Համաձայնության գալու դեպքում՝ հանդես գալ համատեղ հայտարարություններով ու գործողություններով»: Նաեւ նշել էին, թե ցանկանում են համատեղ ուժերով նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու կայացմանը, հասարակական ու քաղաքական կառույցների երկխոսության ակտիվացմանը, բացասական երեւույթների դեմ համատեղ գործողությունների մշակմանը: ՄԱԿ-ի տեղական կառույցի ղեկավար Տիգրան Սահակյանը մեզ հայտնեց, թե ակումբի անդամներն ամիսը 2 անգամ հավաքվում եւ քննարկում են վանաձորցիներին հուզող խնդիրներ. «Քաղաքական հարցեր չեն քննարկվում»: Մասնավորապես նշեց, թե քննարկում են քաղաքի բարեկարգման կամ շինարարությանն առնչվող հարցերը, առկա թերությունները. «Բավարա՞ր է, թե՞ ոչ քաղաքի մաքրությունը: Իհարկե, այն բավարար չէ»: Կարեւորվում են նաեւ բնապահպանական խնդիրները. «Այսօր Վանաձորում իրականացվող շինարարության հետեւանքը նաեւ ծառահատումներն են: Պուրակներում կառուցվում են շինություններ եւ խանութներ»: Քաղաքի իշխանությունների հետ ակումբի համագործակցությունը, մեղմ ասած, չի ստացվում: «Մի հարցի շուրջ էլ հակադրություն եղավ,- պատմեց պրն Սահակյանը:- Վանաձորի Արցախ պուրակում կինոթատրոնի կառուցման դեմ մի քանի կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ»: Ակումբն այժմ քննարկում է բուհերի վճարովի համակարգի սակագների չափերի հարցը, եւ բացառված չէ, որ հայտարարություն լինի նաեւ այս կապակցությամբ: Ա. Ի.