Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը

Հուլիս 23,2005 00:00

ՄԱԿ-Ը ՄԱՏ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ Եթե չստացվի՝ փաստաթղթեր թափ կտա Երեկ կայացած քաղխորհրդի ընդլայնված նիստում Միավորված աշխատանքային կուսակցությունը որոշում կայացրեց «ակտիվորեն մասնակցել» աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նմանօրինակ որոշման պատճառն այն է, որ իշխանության գալու եւ իր ծրագրերն իրականացնելու միակ ճանապարհը ՄԱԿ-ի համար ընտրություններն են: Սա, իհարկե, չի նշանակում, որ ՄԱԿ-ը Հայաստանում արտահերթ եւ արտակարգ իրավիճակները բացառում է: Նրանք «սեւ օրվա» համար էլ «պլան» ունեն: Իսկ մինչ այդ ՄԱԿ-ը «սառը պատերազմ» է հայտարարում կոալիցիային, եւ ինչպես արտահայտվեց Գուրգեն Արսենյանը՝ շարունակելու են «չորով»: Ըստ այդմ, կուսակցության գաղափարական հակառակորդը լինելու է ՀՅԴ-ն, ադմինիստրատիվ հակառակորդը՝ ՀՀԿ-ն, մասամբ էլ՝ ՕԵԿ-ը: Պարոն Արսենյանի ականջին շշուկներ են հասել, որ «որոշ մարզպետներ իրենց իրավունք են վերապահում դուրս գալ իրենց վերապահված գործառույթների շրջանակից: Դա կարող է բերել իրավական հետեւանքների այդ մարզպետների նկատմամբ: Այն, ինչը վստահված է մարզպետին, որպես պետական կառավարման գործառույթ, չի կարելի ՏԻՄ ընտրությունների ժամանակ կիրառել որպես լծակ: Եթե տարածքներում վարկային ծրագրեր են իրականացվում՝ մարզպետն իրավունք չունի շանտաժի ենթարկել համայնքի ղեկավարներին, թե՝ եթե ձեզ իմ ասածով չպահեք, վարկային ծրագրերից դուրս կմնաք: Ես հիմա նախազգուշացում եմ հնչեցնում. եթե այդ մարդիկ շարունակեն նման գործունեությամբ հանդես գալ, այդ դեպքում կհնչեցնենք անունները եւ համապատասխան գործընթաց կսկսենք նրանց դեմ՝ իրավապահ մարմիններում»: Առաջին կոմպրոմատը կհրապարակվի ՀՅԴ-ի դեմ: Գ. Արսենյանի փոխանցմամբ՝ իրենք այժմ փաստեր են հավաքում ԱԺ-ին ներկայացված համապետական նշանակություն ունեցող առողջապահության ոլորտին առնչվող վարկային մի ծրագրի չարաշահումների եւ վատնումների մասին: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարը ներկայացնում է ՀՅԴ-ն: «Այդ ծրագիրը սպասարկեց կոալիցիայի անձնական շահը»,- հայտարարեց պարոն Արսենյանը: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՄԱԿ-ը ընդդեմ Դաշնակցության կպայքարի նաեւ ընդդիմության հետ համաձայնեցված ու համագործակցելով: Բայց եթե մի համայնքում ՀՅԴ-ն թեկնածու ունեցավ կամ հայտարարեց որեւէ մեկին պաշտպանելու մասին, ՄԱԿ-ը նույնպես կառաջադրի իր թեկնածուին կամ կպաշտպանի որեւէ մեկին։ Կուսակցության կառույցների ղեկավարները, վարչության անդամները հրահանգ ստացան հնարավորություն չտալ հանրապետականներին ՏԻՄ ընտրությունների ժամանակ օգտագործել իրենց ունեցած ադմինիստրատիվ ռեսուրսը: «Ընտրությունների արդյունքների վրա ոչ ոք չպետք է կարողանա ազդել: Քվեատուփերում ինչ կա, այն էլ պետք է հրապարակվի: Դրսում ինչ ուզում են՝ թող անեն, ինչքան ուզում են՝ սելիտրա բաժանեն, մարդկանց հետ ոնց կաշխատեն՝ թող աշխատեն: Արդյունքները չպետք է կեղծվեն»,- կուսակիցներին հանձնարարեց Գ. Արսենյանը: Հակառակ պարագայում սպառնաց, որ հանրապետականների դեմ ունեցած կոմպրոմատներն էլ կհրապարակեն: ՕԵԿ-ի դեմ կօգտագործվի իրենց իսկ պոպուլիզմը: ՄԱԿ-ականները ժողովրդին կհիշեցնեն, թե ինչքան եւ ինչ խոստումներ է տվել այդ կուսակցությունը եւ չի կատարել: Պայքարի այս ձեւից զատ, սեպտեմբեր ամսից սկսած՝ ԱԺ-ում ՄԱԿ-ը կոալիցիա երեւույթի դեմ ընդհանուր պայքար էլ կսկսի՝ ԱԺ ամբիոնից ներկայացնելով նրա՝ 2004-2005 թթ. գործունեությունը: ՄԱԿ-ը պատրաստվում է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել «արմատական օրենսդրական նախաձեռնություններ». ենթադրաբար դրանք միտված են լինելու մեր կյանքը վարդագույն դարձնելուն: Եվ քանի որ ՄԱԿ-ում վստահ են, որ կոալիցիան «դեմ» է քվեարկելու այդ նախաձեռնություններին, այդ իսկ պատճառով մեր կյանքը վարդագույն չի դառնալու: Ուստի՝ «կստիպենք, որ կոալիցիան քվեարկությունով խոստովանի իր չկայացածությունը, որովհետեւ եթե մերժում են լավ բանը, ուրեմն իրենք վատի կողմն են»,- ասում է պարոն Արսենյանը: Ի դեպ, Գավառ, Մասիս, Բերդ քաղաքներում ՄԱԿ-ը կներկայացնի քաղաքապետի սեփական թեկնածուներին: Երեւանի Արաբկիր համայնքում այս անգամ կուսակցությունը թաղապետի թեկնածու կառաջադրի կուսակցության գործադիր վարչության տնօրեն Դավիթ Գյուլումյանին: Նախորդ ընտրություններում ՄԱԿ-ը պաշտպանում էր գործող թաղապետ Լեւոն Հարությունյանին: «Ինչո՞ւ եք իրար դավաճանել» հարցին Գուրգեն Արսենյանը պատասխանեց, որ կուսակցությունը թիմային աշխատանքի կողմնակից է, իսկ պարոն Հարությունյանը՝ հակառակը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել