Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ

Հուլիս 23,2005 00:00

Վերջերս, ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միջազգային ասպարեզներում հայաստանցի մարզիկների մրցելույթների արդյունքները, Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը խոսեց նաեւ սպորտի պետական կառույցի հետագա անելիքների մասին:

Նա անչափ կարեւորեց հատկապես լողային մրցաձեւերի եւ հրաձգության դերն ու նշանակությունը՝ տեղեկացնելով, որ այսօր կա կառավարության որոշում, որը վերաբերում է սպորտում այդ երկու մարզաձեւերի գերակա խնդիրներին: «Ավելորդ է ասել, թե այս մարզաձեւերը մեր հանրապետության համար կիրառական ինչպիսի կարեւոր նշանակություն ունեն եւ հիմա ինչ վիճակում են գտնվում, -ասաց նա:- Գաղտնիք չէ, որ թե լողը, թե հրաձգությունը որպես մարզաձեւեր գործում են միայն մայրաքաղաքում: Դրանց աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով սպորտի պետական կառույցում կազմվել է համապատասխան ծրագիր, որն ուղարկվել է արդարադատության եւ ֆինանսների նախարարություններ՝ հաստատելու: Ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այդ ծրագիրը մտել է կառավարության պլանների մեջ: Մենք հաշվառել ենք եղած բազաները, ուսումնասիրել մարզերում տիրող իրավիճակը, եղած հնարավորությունները եւ ըստ առաջնահերթության սկզբունքի կազմել մարզերում նշածս մարզաձեւերի արմատավորման ու զարգացման ժամանակացույց: Մասնավորապես, առաջիկայում հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ գոտիներում նախատեսվում է կառուցել 30-40 հրաձգարան: Ինչ վերաբերում է լողային ձեւերին, առկա բազաների հետ կապված, դրանց աշխատանքներն սկսվելու են Երեւանից, որից հետո, հույս ունենք, անցնել նաեւ շրջաններ: Հուրախություն երեւանցիների, վերջապես շինարարները մուտք կգործեն «Դինամո» մարզական ընկերության համալիր լողավազան, որը շատ երկար ժամանակ չի գործում: Դա կլինի 2006 թվականին: «Դինամոյի» վերակառուցման համար կառավարությունն արդեն հատկացրել է 250 միլիոն դրամ: Դրան հաջորդելու է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի՝ օղակաձեւ զբոսայգում գտնվող բացօթյա լողավազանի վերակառուցումը: Հետո նախատեսում ենք նոր լողավազան կառուցել Դավիթաշեն թաղամասում, որտեղ բնակվում են տասնյակ հազարավոր մարդիկ, սակայն չկա եւ ոչ մի լողավազան»:

Իրոք, թե լողը, թե հրաձգությունը մեր հարեւանների շրջապատում ու խախուտ խաղաղության պայմաններում Հայաստանի համար ռազմավարական ու կենսական նշանակություն ունեն: Ուստի պետությունը դրանց պետք է վաղուց ավելի մեծ ուշադրություն հատկացրած լիներ, քան նույնիսկ այսօրվա հենակետային մարզաձեւերին: Խնդիրն այնքան կարեւոր ու արդիական է, որ ոչինչ չպետք է խնայել: Փույթ չէ, եթե մարզական բարձր արդյունքներ, մեդալներ էլ չլինեն: Այստեղ առաջնահերթը մասսայականությունն է: Պատմությունն է թելադրում՝ հային առաջին հերթին պետք է կրակել եւ լողալ իմանալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել