Նշենք հայոց այբուբենի վերականգնման 1600-ամյակը
Բառերի նոր վերծանություններ
Այս տարին հոբելյանական է հայ ժողովրդի համար. նշվում է հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը: Այս առիթով ես վերստին ուզում եմ բարձրաձայնել մի խնդրի մասին: Գտնում եմ, որ 2005-ին պետք է տոնել ոչ թե հայոց գրերի ստեղծման, այլ հայոց այբուբենի վերականգնման հայտնության 1600-ամյակը, որը հիմնավորում եմ իմ տեսությամբ: Մասնագետներին եւ ոչ մասնագետներին առաջարկում եմ կարդալ իմ «Հայոց լեզուն թվերով, գրաբարը՝ օրենք, լեզվի ծագումը եւ Աստվածաշունչը» գիրքը:
Այս տեսությունը բացահայտում է հայոց աշխարհի մյուս ժողովուրդների լեզուների ծագումը եւ Աստվածաշնչի գիտական վերծանումը, որի համար որպես բանալի է ծառայում 4-5-րդ դարերի հայոց 36 տառերից բաղկացած դասական գրաբար Ա=1, Բ=2, Գ=3… Ց=6000, Ւ=7000, Փ=8000, Ք=9000 թվային համարժեքներով այբուբենը: Այբուբենը դիտվում է որպես բնական երեւույթների հատկանիշները բնութագրող կոդավորված համակարգ՝ ձայն (հնչյուն), գծապատկեր (տառ) եւ քանակ (թիվ): Տեսությունը խարսխվում է բնական Բարբառ լեզվի վրա, բխում է մարդ-բնություն-տիեզերք կապից, հիմնավորվում է հիմնարար գիտություններով՝ ըստ մաթեմատիկական օրինաչափությունների եւ Գրաբար հնչյուն-տառ-թիվ նույնականությամբ: Այս տեսությունը գիտական շրջանառության մեջ է դրվել 1985-ից, որի գիտամասսայական բնույթի հրապարակումները կայացել են 1987-ից՝ տեղական եւ արտասահմանյան մամուլում: 1998-2000թթ. սույն տեսությունը անցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության փորձագիտական հանձնաժողովի համապատասխան մրցույթով եւ պետական ֆինանսավորմամբ ու իմ ղեկավարությամբ տեղ է գտել Երեւանի մարդու ինստիտուտի գիտական թեմաների շարքում: Ցավոք, տեսության կայացմանը խանգարող լուրջ վտանգ են ներկայացնում բոլոր այն անձինք, ովքեր օգտվելով այս նոր ուղղության մասնավոր դեպքերից, պատճառաբանելով պատմությանը հայտնի օտարածին մեթոդներով, խեղաթյուրում են այն: Նոր տեսությամբ համաշխարհային լեզվագիտության մեջ առաջին անգամ իմ կողմից տրոհվել են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հայ եւ օտար բառարմատները, վանկային ու բնաձայն բառերը՝ ըստ հիմք եւ գործակից մաթեմատիկական հասկացությունների. բառ=2առ, գառ=3առ, բագ=2ագ, որտեղ «առ»-ը եւ «ագ»-ը հիմքեր են, իսկ նրանց կից բ=2, գ=3 տառաթվերը ի հայտ են գալիս որպես գործակից՝ ըստ դասական գրաբարի այբուբենի՝ Ա=1, … Ք=9000 թվային համարժեքներին: Այս տրոհման արդյունքում ստանում ենք բոլորովին այլ որակի հասկացություններ՝ ի դեմս հնչյունի՝ որպես բնական երեւույթի ձայն, տառի՝ որպես բնական երեւույթի պատկեր, թվի՝ քանակ, որտեղ ձայնի ընկալումը կատարվում է ըստ լսողության, պատկերը՝ տեսողության, քանակը՝ գիտակցության հաշվմամբ: Ընդ որում, եռատառ վանկային բառերի տրոհումից ստացված առ, ագ, ող, ուռ արմատական բառերը իրենցից ներկայացնում են մարդ-բնություն-տիեզերք փոխադարձ կապի արդյունք, բովանդակություն: Օրինակ, «բառ»-ը տրոհվում է բ-ի եւ առ-ի, այսինքն՝ 2առ: Նույն սկզբունքով «կող»-ը՝ կ եւ ող, այսինքն 60ող: Այն հուշում է, որ մարդու օրգանիզմում իսկապես ողնաշարի եւ կրծքավանդակի կողոսկրերի քանակը միասին կազմում է 60:
Վերցնենք Արարատ բառը. ԱՐ – արարում, ստեղծում:
ԱՐ=Ա:Ր=1×5000=5000 (Մեծ Մասիս)
ԱՏ=Ա:Տ=1×4000=4000 (Փոքր Մասիս):
Այս մեթոդի ստուգաբանմամբ ժխտվում է պատմահամեմատական լեզվաբանության պարտադրանքը Արարատ, Ադամ, Բագարատ, Բագ բառերի եբրայերենից-սեմականից հայերեն լեզվում փոխառության հանգամանքը:
Մեկ ուրիշ օրինակի մասին՝ Կ տառը որպես բնական որոշակի երեւույթ, խորհրդանշում է աջ ձեռքը դեպի վեր ձգած ուղղաձիգ կանգնած մարդու: Այսինքն Կ-ն այդ դիրքում կանգնած մարդու գծապատկերն է դիմացի ուղղահայաց հարթության վրա: Իսկ Կ=60 թիվը ցույց է տալիս նմանությամբ առնչվող մարմնամասերը մարդու մոտ: Կ տառը՝ որպես մարդու խորհրդանշանի հաստատող փաստ, կարող է ծառայել հետեւյալ հայկական բառերի շարքը. կին, կյանք, կամք, կիրք, կոչ, կոնք, կմախք, կոկորդ, կուրծք եւ այլն:
ՀՐԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Քանի որ թերթի մեկ հոդվածի սահմաններում հնարավոր չէր ներկայացնել հեղինակի հիմնավորումները, ստիպված այն տպագրում ենք կրճատումներով: Զերծ ենք մնում մեկնաբանություններից՝ խնդիրը թողնելով մասնագետներին: