Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ռիսկի է դիմում
Ավելի քան երկու տարի է՝ ինչ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի պաշտոնավարման ժամանակաշրջանում, դեսպանատունը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում հայաստանյան մշակութային կյանքին: Հիշեցնենք անցյալ տարի Օպերային թատրոնում կայացած «Վերդի. գալա համերգը», այս գարնանը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ Պուչինիի «Մադամ Բատերֆլայ», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերաների համերգային կատարումները եւ այլն:
Դեսպանատան աջակցությամբ այսօր Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում կներկայացվի Պուչինիի «Քույր Անժելիկա» եւ «Ջաննի Սկիկի» օպերաները՝ ստուդիայի գլխավոր ռեժիսոր, օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ: Նկատենք, որ հիշյալ օպերաները հազվադեպ են բեմադրվում աշխարհի առաջնակարգ թատրոններում:
Ներկայացման ռեժիսոր Հ. Հովհաննիսյանի հետ հանդիպման սկզբում, «Առավոտի» մտավախությանը, թե մեծ ռիսկ չէ՞ այս օպերաներին անդրադառնալը, մանավանդ որ, հիմնականում գլխավոր դերերգերում հանդես են գալու կոնսերվատորիայի ուսանողները, նա պատասխանեց. «Չեմ թաքցնի, մեծ ռիսկ է: Տեղեկացնեմ, որ օպերային երգիչները առաջին քայլերն անում են այստեղ՝ ստուդիայում եւ մենք ուղղակիորեն կապված ենք նրանց ուսումնական գործընթացի հետ: Ունենք տասը մեներգիչ, որոնց կողքին մեր խաղացանկի տարբեր ներկայացումներում (Հայդն՝ «Դեղագործը», Պերգոլեզի՝ «Սպասուհին՝ տիրուհի», Չիմարոզո՝ «Դիրիժորը», մոտ տասը ներկայացում) բեմ են բարձրանում կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետի ուսանողները, ասպիրանտները: Այս տարի առաջին անգամ, որպես պետական քննություն, ավարտական կուրսի ուսանողները (իհարկե՝ ոչ բոլորը) հանդես եկան ներկայացման մեջ: Ի վեջո, արվեստում մեծ է ու կարեւոր՝ ռիսկի գործոնը»: Շարունակելով միտքը, Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարիներին ստուդիայի ներկայացումները հաջողությամբ բեմադրվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում: Որպես պարտադիր ծրագիր, ստուդիայի ղեկավարությունը՝ սկսած անցյալ տարվանից, իր առջեւ խնդիր է դրել պարբերաբար հանդես գալ Արցախում:
Անդրադառնալով վերոհիշյալ երկու օպերաների պրեմիերային, ռեժիսորը նշեց. «Անգամ պարտադիր են Պուչինիի այս օպերաները, նաեւ «Թիկնոցը» ունենալ խաղացանկում»: Մանրամասնելով, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին օպերային արվեստում վերիզմ կոչվող ուղղությունը, որի ներկայացուցիչն է Պուչինին, խնդիր ուներ օպերային ներկայացումը մոտեցնել կյանքին. «Հնարավորինս ազատվել բեմական պայմանականություններից, երաժշտության լեզվով ցույց տալ իրական կյանքը, որտեղ ծիծաղը իսկապես պետք է լինի ծիծաղ, լացը՝ լաց եւ այլն»: Զրույցի ընթացքում, Իտալիայի դեսպանատան աջակցության շուրջ խոսելիս, Հ. Հովհաննիսյանը նկատեց, որ պարոն Կլեմենտեն դասական, օպերային երաժշտության երկրպագու է եւ նրա նախաձեռնությամբ հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի իտալական մշակույթի միամսյակ: «Մինչ միամսյակը, օպերային ստուդիան կպատրաստի Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» եւ «Ամուսնական մուրհակ» օպերաների բեմադրությունները,- հայտնեց Հ. Հովհաննիսյանը:- Պարոն դեսպանը անձամբ ինքն է զանգահարում ու հետաքրքրվում գործերով ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու»:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ ներկայացման դիրիժորն է Արմեն Վարդանյանը, նկարիչը՝ Զոհրաբ Միրզոյանը: Գլխավոր դերերգերով հանդես կգան կոնսերվատորիայի նախկին շրջանավարտներ, արդեն ճանաչված երգչուհիներ Արծվիկ Դեմուրճյանը, Լիանա Ղազարյանը, ուսանող վոկալիստներ Անուշ Հովհաննիսյանը, Կատերինա Գորստկան, Հեղինե Համբարձումյանը եւ այլք:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ