ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ
քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ
քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ ՊԱՏԵՐԱԶՄ
ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Հենց հիմա հիշեցի իմ որոշ ընթերցողների դիտողություններն
առ այն, որ երբեմն ասելիքս շատ եմ ձգձգում ու երկարացնում, ու մերոնց փողային իմպրովիզները
նկարագրելիս նաեւ հասկացա, որ իրենց պես ե՛ս էլ եմ բուն նյութից հաճախակի շեղվում
ու ինքնանպատակ խաղեր տալիս, ու շատ դեպքերում միայն ինձ է հասկանալի կատարածս շեղումների
ու տվածս խաղերի նրբությունն ու իմաստը, ու դա երեւի ինչ-որ իմաստով արդարացի էլ
է, որովհետեւ, ամեն ինչից զատ, խոսքի ազատության խնդիր էլ կա, եւ ցանկացած գրող երբեմն-երբեմն
իրավունք ունի ասել ու գրել նաեւ էնպիսի բաներ, որոնք միայն ու միայն իրեն են հաճելի
ու հասկանալի, ճիշտ այնպես, ինչպես յոթանասունչորս թվականի դեկտեմբերի հինգի էն հեռավոր
առավոտ Բախվան, Կիրովաբադցին ու Ազատանցին էին խաղեր տալիս ու իրենք իրենց գերագույն
հաճույք պատճառում՝ մոռանալով մյուս ներկաներին ու բուն «Պրաշչանիե սլավյանկին»:
Ես իսկապես ձգձգում ու երկարացնում եմ բանակային էս պատմություններս, որովհետեւ
մի տարի շարունակ մենք սիրահարված էինք մեր իսկ ճակատագրին, ու էդ սերը բանակից հետո
էլ շարունակվում էր եւ կար ու, ինչպես հիմա եմ հասկանում, նաեւ էսօր է շարունակվում,
չնայած էս երեսուն երկար ու ձիգ տարիների ընթացքում մեր նվագախմբի տղերքով ընդամենը
մի անգամ ենք հանդիպել, եւ, բնականաբար, նախաձեռնությունը Պարգեւինն էր, ու մեր էդ
միակ հանդիպումը տեղի ունեցավ ութսուներկուսին իմ քեռի Ֆրեդի խինկալիանոցում, ու
ես Ֆրեդին նախօրոք զգուշացրել էի ու համոզված էի, որ մեզանից փող չեն վերցնելու ու
շատ ճոխ էլ պատիվ են տալու, եւ երբ մտանք Աշտարակի տրասսի Ֆրեդի խինկալիանոց, Ֆրեդը
չափազանց զբաղված էր, ու մենք չորսով էինք, որովհետեւ Պարգեւն Ազատանցուն, Կիրովաբադցուն
ու Մացոյին ոչ մի կերպ չէր կարողացել գտնել, եւ, ինչպես միշտ, Աշտարակի տրասսի Ֆրեդի
խինկալիանոցը լեփլեցուն էր, եւ, ինչպես միշտ, իմ ամենափոքր քեռի Գագոն Ֆրեդի կողքին
էր, ու գործի հիմնական ծանրությունն էլ, ինչպես միշտ, Գագոյի վրա էր, բայց ես մեր
տղերքին ընդամենն ասել էի, որ շատ լավ խինկալիանոցի տեղ գիտեմ ու չէի ասել, որ քեռիներիս
մոտ ենք գնում, ու երբ Գագոն մոտեցավ մեզ ու մեր սեղանին երկու լիքը ափսե խինկալի
դնելով ասաց՝ «Արմեն ջան, զբաղվեք՝ մինչեւ իսկականն ըլնի», տղերքը զարմացած ինձ նայեցին,
ու երբ Գագոն գնաց, ես տղերքին բացատրեցի, որ էդ խինկալիանոցի շեֆ խոհարարն ու խոհարարը
քեռիներս են, իսկ այն, ինչ քիչ անց տեղի ունեցավ, ես անկարող էի տղերքին բացատրել,
որովհետեւ ինքս էլ չէի հասկանում: Գագոյի գնալուց անմիջապես հետո հայտնվեց
Մացոն՝ ճերմակ խալաթով ու կասկարմիր դեմքով, եւ երբ բոլորիս հետ ողջագուրվեց ու ապշահար
նստեց մեր սեղանի մոտ, հենց էդ պահին Գագոն մեր գարեջրերը բերեց եւ Մացոյին մեզ հետ
տեսնելով՝ զարմացած հարցրեց. – Էս իրար ճանաչում ե՞ք: – Իրար հետ բանակ
ենք ծառայել,- ասացի ես: – Բա ո՞նց մինչեւ հիմի չես ասել, ա՛յ Մացո,- զարմացավ
Գագոն: – Ես ի՞նչ իմանայի, որ իրար ճանաչում եք,- ասաց Մացոն: – Հա՛,
ճի՛շտ ես ասում,- ասաց Գագոն: – Գագ ջան, ես մի քիչ տղերքի հետ նստեմ,- ասաց
Մացոն: – Արխային նստի, Մացո՛ ջան,- ասաց Գագոն ու գնաց: – Գագոյի՞ն
որտեղից գիտես,- ինձ հարցրեց Մացոն: – Փոքր քեռիս ա,- ասացի ես: –
Հա՞,- զարմացավ Մացոն,- ուրեմն՝ Աֆոն էլ ա՞ քեռիդ: – Հա՛, Ալֆրեդն է՛լ ա քեռիս,-
ասացի ես: – Ինձ ի՛նքն ա գործի ընդունել. Աֆոն մեծ ախպորս հետ ա պովրականն
ավարտել,- ասաց Մացոն: Տղերքն ապշահար իրար էին նայում ու չէին հասկանում՝
ինչն ինչոց է: Սկզբում իրենց թվաց, թե ես իրենց համար սյուրպրիզ եմ պատրաստել, բայց
շուտով հասկացան, որ էդ ամենն ինձ համար է՛լ է միանգամայն անակնկալ: Էդ օրը
մենք շատ երկար նստեցինք, ու քեռիներս Մացոյին մեզ հետ մինչեւ վերջ նստելու իրավունք
ու հնարավորություն տվին, եւ հրաժեշտին Մացոն հետներս դուրս եկավ, տաքսի կանգնեցրեց,
փողը վճարեց, ու մենք, գրկախառնվելով, մեկ առ մեկ հրաժեշտ տվինք Մացոյին, ու էդ պահի
դրությամբ ես տղերքին արդեն պատմել էի իմ ու Բախվայի քութայիսյան զարմանալի հանդիպման
մասին, ու տղերքը շատ էին զարմացել, ու էդ պահի դրությամբ հինգս էլ երջանիկ էինք
մեր հանդիպման համար, ու հատկապես ե՛ս էի երջանիկ, որովհետեւ հենց ի՛մ քեռիներն էին
մեզ պատիվ տվել, ու իմ էդ երջանկության մեջ միանգամայն անտեղյակ էի, որ ընդամենը
մի տարի անց նույն էդ տեղում իմ քեռի Ֆրեդն ահավոր ավտովթարի զոհ է դառնալու: Հետագա
ամեն ինչից անտեղյակ՝ մենք շարունակում էինք մեր զորամասի պլատցում նվագել, ու մալադոյները
վրա-վրա շարունակում էին երդում տալ իրենց ու մեր լայնարձակ հայրենիքին, եւ Ազատանցին,
Կիրովաբադցին ու Բախվան շարունակում էին խաղեր տալ՝ անջատվելով ու շեղվելով ամեն
ինչից ու հատկապես «Պրաշչանիե սլավյանկիից», ու դեկտեմբերի հինգի էդ առավոտվա արեւը
զարմանալիորեն տաքացնող էր, ու էդ առավոտվա արեւից զարմանալիորեն շողշողում ու պսպղում
էին մեր ու հատկապես Բախվայի փողային գործիքները, ու էդ պահին Բախվան արդեն վերջնականապես
մեր ախպերն էր, ու ինքն արդեն վերջնականապես մեր սրտերն էր թափանցել ու մեր սրտերից
այլեւս դուրս չէր գալու, եւ նույնիսկ Կիրովաբադցին էր շողշողում, եւ «նույնիսկ» եմ
ասում, որովհետեւ էդ առավոտվա տուշերի առումով Բախվան, փաստորեն, ժամանակավորապես
ու ակամա Կիրովաբադցուց խլել էր մեր նվագախումբը ղեկավարելու մենաշնորհը, բայց, կրկնում
եմ, Բախվայի մոտ դա միանգամայն պատահականորեն ու ակամա ստացվեց, եւ իր տարերքն իրականում
ոչ թե նվագախումբ ղեկավարելն էր, այլ միայն ու միայն՝ նվագելը, իսկ որ Բախվան իսկապես
մեծ երաժիշտ էր, դրանում մենք գրեթե ամեն օր էինք համոզվում, ու հատկապես ե՛ս էի
ամեն օր դրանում համոզվում, որովհետեւ Բախվան իր ֆլեյտան իմ արհեստանոցում էր մշտապես
պահում, եւ երբ ազատ ժամերին իմ արհեստանոցում իր ֆլեյտայով Բախին ու Մոցարտին էր
հիշում, միայն ե՛ս կարող եմ վկայել, թե ինչքան սիրուն ու ինչքան խորն էին Բախվայի
էդ, ուրեմն, մասնագիտական հիշողությունները: Հազար ինը հարյուր յոթանասունչորս
թվականի դեկտեմբերի հինգի առավոտվա արեւը, մեր տուշերն ու Շկարուպետայի տրամադրությունն
էնքան զվարթ ու ներդաշնակ էին, որ Շկարուպետան ու բոլորը մոռացան, որ մենք՝ նորակոչիկ
նվագողներս էլ պիտի մյուս մալադոյների պես զինվորի մեր երդումն արտասանեինք, եւ երբ
մեզանից բացի բոլոր մալադոյներն արդեն երդվել-պրծել էին, ու զորամասի ողջ անձնակազմն
իր վերջին քայլքն ու պտույտն էր կատարում զորամասի պլատցում, մենք, նվագելով ու բոլորի
հետ միասին վերջին պտույտն անելով, մեր քթերի տակ խնդմնդում ու իրար աչքով էինք անում՝
միմյանց թաքուն հասկացնելով, որ մենք, ի տարբերություն մյուս բոլոր մալադոյների,
ընդհանրապես երդում չկերանք: Մենք ուրախ էինք ո՛չ թե էն բանի համար, որ, ի
տարբերություն մյուս բոլոր մալադոյների, երդում չէինք տվել մեր ընդարձակ հայրենիքին,
այլ՝ ընդամենն էն բանի համար, որ էդ առումով եւս մենք միանգամայն բացառիկ էինք, ու
չնայած էդ մասին միայն մենք գիտեինք ու միայն մենք էինք հիշում, բայց մեր էդ իմանալն
ու մեր էդ հիշելը մեզ մի տեսակ տղայական զվարճություն էին պատճառում, եւ երբ մեր
էդ երդում չուտելու մասին Վալերը երբեմն հիշեցնում էր, Պարգեւը սաստում էր՝ ասելով.
«Ա՛յ Վալեր, էդ մասին ըստեղ-ընդեղ չխոսաս. որ իմանան՝ շատ փիս նակազատ կանեն»: «Իրանք
որ մոռացել էին, մենք հո թանի ճանճի պես մեջ չէի՞նք ընկնի ու երդում տայինք»,- ասում
էր Վալերը: «Համ էլ՝ մենք որ երդում տայինք, մեր երդման վախտ ո՞վ պիտի տուշ նվագեր»,-
ասում էր Կիրովաբադցին: «Սրա-նրա մոտ էդ մասին չխոսա՛ք»,- կարգադրում էր Պարգեւը:
«Մեր մեջ ենք խոսում, Պաքո՛ ջան,- Պարգեւին հանգստացնում էր Վալերը,- ճիշտը որ ուզում
ես իմանաս, մենք որ հանցագործություն էլ անենք, մեզ չեն կարա դատեն, որովհետեւ վաբշե
պրիսյագ չենք անցել»: «Րիբյատա, եսլի նամ ուդաստցա դա կանցա սլուժբի պրիսյագու նի
պրինյած, մի վսե մեխանիչեսկի վայձյոմ վ կնիգու Գինեսա»,- ասում էր Բախվան: Կարավանի
կարգադրությամբ մենք մեր ներքնակներն ու վերմակները տարանք կազարմա, եւ մեր ստորաբաժանման
պետ լեյտենանտ Նովոսելցեւը մեզ ցույց տվեց մեր մահճակալները, ու մենք մեր վերմակներն
ու ներքնակները փռեցինք մեր մահճակալների վրա, եւ երբ Վալերը շորերով պառկեց իր մահճակալին,
լեյտենանտը Վալերի վրա գոռաց. – Ընկե՛ր զինվոր, դուք խախտում եք ուստավը:
– Ի՞նչ իմաստով,- հանգիստ հարցրեց Վալերը: – Միանգամից մի քանի իմաստով,-
ասաց Նովոսելցեւը: – Կոնկրետ,- ասաց Վալերը: – Նախ՝ ցերեկով իրավունք
չունեք պառկել մահճակալներին, եւ երկրորդ՝ շորերով մահճակալներին պառկելը նույնպես
խստիվ արգելվում է,- ասաց Նովոսելցեւը: – Բոլորի՞ն է արգելվում,- պառկած տեղից
հարցրեց Վալերը: – Բոլորին անխտիր,- ասաց լեյտենանտը: – Էն քնածին
էլ է՞ արգելվում,- հեռավոր անկյունում մահճակալի վրա շորերով քնած Շաբլովսկուն մատնացույց
անելով՝ հարցրեց Վալերը: – Էն քնածի հետ գործ չունե՛ք. նա հիվանդ է,- ասաց
Նովոսելցեւը: – Ինչքան ինձ հայտնի է՝ հիվանդների համար հատուկ սանչաստ գոյություն
ունի,- ասաց Վալերը: – Դա ձեզ չի՛ վերաբերում,- գոռաց Նովոսելցեւը: –
Ընկե՛ր լեյտենանտ,- ձայնը մի քիչ բարձրացրեց Վալերը,- հիմա մենք ուստավով ե՞նք խոսում,
թե՞ գողականով: – Ուստավո՛վ,- գոռաց լեյտենանտը: – Ուստավով դուք իրավունք
չունեք գոռալ զինվորի վրա,- հանգիստ ասաց Վալերը: – Քեզ ո՞վ ասաց,- հարցրեց
Նովոսելցեւը: – Ուստավը,- պատասխանեց Վալերը: Նովոսելցեւը մի պահ շիվարեց.
երեւի ինքն էլ վստահ չէր՝ զինվորի վրա գոռալու իրավունք ունի՞, թե՝ ոչ: Մի կերպ իրեն
տիրապետելով՝ կեղծ սառնասրտությամբ ասաց. – Ձեր գաստրոլներն ավարտվեցին, ընկե՛ր
մուզիկանտներ, հիմա արդեն ձեր իսկական ծառայությունն է սկսվում: – Ինչքան
հասկանում եմ՝ մեր գաստրոլները նոր-նոր են սկսվում, ընկե՛ր լեյտենանտ,- խոսակցությանը
խառնվեց Պարգեւը: – Չհասկացա՛,- գոռաց լեյտենանտը,- էդ արդեն խմբով եք, հա՞,
վրա տալի: – Խումբ չկա,- միջամտեց Բախվան.- մեզանից յուրաքանչյուրն առանձին
անհատականություն է, ընկե՛ր լեյտենանտ: – Անհատականությո՜ւն,- հեգնեց Նովոսելցեւը:-
Անհատականությունների ժամանակը պրծավ. հիմա ձեր իսկական ծառայությունն է սկսվում:
– Յուրաքանչյուր զինվոր անհատականություն է,- ասաց Բախվան: – Էդ որտե՞ղ
ես կարդացել,- արհամարհական հարցրեց լեյտենանտը: – Ուստավում,- հանգիստ պատասխանեց
Բախվան: – Տեղյակ չեմ,- ասաց լեյտենանտը.- երեւի ձեզ համար հատուկ ուստավ
են տպել: – Ուստավը բոլորի համար մի հատ է,- ասաց Վալերը: – Էս հայերով
որոշել եք մաֆիա սարքել, հա՞,- գոռաց Նովոսելցեւը: – Ես վրացի եմ,- ասաց Բախվան:
– Նույնը չի՞,- ասաց Նովոսելցեւը: – Որոշ իմաստով նույնն է, որոշ իմաստով
էլ՝ ոչ,- ասաց Բախվան: – Ինչքան հասկանում եմ՝ դուք ծառայելու մտադրություն
չունեք,- ասաց Նովոսելցեւը: – Մենք մեր ծառայությունը վաղուց ենք սկսել, ընկե՛ր
լեյտենանտ,- ասաց Կիրովաբադցին: – Ի՞նչ իմաստով,- հարցրեց Նովոսելցեւը: –
Ամեն իմաստով,- ասաց Կիրովաբադցին.- մենք էս երկու օրվա մեջ էս չաստի համար էնքան
բան ենք արել, որ ուրիշները մի տարում էլ չեն անի: – Ի՞նչ եք արել,- քմծիծաղ
տվեց լեյտենանտը.- երեւի ձեր էս նվագելը նկատի ունեք, հա՞: Ձեր էս նվագելը ծառայություն
ե՞ք հաշվում: – Ձեր կարծիքով, էս պրիսյագայի ամբողջ արարողությունը ծառայության
հետ ոչ մի կապ չունե՞ր,- հարցրեց Բախվան: – Առանց ձեր էդ նվագի էլ մենք վեց
ամիսը մեկ պրիսյագան բարեհաջող անցկացնում էինք,- փնթփնթաց Նովոսելցեւը: –
Եթե դժգոհ եք, կարող եք պետին բողոքել,- ասաց Վալերը.- ի՛նքն է մեզ կարգադրել, որ
նվագենք: – Ես ձեզ է՛ն օրը կգցեմ, որ ինքնե՛րդ ստիպված կլինեք բողոքել,- գոռաց
Նովոսելցեւը, եւ նրա գոռոցից պատի տակ կանգնած երկու դնեվալնիներն ուղղակի ցնցվեցին:
Դնեվալնին կազարմայի հերթապաhն է՝ շարքային զինվոր, որ հետեւում է կազարմայի
կարգուկանոնին: Երկու դնեվալնիները ձիգ կանգնած՝ հետեւում էին մեր ու լեյտենանտի
վեճին, եւ նրանց նեղ ու շողշողացող աչքերից զգացվում էր, որ երկուսն էլ սրտով մեր
կողմն են: Լեյտենանտի գոռոցից Շաբլովսկին զարթնեց եւ աչքերը ճմլելով ու քթի
տակ փնթփնթալով՝ տեղից վեր կացավ ու դանդաղ շարժվեց դեպի մեզ: – Էս ի՞նչ շուխուռ
ա,- լեյտենանտին նայելով՝ որոտաց Շաբլովսկին: – Էս մալադոյներն առաջին օրվանից
բունտ են անում, չեն ուզում ենթարկվեն,- բողոքեց Նովոսելցեւը: – Էն տուալետից
արդեն էրկու օր ա՝ շատ հոտ ա գալի. հրամայի՝ թող մաքրեն,- լեյտենանտի վրա գոռաց Շաբլովսկին:-
Սրանց որ պարապ թողես, բունտ էլ կանեն, հըլը մի բան էլ ավել: – Շաբլովսկին
ճիշտ է ասում. որպես տույժ՝ զուգարանը կմաքրե՛ք, ձեզ երկու ժամ ժամանակ եմ տալիս,-
գոռաց լեյտենանտը: – Շաբլովսկին դու ե՞ս,- Շաբլովսկուն նայելով՝ հարցրեց Վալերը:
– Ե՛ս եմ,- կուրծքն առաջ ցցելով՝ ասաց Շաբլովսկին,- հարցեր կա՞ն: –
Կա՛ն,- ասաց Վալերը: – Լսո՛ւմ եմ,- արհամարհական ասաց Շաբլովսկին: –
Հարց առաջին. դուք լեյտենանտի հրամանատա՞րն եք,- հարցրեց Վալերը: – Ես սաղի՛
հրամանատարն եմ,- գոռաց Շաբլովսկին: – Մենք ձեր մասին լսել ենք, ասում են՝
դիսբատ եք նստել,- ասաց Պարգեւը: – Ճիշտ եք լսել,- ասաց Շաբլովսկին:- Որ պետք
ըլնի՝ մի հատ էլ կնստեմ: – Չարժի,- հանգիստ ասաց Պարգեւը.- ավելի լավ ա՝ էս
վեց ամիսը հանգիստ անցկացնեք ու գնաք ձեր Տաշքենդը: – Ահագին ինֆորմացիա ունեք,-
մրթմրթաց Շաբլովսկին: – Ասում եմ՝ անտեղի իրար չթունավորենք,- ասաց Պարգեւը:
Պարգեւի հանգիստ տոնը Շաբլովսկուն հունից հանեց, եւ նա անսպասելի ոռնաց. –
Սմիռնա՜: – Ի՞նչ ես գոռում, կազյո՛լ,- մռնչաց Վալերը, եւ Շաբլովսկին Վալերի
մռնչոցից ցնցվեց: – Էդ ո՞ւմ ասիր կազյոլ,- մեջ ընկավ լեյտենանտը: –
Շաբլո՛վսկուն,- մռնչաց Վալերը: – Ո՞ւմ,- ճչաց Շաբլովսկին: – Էլի գոռացի՞ր,
ֆռա՛յեր,- նորից մռնչաց Վալերը: – Էդ ո՞ւմ ասիր ֆռայեր,- վրա տվեց Նովոսելցեւը:
– Շաբլո՛վսկուն,- ասաց Վալերը: – Ո՞ւմ,- նորից ճչաց Շաբլովսկին: –
Էլի գոռացի՞ր, կազյո՛լ,- ասաց Վալերը: – Մի անգամ դիսբատ նստել եմ, մի անգամ
էլ կնստեմ,- գոռաց Շաբլովսկին ու ձեռը բարձրացնելով՝ քշեց Վալերի վրա: Վալերը
Շաբլովսկու դաստակն օդում որսալով՝ պինդ բռնեց ու ահագին ժամանակ էդպես պինդ բռնած
պահեց: Էդ ընթացքում լեյտենանտը վրա քշեց, ու Վալերն աջով Շաբլովսկու դաստակը պինդ
բռնած՝ ձախ ուսով թեթեւակի հրեց լեյտենանտին, ու լեյտենանտը երկու մետրի չափ հետ
թռավ, ու դրանից հետո էլի մի քանի վայրկյան Վալերը Շաբլովսկու դաստակը սեղմած պահելով
ու ավելի ուժեղ սեղմելով՝ կռացրեց ու նստեցրեց իր մահճակալին, հետո Շաբլովսկու կարմրած
ու քամված ձեռքը բաց թողնելով՝ Վալերն աջով էնպես ուժեղ խփեց մահճակալիս կողին, որ
երկրորդ հարկի իմ մահճակալը մեկից փլվեց Վալերի մահճակալին նստած Շաբլովսկու վրա:
Հետո Վալերն իմ տապալված մահճակալը բարձրացրեց ու անձամբ օգնեց Շաբլովսկուն՝
դուրս պրծնել երկու մահճակալների արանքից, բայց, այդուհանդերձ, Վալերը դեռեւս խաղաղված
չէր ու Շաբլովսկուն ասաց. «Ընկե՛ր Շաբլովսկի, շատ հնարավոր ա, որ երկրորդ անգամ դիսբատ
էթաս, բայց հաստատ իմացի, որ էս երկրորդ անգամ կարող ա սուչիտ էղած հայտնվես դիսբատում»:
Դժվար է ասել, թե ինչպիսի շարունակություն կունենար լեյտենանտ Նովոսելցեւի
ու Շաբլովսկու հետ մեր էդ առերեսումը, եթե հենց էդ պահին կազարմա չմտներ Կարավանը:
– Էս ի՞նչ վիճակ է,- լեյտենանտին նայելով՝ հարցրեց Կարավանը: Մինչ
Նովոսելցեւը պատասխան կմտմտար, Վալերը պատասխանը գտավ: – Ընկե՛ր փոխգնդապետ,-
ասաց Վալերը,- պարզվում է՝ էս մահճակալներն արտադրողներն իմ քաշային կատեգորիան չեն
նախատեսել: – Երեւի երկրորդ հարկինի վրա ես պառկել, հա՞,- ծիծաղեց Կարավանը.-
պարզ չի՞, որ չէր դիմանա: Վալե՛րա դառագոյ, երկրորդ հարկում պիտի թեթեւքաշայինները
պառկեն: Էնպես որ՝ տղաներից մեկի հետ տեղդ փոխիր: – Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր
փոխգնդապետ,- ասաց Վալերը: – Լավ նվագեցիք, քաջե՛ր: Գնդապետն ուղղակի հիացած
է,- ասաց Կարավանը: – Մնում է՝ առաջին ֆրոնտում իրենց արդարացնեն,- փնթփնթաց
Նովոսելցեւը: – Ի՞նչ առաջին ֆրոնտ,- զարմաց ավ Կարավանը: – Իսկական
ծառայությունը՝ կարաո՛ւլը նկատի ունեմ, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց լեյտենանտը: –
Իսկական ծառայությունն իրենք վաղո՛ւց են սկսել, ընկե՛ր լեյտենանտ,- չափազանց խիստ
տոնով ասաց Կարավանը.- իրենց հիմնական գործը նվագելն է: Պա՞րզ է: – Ճիշտ այդպես,-
կմկմաց Նովոսելցեւը: – Հասկացա՞ր, թե՞ ոչ,- գոռաց Կարավանը: – Հասկացա,
ընկեր փոխգնդապետ,- կարմրելով ու կակազելով՝ ասաց լեյտենանտը: – Լավ է, որ
հասկացար,- ասաց Կարավանը,- թե չէ՝ մարդիկ կան, որ դժվար են հասկանում: –
Այսինքն՝ իրենք կարաուլ չե՞ն կանգնելու,- կմկմաց լեյտենանտը: – Կարաուլի հաշվով
մենք ձեզ հետ արդեն պայմանավորվել ենք, ընկե՛ր լեյտենանտ,- ձայնը բարձրացրեց Կարավանը:-
Թե՞ արդեն մոռացել եք: – Հիշում եմ, ընկեր փոխգնդապետ,- կմկմաց լեյտենանտը.-
պայմանավորվեցինք, որ իրենք էլ մյուսների պես պիտի կարաուլ գնան: – Կիսա՛տ
եք հիշում, ընկե՛ր լեյտենանտ,- գոռաց Կարավանը.- մենք պայմանավորվեցինք, որ իրենք
շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ պիտի կարաուլ գնան, ընդ որում, միայն հանգստյան օրերին՝
շաբաթ կամ կիրակի: – Հասկացա՛, ընկե՛ր փոխգնդապետ,- ձգվեց լեյտենանտը: –
Տեսեք՝ թյուրիմացություններ չլինեն,- ասաց Կարավանը: – Ամեն ինչ ձեր ասածի
պես կլինի, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Նովոսելցեւը: – Նկարիչին առայժմ ազատություն
կտանք, իսկ հետագայում իր հաշվով լրացուցիչ կպայմանավորվենք: Առայժմ Արմուշին կարաուլից
ու ամեն ինչից կազատենք,- ասաց Կարավանը: – Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ,-
ասաց լեյտենանտը: – Տղաների առումով ավելորդ խստություններ չբանեցնե՛ք,- ասաց
Կարավանը.- շատ հնարավոր է, որ իրենք նվագելով ընկնեն ու մի քիչ ուշ գան քնելու:
Պա՞րզ է: – Պա՛րզ է, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց լեյտենանտը: – Պա՞րզ
է, ընկե՛ր Շաբլովսկի,- Կարավանը նայեց կարմրատակած Շաբլովսկուն, որն իր դաստակն էր
շարունակ շարժում. ըստ երեւույթին, ցավը դեռ չէր անցել: – Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր
փոխգնդապետ,- ասաց խեղճացած Շաբլովսկին: – Ես գիտեմ, որ քեզանից շատ բան է
կախված, ընկե՛ր Շաբլովսկի,- ասաց Կարավանը: Մինչ կասկարմիր Շաբլովսկին կմտածեր
ինչ ասեր, Վալերն առաջ ընկնելով՝ ասաց. – Շաբլովսկու հետ արդեն ախպերացել
ենք, ընկե՛ր փոխգնդապետ: – Շատ ուրախ եմ, որ Շաբլովսկու հետ արդեն հասցրել
եք բարեկամանալ,- ասաց Կարավանը:- Ինքը մեզ մոտ անառարկելի հեղինակություն է համարվում:
Վալե՛րա դառագոյ, բա հիմա էս մահճակալի հարցը ո՞նց ենք անելու: – Կսարքե՛նք,
ընկե՛ր փոխգնդապետ, բարդ բան չկա. վինտերն են ուղղակի իրարից անջատվել,- ասաց Վալերը
– Տղաներից մեկնումեկի հետ տեղերով ռակիրովկա արեք. դու ցածի մահճակալին կպառկես,-
ասաց Կարավանը: – Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց Վալերը: –
Ասում ես՝ էս մահճակալից գլուխ կհանե՞ք, Վալե՛րա, թե՞ մարդ ուղարկեմ սարքեն,- նորից
հարցրեց Կարավանը: – Կսարքե՛նք, ընկե՛ր փոխգնդապետ, առանձնապես բարդություն
չկա,- մահճակալի կողերը զննելով՝ ասաց Վալերը: – Սարքել կտանք, ընկե՛ր փոխգնդապետ,-
ասաց Շաբլովսկին: – Ընկե՛ր Շաբլովսկի,- ծիծաղեց Կարավանը,- ես մոռացել էի,
որ դու մահճակալի գծով մասնագետ ես: – Ամեն ինչից էլ քիչ ու միչ գլուխ հանում
ենք,- մրթմրթաց Շաբլովսկին: – Հատկապես մահճակալից,- ծիծաղեց Կարավանը.- էս
ո՞նց է՝ քնած չես: – Էս մահճակալի դղրդոցից զարթնեց,- ասաց Վալերը: –
Որ տեսա արթուն է՝ շատ զարմացա,- ժպտաց Կարավանը.- մեր մեծարգո Շաբլովսկին օրվա քսանչորս
ժամից քսանհինգը քնում է: – Ո՞ւմ եմ վնաս տալի,- մրթմրթաց Շաբլովսկին: –
Ոչ ոքի,- ասաց Կարավանը:- Սալդատ սպիտ, սլուժբա իձյոտ: – Ես վախտին շատ եմ
անքուն մնացել, ընկե՛ր փոխգնդապետ,- փնթփնթաց Շաբլովսկին: – Նայիր՝ տղաներին
նեղացնող չլինի,- ասաց Կարավանը: – Ի՞նչ տղաներ,- հարցրեց Շաբլովսկին: –
Մեր երաժիշտներին,- ասաց Կարավանը: – Իրանց հաշվով հանգիստ էղեք, ընկե՛ր փոխգնդապետ,-
ասաց Շաբլովսկին: – Նայիր՝ հանկարծ իրենց խաթրին կպնող չլինի,- կրկնեց Կարավանը:
– Կնայեմ,- ասաց Շաբլովսկին: – Ո՞նց ես նայելու,- ծիծաղեց Կարավանը.-
առավոտից իրիկուն քնած ես: – Ժամանակ առ ժամանակ զարթնում էլ ենք, ընկե՛ր
փոխգնդապետ,- գռմռաց Շաբլովսկին: – Քո պրիզիվի տղերքին էլ զգուշացրու, որ
մեր նվագախմբի տղերքի վրա հանկարծ աչոկ չհավաքեն,- ասաց Կարավանը: – Հաշվեք
զգուշացրած,- մրթմրթաց Շաբլովսկին: Գլուխ
քսանվեցերորդ