Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ, ոչ մի խախտում չի գրանցվել

Հուլիս 23,2005 00:00

Ընդունելության
քննությունների ընթացքը մեկնաբանում է ԿԳ նախարար Սերգո Երիցյանը Այս տարվա
դիմորդների շրջանում բարձր մակարդակ է նկատվում լեզուների բնագավառում: Այս կարծիքին
է ԿԳ նախարարը՝ համենայնդեպս, քննությունների առաջին օրերի արդյունքներից ելնելով:
Ոչ բավարար մակարդակ է նկատվում հատկապես հայոց լեզու եւ գրականություն բանավոր քննությունից,
ինչը թերեւս կապված է վերջին տարիներին երիտասարդների կարդացածության ցածր մակարդակի
հետ: Ի դեպ, այս մասին խոսելով, այս առարկայական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը
ՆՏ-ին ասել է, որ ցածր մակարդակը շարունակվում է արդեն մի քանի տարի: Նախարարը
եւս մեզ հետ զրույցում անդրադարձավ այս հարցին, նաեւ ավելացրեց, որ, անցյալ տարվա
համեմատ, այս պահին փոքր-ինչ ցածր են նաեւ մաթեմատիկայի ցուցանիշները: 2 օրերի արդյունքներով,
հայոց լեզու եւ գրականություն հանձնած 52 հոգուց 12-ը ստացել է անբավարար, չկա ոչ
մի 20 եւ ոչ մի 19: Ի դեպ, նախարարը նշում է, որ, ի տարբերություն մնացած
գնահատականների, շեմայինի դեպքում կլորացում արվում է, այսպես, եթե դիմորդը վաստակել
է, ասենք, 7.5 եւ ավելի, այն կկլորացվի մինչեւ 8. «Որովհետեւ դա սահմանային գնահատական
է եւ շանս է տրվում շարունակել քննությունները»: Արդեն մեկ անգամ անդրադարձել
ենք քննությունների ընթացքում նախագահականի վերահսկողական ծառայության աշխատակիցների
սակավախոսությանը եւ որ նրանք լրագրողներին որեւէ կարծիք հայտնելուց ձեռնպահ են մնում:
«Ես կարծում եմ, որ քննությունների ընթացքում կարծիքներ նրանք չպետք է արտահայտեն,
որովհետեւ նրանք ծառայողներ են,- ասում է Ս. Երիցյանը:- Մինչեւ այս պահը որեւէ խախտման
մասին ես տեղեկացված չեմ: Անկախ նրանից, խախտումներ կան թե ոչ, մենք օրվա արդյունքները
քննարկում ենք, եւ, բարեբախտաբար, ոչ մի խախտում չկա ինչպես մեր լիազորների, այնպես
էլ մոնիտորինգ իրականացնող վերահսկողական ծառայության խմբի տղաների կողմից գրանցված:
Ես նրանց հետ հանդիպում եմ օրը 3-4 անգամ, մտքեր ենք փոխանակում: Մենք գործում ենք
համագործակցության դաշտում»: Ի դեպ, այս տարի նախարարը հանձնաժողովի անդամներին
չի պատվիրել բողոքարկման արդյունքում գնահատական չիջեցնել, ինչպես դա անում էր նախորդ
տարիներին, «որովհետեւ այս պարագայում, երբ վճռորոշ է 0.1-ը, չեմ ասել չիջեցնեք:
Բայց հուսով եմ, վստահ եմ, որ դա որպես սկզբունք կպահպանեն: Հնարավոր են նաեւ տեխնիկական
վրիպումներ»: Ըստ նախարարի, հանձնաժողովներին գնահատման նոր համակարգը առավել մեծ
պատասխանատվություն է պարտադրում. «Եթե նախկինում կլորացման խնդիրը կար, այսօր 0.25-ն
էլ կարող է մրցույթում կարեւոր դեր խաղալ: Այս առումով հանձնաժողովների հոգսերը կարող
են ավելանալ, բայց քանի որ մեծ է պատասխանատվությունը, նրանք պետք է պատասխան տան
յուրաքանչյուր վրիպակի համար»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել