Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ

Հուլիս 23,2005 00:00

Մինչ քաղաքային իշխանությունները ուղիներ են որոնում Երեւանի սրճարաններում երաժշտություն կոչված խլացուցիչ աղմուկը փոքր-ինչ մեղմելու, սրճարանատերերի երաժշտական ճաշակը
գնալով ավելի ահավոր դրսեւորումներ է ստանում: Մի՞թե այդ երաժշտությունն այդքան մեծ պահանջարկ ունի երիտասարդության շրջանում, եւ մի՞թե դրա շուկայական նշանակությունն
այնքան մեծ է, որ սրճարանատերերը ամենեւին չեն վախենում քաղաքապետարանի սահմանած
տուգանքներից, թեկուզ՝ սիմվոլիկ: Միեւնույն է, երաժշտության ձայնը չի իջնում, մարդիկ
էլ շարունակում են այցելել սրճարաններ: Սրճարան այցելողների մեծ մասը երիտասարդներ
են: Թե ինչ երաժշտություն են նախընտրում նրանք՝ պարզեցինք հենց իրենցից: Նաիրա Սահրատյանը
(նկարում) նախընտրում է լսել «հանգիստ» երաժշտություն: Հայկական երգ միայն այն դեպքում,
«երբ հնչողությունը բարձր է, եւ երգն էլ լավ են կատարում, ոչ թե բարձրաձայն ու բաղաձայն»:
Երիտասարդների մեծ մասը դժգոհեց, որ հաճախ իրենց ուզած երգերը չեն հնչում,
սրան գումարած՝ ստիպված են վճարել այնպիսի երգերի համար, որոնք իրենց սրտով չեն:
Անկախ նրանից, թե քանի րոպե կամ ժամ ես անցկացրել տվյալ սրճարանում, կենդանի երաժշտության
դեպքում պետք է վճարես 500-1000 դրամ: Իսկ էլիտար վայրերում այդ թիվը հասնում է 5000
դրամի: Մեր հարցումներին ենթարկված երեւանցիներից քչերն են նախընտրում ազգային երաժշտություն:
Օրինակ՝ այս երիտասարդները ասացին, որ չեն այցելի այնպիսի սրճարան, որտեղ հնչի ազգային
երաժշտություն. «Սիրում ենք «50 cent», Eminem», եւ առիթը բաց չթողնելով նրանք խմեցին
հենց «50 cent»-ի կենացը՝ Eminem-ի գլխավորությամբ: Երիտասարդների մեծ մասը
սիրում է, ինչպես իրենք են ասում՝ դանդաղ երաժշտություն: Նրանց մեծ մասը լիցքաթափվում
է հայկական մուղամի հնչյունների տակ, ոմանք նախընտրում են «արտասահմանյան դանդաղը»:
Ի դեպ, աճելու միտում ունի, այսպես կոչված, բլատնոյ երգերի սիրահարների թիվը, եւ
այդ ոճի երկրպագուները դժգոհում են, որ նման երգեր սրճարաններում քիչ են հնչում:
Դժվար իրավիճակ է սփյուռքահայերի համար: Նկարում պատկերված այս երկու աղջիկները
դժգոհեցին, որ Հայաստան են եկել մեր մշակույթին ու նաեւ ազգային երգին ծանոթանալու,
սակայն բոլոր սրճարաններում եվրոպական ու ռուսական երգեր են լսում: Իսկ հայ կինոռեժիսոր
Վահան Աբրոյանի (նկարում) կարծիքով, «ազգայինը՝ դուդուկը, զուռնան, քամանչան ընդհանրապես
անտեսված են, ժողովրդական երգն ու գործիքներն էլ, համենայնդեպս՝ սրճարաններում, մոռացված
են»: Մի քանի սրճարանների երաժշտական մասի պատասխանատուները մեզ տեղեկացրին,
որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են ուզում լսել մարդիկ: «Մենք նվագում ենք մեր ծրագիրը:
Այն ավարտելուց հետո սկսվում է պատվերով համերգը»,- ասացին նրանք: Այ, այդ ժամանակ,
հնարավոր է մի փոքր բազմազանություն: Սակայն այս մարդիկ հաստատ Eminem-ին չեն կարող
կրկնօրինակել, լավագույն դեպքում նրանք կերգեն ռուսական երգեր՝ խիստ հայկական առոգանությամբ:
Երիտասարդների մեծ մասն այցելում է սրճարան ոչ թե երգ լսելու, այլ հանգստանալու
համար: Ոմանց չի հետաքրքրում՝ երգ կլինի՞, թե՞ ոչ: Հանգիստ կամ դանդաղ կոչվածն էլ
Օպերայի եւ Օղակաձեւ զբոսայգու շրջակայքում գործող սրճարանների այցելուների համար
հարաբերական է, քանի որ երեկոյան ժամերին հանգստանալու փոխարեն գլխացավ են «վայելում»:
Երեկոյան, երբ մարդկանց մեծ հոսք կա, կողք կողքի գտնվող յուրաքանչյուր սրճարանում
հնչում են տարբեր երգեր, դրան գումարվում են մարդկանց ձայները, եւ երեկոյան հանգիստը
վեր է ածվում անկանոն աղմուկի: Չնայած այս ամենին՝ դժվար է գտնել մի մարդու,
որ սրճարանում նյարդեր քայքայող երաժշտության համար բողոքի սրճարանատերերին. նախ
այն պատճառով, որ ամենաքիչը կստանա «ձեռ չի տալիս՝ գնա ուրիշ տեղ» պատասխանը, եւ
հետո՝ մեր դիտարկմամբ, հայերն իրենց հանգիստն անցկացնելու հարցում բծախնդիր չեն:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել