Տուժող Սուսաննա Փաշոյանը չի ուզում, որ դատարանում շեշտվի իր մասնագիտությունը
Ազատ Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործի երեկվա դատաքննության ժամանակ տուժող ճանաչված մարմնավաճառ Սուսաննա Փաշոյանը նեղացել էր նաեւ մեր նախորդ հրապարակումից, հայտարարելով, որ մեր գրածն իրեն վարկաբեկում է:
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան է դիմել ամբաստանյալ Ազատ Առաքելյանը, որին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 8 տարի ազատազրկման: Վերջինս մեղադրվում է «մարմնավաճառությամբ զբաղվող տուժող» Սուսաննա Փաշոյանին (մեջբերում քրգործից) առեւանգելու, նրան հոգեկան տառապանքներ պատճառելու եւ խոշտանգելու համար: Երեկ դատարան էին ներկայացել Ս. Փաշոյանը եւ հաջորդ տուժողը՝ Լեւոն Դոխոլյանը: Երբ ամբաստանյալի պաշտպան Վովա Հախվերդյանը պնդեց իրենց վերաքննիչ բողոքը եւ շեշտեց, որ իր պաշտպանյալը մարմնավաճառ Ս. Փաշոյանին տաքսի ավտոմեքենայով է տարել, իսկ վարորդին դատարան չեն կանչում, մարմնավաճառը ընդվզեց, ասելով՝ մի վիրավորեք: Վ. Հախվերդյանը փոխեց դիմելու ձեւը, Փաշոյանի անվան դիմաց արտաբերելով «ակադեմիկոս Ս. Փաշոյան»: Այստեղ արդեն չդիմացավ «ակադեմիկոսը» եւ հորդորեց պաշտպանին. «Անձս չվիրավորես»: Ի դեպ, երեկ նախագահող Մանուշակ Պետրոսյանն էլ դիտողություն արեց տուժողին. «Նորմալ վարքագիծ դրսեւորեք, ձեր զգացմունքները պահեք»:
Ս. Փաշոյանը երեկ դատարանում ցուցմունք տվեց, որ իր եւ ամբաստանյալի միջեւ հարաբերությունները եղել են թշնամական, միմյանց հետ ծանոթացել են 2003-ին, վարձով է ապրել, միառժամանակ տեղափոխվել է Ազատ Առաքելյանի տանը ապրելու: Այնուհետեւ պնդեց, որ իրեն անբաստանյալը առեւանգել է եւ ոչ այն տաքսի մեքենայով, որի մասին ապացույցներ են ձեռք բերվել գործի նյութերով: Նա ասաց, որ ճանաչում է այդ վարորդին՝ «տարիքով տղամարդ է, երկու տղա ունի, Ծերեթելիի անկյունում էլ՝ խանութ»: Իսկ երբ դատավորը փորձեց ճշտել անունը, անձնական տվյալները, ասաց՝ կներկայացնի հաջորդ դատական նիստին:
Նա նկարագրեց 2004-ի հուլիսի 12-ին առեւանգելու դրվագը. «Մտածում էի՝ տուն կտանի կամ աննպատակ ինչ-որ գերեզմաններ: Եկանք Ազատենց տուն, ուզում էր, որ ես ցուցմունք տայի, թե տղես է վիրավորել «Տբուլին»: Դե, նա մականունով է: Ախպերը մկրատ բերեց, սա էլ սկսեց մազերս խուզել, թե իբր չի ուզում, որ զբաղվեմ մարմնավաճառությամբ»: Ս. Փաշոյանի տղան այդ ընթացքում փնտրում է մորը, այնուհետեւ գալիս ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտարարություն տալիս, որ մորը գողացել են: Իրավապահներից մեկը զանգում է Ա. Առաքելյանին: Վերջինս չիմանալով, թե ում հետ է խոսում, պատասխանում է. «Սաունայում կայֆավատ եմ լինում»: «Մթնոլորտը փոխվեց, երբ իմացավ ով է»,- շարունակեց Ս. Փաշոյանը: Վերջինս նկարագրեց, որ «քաչալացած», պարիկը գլխին գալիս է բաժին: Մի բան, որ նախաքննության ժամանակ չէր ասել:
Այնուհետեւ Փաշոյանը հիշեց, թե երբ Ա. Առաքելյանը հիվանդանոցում պառկած է եղել՝ ձեռքը վիրավոր, ինքն է խնամել, իսկ երբ կորել է բջջային հեռախոսը, նա փորձել է այն գցել իր տղայի մոտիկների վրա: Ըստ տուժողի, իր տղայից Առաքելյանը պահանջել էր 1000 դոլար, եւ ինքը մշտապես վախեցել է իր 16-ամյա աղջկա եւ 25-ամյա որդու համար:
Ի դեպ, վերջինս, մեր տեղեկություններով, այս պահին ձերբակալված է: Երբ ամբաստանյալի պաշտպանը փորձեց իմանալ, թե ինչու տուժողը ժամանակին չի դիմել իրավապահներին, պատասխանեց. «Վախենում էի, որ կխփեն տղայիս եւ աղջկաս: Մեղվի բունը մատ չմտցնես»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Դատարանում ոստիկաններից մեկը, որը ստուգում էր իմ պայուսակը, ձայնագրիչս վերցնելով հարցրեց. «Պիտի ձայնագրե՞ս»: