Մոտ
մեկ մետր լայնությամբ բազալտե այս սալիկները (տե՛ս լուսանկարը) սպառնում են ընկնել
«Բարեկամություն» մետրոյի անցումներով ելումուտ անող մարդկանց գլխին: Խորհրդային
տարիներից վերանորոգման երես չտեսած անցումների պատերը սալիկաթափ են լինում: Մասնավորապես
սարսափելի վիճակում է դեպի Մերգելյան ինստիտուտ տանող անցումը: Քարերը անջատվել են
ընդհանուր պատի երկաթբետոնից եւ ամեն վայրկյան կարող են թափվել, չհաշված, որ ընկածներ
էլ կան, որոնց տեղերը դատարկ են մնացել՝ փչացնելով գեղագիտական տեսքը: «Բարեկամություն»
մետրոյի հրապարակը ծանրաբեռնված է ավտոմեքենաներով ու մարդկանցով: Այդ հատվածով օրական
հազարավոր մարդիկ են անցնում: Էլ չենք ասում, որ հենափայտով կամ տարեց մարդիկ չկարողանալով
իջնել կամ բարձրանալ անցումի մեկումեջ բացակայող աստիճաններով, կառչում են պատերից՝
վտանգի ենթարկելով իրենց: Բարեհաջող հաղթահարելով անցումի մուտքը, մարդիկ հայտնվում
են մութ տարածությունում: Մինչեւ ընդհանուր գետնանցում հասնելը մի որոշակի հատված
չի լուսավորվում հերիք չէ, հատակը խորդուբորդ է, այստեղ եւս հատակի սալիկները պոկված
են ու ջարդված: Մարդկանց քայլելու համար մի քանի սանտիմետր տարածք է հատկացված, քանի
որ այդ մասում են կայանում գետնանցումի սննդի եւ հագուստի վաճառքի կետերի ապրանք
տեղափոխող երկաթե հսկայական սայլակներն ու կշեռքները: Դրանց վրա ընկնելու հավանականությունն
էլ է մեծ, հատկապես այն ժամանակ, երբ ցերեկվա լույսից մտնում ես մութ անցում: Գետնանցումի
այդ մասում երբեմն թափվում են սննդի մնացորդներ, ուշ ժամերին էլ այն որպես զուգարան
է ծառայում, ինչը ապահովում է շուրջօրյա գարշահոտություն: Մինչեւ ընդհանուր գետնանցում
մտնելը, այդ հատվածով անցնելիս մարդիկ շունչը պահած են անցնում, քանի որ այստեղ էլ
նրանց բաժին թթվածինը համեմված է լինում գետնանցումում տեղակայված պոնչիկ-պերաշկու
«արտադրամասերից» արձակվող ձեթի, աղացած սուրճի, ապխտած ձկան, հոտած պանրի, խորովածի
եւ այլ հոտերով: Ընդամենը մեկ պտույտը բավական է, որպեսզի ոտքից գլուխ օծվես այդ
«բուրմունքներով»: Ձայնագրման կետերից արձակվող անճաշակ երաժշտությունն էլ «նպաստում»
է, որպեսզի մոռանաս, թե ինչի համար ես անցում մտել: Գետնանցումների տեսքի, լուսավորության,
սպասարկման կետերի պատասխանատուն թաղապետարաններն են, տվյալ դեպքում՝ Արաբկիրի թաղապետարանը:
Հատկապես «Բարեկամություն» մետրոյի անցումը առեւտրի կետերի, սննդի օբյեկտների ծանրաբեռնվածությամբ
գերազանցում է մայրաքաղաքի մնացած անցումներին: Ընդհանրապես, մեր քաղաքում անցումները
դադարել են բուն նպատակին ծառայել: Շատ դեպքերում մարդիկ հիմնականում գետնանցում
են մտնում առեւտուր անելու, ոչ թե անվտանգ փողոցն անցնելու կամ մետրոյից օգտվելու
նպատակով: Իհարկե, քաղաքապետի ցուցադրական շրջայցերի ժամանակ անցումներում
առեւտրի տաղավարները մետրերով հետ են քաշվում: Քաղաքի մի շարք անցումներով
էլ մարդիկ խուսափում են անցնել՝ հակասանիտարական վիճակի եւ վտանգավոր լինելու պատճառով:
Օրինակ, «Ձկան խանութի» մերձակա, «Լամբադա» կամրջի անցումները, որոնք «անմարդաբնակ»
են եւ հանցագործների, նարկոմանների, մանյակների գործունեության համար «նպաստավոր»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ