Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿՑԻՆԵՐՆ ԷԴ ՄԱՐԶՊԵՏԻ ՁԵՌՔԸ ՄԵՂՔ ԵՆ»

Հուլիս 23,2005 00:00

Ասում է մարզպետարանի քաղաքաշինութայն
վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանը: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը
իր պաշտոնավարումը սկսել եւ շարունակում է արտասովոր կոնֆլիկտներով. վերջինս իր կարճատեւ
գործունեության ընթացքում հասցրեց թշնամիների հսկա բանակ ձեւ ավորել. էլ Գյումրիի
քաղաքապետ Վարդան Ղուկասյան, Ողջիի գյուղապետ Սարգիս Ավագյան, Ազգային ժողովի պատգամավորներ
Սամվել Բալասանյան ու Հովհաննես Մարգարյան: Իսկ նախկին ՕԵԿ-ական փոխմարզպետի հետ
յոլա չգնալու փաստի մասին մեր թերթով խոստովանեց անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Օրերս էլ, ինչպես արդեն գրել ենք, նա հարկադրեց «սեփական դիմումի» համաձայն աշխատանքից
ազատվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ, քաղծառայող Արտաշես Սարգսյանին:
«Առավոտը» փորձեց վերջինից պարզել, թե որո՞նք են Ռոմիկ Մանուկյանի եւ իր միջեւ առաջացած
կոնֆլիկտի պատճառները, իրականում դրանք աշխատանքայի՞ն են, թե՞ անձնական: –
Ես երբեք չէի պատրաստվում դիմում տալ, բայց իմ բարոյական բարձր աստիճանը թույլ չտվեց
ստեղծված ինտրիգային պայմաններում աշխատել: Մարզպետը շարունակ փնտրելով՝ իմ աշխատանքի
մեջ թերություններ չգտավ ու սկսեց ցածր պայքար բնակարանների գնման վկայագիր եւ գյուղական
վայրերի շինարարություն ծրագրերը, որ ինքը ձախողել էր, 4 ամիս չէր կարողանում իրականացնել,
նույն աշխատանքը մակագրել էր ինձ անցած ուրբաթ՝ մեկ օրվա ընթացքում իրականացնել եւ
ներկայացնել գնումների գործակալություն, այն դեպքում, երբ դիմացը շաբաթ -կիրակի էր՝
չպատկերացնելով դրա հսկայական ծավալները: Մարզպետն առհասարկ Գյումրիում, Շիրակի մարզում
ոչինչ չի կարողանում իրականացնել. անճարունակ է, նրա պատճառով ամբողջ Շիրակի մարզն
է տուժում: Ռոմիկ Մանուկյանի Շիրակի մարզ գալով՝ մարզը զրկվեց ամեն տեսակի գործառույթներից,
ոչինչ չունեցավ, բացի մի շենքից: Փիրումյանի օրոք շաբաթական երկու-երեք անգամ քննարկում
էինք, թե քաղաքաշինական ոլորտում ինչ հիմնախնդիրներ կան, ինչ կարգադրություններ են
տրվել: Մանուկյանի օրոք քաղաքաշինական քննարկումներ ընդհանրապես չեն եղել, պատկերացրեք՝
վերջին քննարկումը եղել է անցած տարվա դեկտեմբերի 7-ին, ընդ որում՝ նախագահի պահանջով:
Զոհերի հիշատակին պսակ դնելուց հետո Քոչարյանը մեկ ժամ տրամադրեց քաղաքաշինական խնդիրները
լսելու եւ դրանից հետո մինչեւ օրս ոչ մի քաղաքաշինական, կառավարության որոշման քննարկում
մարզպետի կաբինետում չի եղել, այնտեղ միայն տուն է բաժանվել: – Մեր տեղեկություններով,
շինարարները վերջին ամիսներին զրկված էին աշխատավարձ ստանալու հնարավորությունից,
գուցե պատճառը մարզպետի հետ ունեցած ձեր անձնական հաշիվնե՞րն էին: – Իմ դիմում
ներկայացնելու պատճառներից մեկն էլ հենց դա էր. մոտ երկու ամիս շինարարների կատարողականները
չէր ստորագրում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, ես անմիջապես զգացի, որ շուտով
բանվորությունը կբողոքի, որ փող չի ստացել: Մարզպետը չգիտես ինչու մտածում էր, որ
ինձ պատժելու համար ամբողջ շինարարներին պիտի պատժի, նա ընդհանրապես գյումրեցիներին
չի սիրում, ինչն արդեն ապացուցել է իր գործունեությամբ: Բացի այս, շատ վատ վիճակում
էին հայտնվել իմ վարչության աշխատողները, որովհետեւ Ռոմիկ Մանուկյանը նրանց հանձնարարել
էր հարաբերվել ուղղակիորեն իր հետ, հեռու մնալով ինձանից, մարդիկ ճնշված էին զգում՝
չգիտեին մարզպետի՞ ասածը անեին, թե՞ իմ: Իսկ մեր կոնֆլիկտը սկսվել է հենց նրանից,
երբ մարզպետը նոր պահանջներ էր ներկայացնում շինարարներին, նոր մեթոդներ էր մտցնում
մեր ոլորտում, ես ըմբոստացա՝ ասելով, որ նման մոտեցման դեպքում շինարարները առնվազն
կդատվեն: Մարզպետը մանկլավիկներով է շրջապատված, ինձ փորձում էին պահել աշակերտի
կարգավիճակում, ասելով՝ ինչո՞ւ ես 6 -ին 15 պակաս դուրս եկել աշխատանքից, քո աշխատանքը
ուղիղ 6-ին է ավարտվում, ես չկարողացա նման նենգ պայմաններում աշխատել: –
Փաստորեն, ստացվում է, որ մարզպետն ավելի հզոր է, քան քաղծառայության համակա՞րգը:
Չե՞ք փորձել պաշտպանություն գտնել այնտեղ: – Ես դիմեցի խորհրդի հեղինակավոր
անդամներից մեկին, բայց նա պատասխանեց, թե մտածեք- գրեք, հետո ինձ ասացին, որ սխալ
անձնավորության եմ դիմել: Դա շատ անկաշառ անկյուն է, ես այնտեղ ատեստավորվել ու մաքուր
մոտեցում եմ տեսել, բայց ցավալիորեն ինձ չկարողացան պաշտպանել: Մարզպետը ակնկալում
էր, որ ես քաղծառայողի ատեստավորումից «կկտրվեմ»: Մեր կոնֆլիկտից հետո ես մոտեցա
մարզպետին, բայց նա երդվեց, որ մեր հարաբերությունները լավ են, ինքը չէր ուզենա,
բայց, չգիտես ինչու, ստիպված է ինձնից ազատվել: Մի քանի անգամ էլ մարզպետի կողմից
արծարծվել է, թե ես, լինելով քաղծառայող, զբաղված եմ բիզնես անելով, ես իմ ամբողջ
կյանքում պաշտոններ եմ զբաղեցրել՝ պետական աշխատող եմ եղել եւ եթե իմ տղաները հաջողակ
բիզնեսմեն են, դա չի նշանակում, թե ես եմ զբաղվում բիզնեսով, թեեւ գտնում եմ, որ
ավելի լավ է ինչ-որ տեղ խախտել քաղծառայության օրենքը, մի քիչ բիզնեսով զբաղվել,
եթե աշխատավարձդ քիչ է, քան պետական աշխատանքը դարձնել անձնական բիզնես, ինչպես որ
մեր մարզպետն է արել: – Ի՞նչը նկատի ունեք: – Թող քաղաք դուրս գա,
տեսնի ինչ են խոսում իր հասցեին, միայն բնակբաշխումը հերիք է, խայտառակություն էր:
Հարց չեք տալիս՝ ինչո՞ւ են «Լինսիի» բնակարանների դռների 30 տոկոսը փակ, ինչո՞ւ քաղաքապետարանի
կողմից ներկայացված 4600 անօթեւանների թիվը չի պակասում, ինչո՞ւ տնակները քաղաքից
չեն պակասում, ինչո՞ւ վաղուց Ռուսաստան գնացած գյումրեցիները հանկարծ էդ ընթացքում
հայտնվեցին: Հնարավորություն ունեցող մարդիկ Մոսկվայից եկան տները ստացան-գնացին,
ճիշտ է, նրանք համապատասխան փաստաթղթեր ունեին, բայց հարցին փաստացի մոտեցում չցուցաբերվեց,
խեղճ տատիկ-պապիկները դարձյալ մնացին տնակներում: «Լինսիի» բնակարաններում էլ գժվեցինք
ամբողջ ձմեռ կոմունալ հարցեր լուծելուց, մեկը չի ապրում՝ ջուրն է սառել, մյուսի բնակարան
է լցվել եւ այլն: Ես երաշխավորում եմ. եթե մի հատ հանձնաժողով գա ու մարզպետին ասի,
որ նա Գյումրիի կառույցներից մեկը ուղեկցի, տեղը չգիտի, գալիս-նստում են աթոռներին
ու զբաղված են փաստաթղթային մերժումներով: Իսկ Փիրումյանին քաղաքի բոլոր բնակիչներն
էին ճանաչում: Վստահ եղեք, անօթեւանների թիվը հավերժ է, քանի դեռ նման մարզպետներն
են տուն բաժանում: Ավելին, երբ տեղեկություն ստացանք, որ նախագահի մոտ մայիսի 31-ին
պիտի կայանա խորհրդակցություն, գյուղական կիսակառույցների ցանկում ընդգրկված 88 -ից
47-ին մի ժամվա ընթացքում հանեց, նշանակում է՝ դրանք արհեստականորեն էին մտցված:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Մեկ անգամ եւս
հիշեցնում ենք Շիրակի մարզպետին, որ պատրաստ ենք տպագրել իր պարզաբանումները եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել