Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՈՉԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇԻՎ ՄԱՔՐԵԼՈՒ
ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅԼ ԵՆ»

Հուլիս 23,2005 00:00

Ասում է Լոռու մարզպետ
Հենրիկ Քոչինյանը՝ ի պատասխան իր գործունեությանն առնչվող որոշ խնդրահարույց հարցադրումների:
Պատասխան խաղ չեղավ Երբ այս տարվա մայիսին Ալավերդու քաղաքապետի ընտրություններում
ՀՀԿ պաշտպանյալ թեկնածուն՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ
Էդուարդ Շարմազանովը պարտվեց էլցանցի տնօրեն, խանութների եւ ավտոկանգառների սեփականատեր
Արթուր Նալբանդյանին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր
Արմեն Աշոտյանը չհապաղեց դրա համար մեղադրել նաեւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին:
Թեեւ մարզպետը Հանրապետականի անդամ է եւ կուսակցության մարզային կառույցի ղեկավարը՝
Արմեն Աշոտյանը հրապարակավ հայտարարեց, թե Հենրիկ Քոչինյանն ակնհայտորեն աշխատել
է ՀՀԿ թեկնածուի դեմ. «Եվ սա ներկուսակցական քննարկման առարկա կդառնա. գոնե մեր՝
երիտասարդական կազմակերպության կողմից այդ խնդիրն արծարծվելու է»: ՀՀԿ երիտասարդական
կազմակերպության ղեկավարը նաեւ ասել էր. «Ընտրապայքարը կարող եմ համեմատել ֆուտբոլային
խաղի հետ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընդդեմ ՀՀԿ Լոռու մարզային կառույցի:
Խաղն արտագնա էր: Եվ մեր բոլոր ջանքերով հանդերձ՝ արձանագրում ենք մեր պարտությունը:
Բայց կարող եմ ասել, որ հաշիվն այնքան էլ խոշոր չէ: Եվ կա նաեւ պատասխան խաղի հնարավորություն,
որը կայանալու է, բնականաբար, մեր դաշտում: Ես վստահ եմ, որ կկարողանանք պատասխան
խաղի ընթացքում, համապատասխան եզրակացություններ անելու դեպքում, մեր դաշտում հասնել
հաղթանակի»: ՀՀԿ խորհրդի այլ անդամներ եւս արտահայտվում էին մարզպետին կուսակցական
պատասխանատվության ենթարկելու օգտին: Հենրիկ Քոչինյանն այդ ամենի մասին մեր
հիշեցմանն ի պատասխան ասաց. «Թե ինչ է հայտարարել Արմեն Աշոտյանը՝ իր խնդիրն է, ես
ուրիշի հայտարարությունները մեկնաբանելու խնդիր չունեմ: Հանրապետական կուսակցությունը
Լոռիում ամենաուժեղներից մեկն է, եթե ոչ ամենաուժեղը՝ բոլոր մարզերում: Ես ամեն ինչ
արել եմ ու պիտի անեմ, որ կուսակցությունը լինի ամենաուժեղը: Ու կուսակցական էթիկան
թույլ չի տալիս, որ նման հայտարարություններով հանդես գան, այլ պիտի նստեն ու քննարկեն
խնդիրները: Այ, երբ իրոք ներկուսակցական քննարկման առարկա դարձնեն՝ ուրիշներն էլ
ներկա կլինեն»: Սարքեր՝ պարտքի դիմաց Նախկին արդյունաբերական քաղաք
Վանաձորում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատատեղերի հարցը: Եվ ոչ միայն: Այդպես
էլ լիարժեք չվերագործարկվող Վանաձորի քիմիական գործարանի բանվորներն իրենց աշխատավարձերի
պարտքերը ստանալու համար 1-2 ամիս առաջ անգամ հայտարարեցին ծայրահեղ միջոցի՝ հացադուլի
դիմելու պատրաստակամության մասին: «Հացադուլի ոչ ոք չի դիմել: Ընդամենը խոսակցություններ
էին,- ասաց Հենրիկ Քոչինյանը:- Մոտավոր թվեր եմ ասում՝ գործարանում կա շուրջ 700
հազար դոլարի աշխատավարձի պարտք, որ կուտակվել է 2002 թվականից մինչեւ այսօր: Ամեն
ամիս վճարվում է ընթացիկ աշխատավարձ եւ մի ամիս՝ 2002-ի վերջի ամսվա պարտքը, մյուս
ամիս՝ 2004-ի: Այլ տարբերակ չկա: Հիմա, եթե միայն 2002-ի պարտքը սկսես մարել, 2004-ը
կբողոքի եւ հակառակը: Գործարանը ներքին ռեզերվներ է ստեղծել՝ այն սարքավորումները,
մետաղը, պատրաստի արտադրանքը եւ այլն, որ իրենց պետք չի՝ վաճառում են, ստեղծված գումարից
մարում աշխատավարձի պարտքերը, եւ միաժամանակ ստեղծում շրջանառու միջոցներ: Եվ մոտ
ժամանակներս կաշխատի արտադրամասերից մեկը: Արդեն հայտարարություն են տվել աշխատողներ
ներգրավելու մասին»: Գումարները փոշիացվե՞լ են Մարզպետին խնդրեցինք
պարզաբանել այն լուրերը, որ պետբյուջեից դպրոցների եւ կենցաղի տան նորոգման համար
նախատեսվող գումարները փոշիացվել են՝ խոսքը 15-40 մլն դրամ կազմող միջոցների մասին
է: Եվ որպես դրա հետեւանք՝ մասնավորապես 25-րդ, 30-րդ եւ Մարգահովիտի դպրոցների տնօրենները
հրաժարվել են ստորագրել նորոգման ակտերի տակ: «Եթե ես ձեզ ստորագրած ակտերը հիմա
ցույց տամ՝ նա, ով փոխանցել է այդ տեղեկատվությունը՝ պատրա՞ստ է ներողություն խնդրել,
թե՞ ոչ,- հարցրեց Հենրիկ Քոչինյանը:- Անխտիր բոլորը ստորագրել են: Եվ ես կարող եմ
նաեւ ասել այդ տեղեկատվությունը տվողի անուն-ազգանունը: Պարզապես թող իմանա՝ Քոչինյանի
հետ հաշիվ մաքրելու միջոցներն այլ են»: Ի դեպ, չնայած մեր խնդրանքին՝ մարզպետը
չբարձրաձայնեց իր կասկածները տեղեկատվության աղբյուրի վերաբերյալ: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել