Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՄԱՏ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ

Հուլիս 23,2005 00:00

Եթե
չստացվի՝ փաստաթղթեր թափ կտա Երեկ կայացած քաղխորհրդի ընդլայնված նիստում
Միավորված աշխատանքային կուսակցությունը որոշում կայացրեց «ակտիվորեն մասնակցել»
աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նմանօրինակ
որոշման պատճառն այն է, որ իշխանության գալու եւ իր ծրագրերն իրականացնելու միակ
ճանապարհը ՄԱԿ-ի համար ընտրություններն են: Սա, իհարկե, չի նշանակում, որ ՄԱԿ-ը Հայաստանում
արտահերթ եւ արտակարգ իրավիճակները բացառում է: Նրանք «սեւ օրվա» համար էլ «պլան»
ունեն: Իսկ մինչ այդ ՄԱԿ-ը «սառը պատերազմ» է հայտարարում կոալիցիային, եւ ինչպես
արտահայտվեց Գուրգեն Արսենյանը՝ շարունակելու են «չորով»: Ըստ այդմ, կուսակցության
գաղափարական հակառակորդը լինելու է ՀՅԴ-ն, ադմինիստրատիվ հակառակորդը՝ ՀՀԿ-ն, մասամբ
էլ՝ ՕԵԿ-ը: Պարոն Արսենյանի ականջին շշուկներ են հասել, որ «որոշ մարզպետներ իրենց
իրավունք են վերապահում դուրս գալ իրենց վերապահված գործառույթների շրջանակից: Դա
կարող է բերել իրավական հետեւանքների այդ մարզպետների նկատմամբ: Այն, ինչը վստահված
է մարզպետին, որպես պետական կառավարման գործառույթ, չի կարելի ՏԻՄ ընտրությունների
ժամանակ կիրառել որպես լծակ: Եթե տարածքներում վարկային ծրագրեր են իրականացվում՝
մարզպետն իրավունք չունի շանտաժի ենթարկել համայնքի ղեկավարներին, թե՝ եթե ձեզ իմ
ասածով չպահեք, վարկային ծրագրերից դուրս կմնաք: Ես հիմա նախազգուշացում եմ հնչեցնում.
եթե այդ մարդիկ շարունակեն նման գործունեությամբ հանդես գալ, այդ դեպքում կհնչեցնենք
անունները եւ համապատասխան գործընթաց կսկսենք նրանց դեմ՝ իրավապահ մարմիններում»:
Առաջին կոմպրոմատը կհրապարակվի ՀՅԴ-ի դեմ: Գ. Արսենյանի փոխանցմամբ՝ իրենք
այժմ փաստեր են հավաքում ԱԺ-ին ներկայացված համապետական նշանակություն ունեցող առողջապահության
ոլորտին առնչվող վարկային մի ծրագրի չարաշահումների եւ վատնումների մասին: Հիշեցնենք,
որ ՀՀ առողջապահության նախարարը ներկայացնում է ՀՅԴ-ն: «Այդ ծրագիրը սպասարկեց կոալիցիայի
անձնական շահը»,- հայտարարեց պարոն Արսենյանը: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՄԱԿ-ը
ընդդեմ Դաշնակցության կպայքարի նաեւ ընդդիմության հետ համաձայնեցված ու համագործակցելով:
Բայց եթե մի համայնքում ՀՅԴ-ն թեկնածու ունեցավ կամ հայտարարեց որեւէ մեկին պաշտպանելու
մասին, ՄԱԿ-ը նույնպես կառաջադրի իր թեկնածուին կամ կպաշտպանի որեւէ մեկին։ Կուսակցության
կառույցների ղեկավարները, վարչության անդամները հրահանգ ստացան հնարավորություն չտալ
հանրապետականներին ՏԻՄ ընտրությունների ժամանակ օգտագործել իրենց ունեցած ադմինիստրատիվ
ռեսուրսը: «Ընտրությունների արդյունքների վրա ոչ ոք չպետք է կարողանա ազդել: Քվեատուփերում
ինչ կա, այն էլ պետք է հրապարակվի: Դրսում ինչ ուզում են՝ թող անեն, ինչքան ուզում
են՝ սելիտրա բաժանեն, մարդկանց հետ ոնց կաշխատեն՝ թող աշխատեն: Արդյունքները չպետք
է կեղծվեն»,- կուսակիցներին հանձնարարեց Գ. Արսենյանը: Հակառակ պարագայում սպառնաց,
որ հանրապետականների դեմ ունեցած կոմպրոմատներն էլ կհրապարակեն: ՕԵԿ-ի դեմ կօգտագործվի
իրենց իսկ պոպուլիզմը: ՄԱԿ-ականները ժողովրդին կհիշեցնեն, թե ինչքան եւ ինչ խոստումներ
է տվել այդ կուսակցությունը եւ չի կատարել: Պայքարի այս ձեւից զատ, սեպտեմբեր
ամսից սկսած՝ ԱԺ-ում ՄԱԿ-ը կոալիցիա երեւույթի դեմ ընդհանուր պայքար էլ կսկսի՝ ԱԺ
ամբիոնից ներկայացնելով նրա՝ 2004-2005 թթ. գործունեությունը: ՄԱԿ-ը պատրաստվում
է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել «արմատական օրենսդրական նախաձեռնություններ». ենթադրաբար
դրանք միտված են լինելու մեր կյանքը վարդագույն դարձնելուն: Եվ քանի որ ՄԱԿ-ում վստահ
են, որ կոալիցիան «դեմ» է քվեարկելու այդ նախաձեռնություններին, այդ իսկ պատճառով
մեր կյանքը վարդագույն չի դառնալու: Ուստի՝ «կստիպենք, որ կոալիցիան քվեարկությունով
խոստովանի իր չկայացածությունը, որովհետեւ եթե մերժում են լավ բանը, ուրեմն իրենք
վատի կողմն են»,- ասում է պարոն Արսենյանը: Ի դեպ, Գավառ, Մասիս, Բերդ քաղաքներում
ՄԱԿ-ը կներկայացնի քաղաքապետի սեփական թեկնածուներին: Երեւանի Արաբկիր համայնքում
այս անգամ կուսակցությունը թաղապետի թեկնածու կառաջադրի կուսակցության գործադիր վարչության
տնօրեն Դավիթ Գյուլումյանին: Նախորդ ընտրություններում ՄԱԿ-ը պաշտպանում էր գործող
թաղապետ Լեւոն Հարությունյանին: «Ինչո՞ւ եք իրար դավաճանել» հարցին Գուրգեն Արսենյանը
պատասխանեց, որ կուսակցությունը թիմային աշխատանքի կողմնակից է, իսկ պարոն Հարությունյանը՝
հակառակը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել