Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրիմադոննան»

Հուլիս 22,2005 00:00

«Պրիմադոննան» գիտի իր տեղը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի սիրված դերասանուհի Մարիամ Ղազարյանի համար տարին հոբելյանական է: Դերասանուհին 30 տարի անընդմեջ բեմ է բարձրանում հիշյալ թատրոնում: Թեեւ այսօր նրա մարմնավորած դերերը հասնում են շուրջ 40-ի, սակայն դերասանուհուն ժողովուրդը «ընկալում» է որպես Ադելաիդա: Վերջինս 1979թ. բեմադրված Ժ. Անանյանի «Տաքսի-տաքսի» կատակերգության (բեմադրող ռեժիսոր՝ Մարատ Մարինոսյան) հերոսուհին է: Չժխտելով այս փաստը, Մ. Ղազարյանն ասաց. «Մի առիթով ճանաչված դերասան Զինովի Գերդտը նշեց, որ իր կարիերայի համար «արգելք» է հանդիսացել հանրահայտ Պանիկովսկու կերպարը: Ըստ երեւույթին, իմ դեպքում էլ է այդ տարբերակը»: Դերասանուհին ասածին ավելացրեց. «Արտերկրյա հյուրախաղերի ժամանակ, երբ մեր հայրենակիցները հրավիրում էին ժամանցի, որպես օրենք, սկզբում առաջարկում էին դիտել «Տաքսի-տաքսին»: Մեր հետաքրքրությանը՝ ո՞վ է իր «կնքահայրը»՝ որպես դերասանուհի, Մ. Ղազարյանը հայտնեց, որ գեղարվեստաթատերական ինստիտուտի 3-րդ կուրսում, երբ ինքը խաղում էր մեծահասակ կնոջ փոքր մի դեր («Իմ չքնաղ լեդի»-ում՝ միսիս Փիրս), Կարպ Խաչվանքյանը նկատել է իրեն ու հրավիրել կոմեդիայի թատրոն: Հարցին՝ այսօր ձեզ անվանում են թատրոնի պրիմադոննա եւ խոսակցություններ են պտտվում իբր, մեղմ ասած, շատ խիստ եք թատրոն մուտք գործող նոր սերնդի հանդեպ, դերասանուհին պատասխանեց. «Անվիճելի է՝ թատրոնում ինտրիգներ եղել են, կան ու կլինեն: Բայց ես գիտակցում եմ, որ հավիտենական չեմ ու ոչ էլ ամենակարող: Այնպես, ինչպես ժամանակին ես եկա, բեմ բարձրացա Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի եւ մյուս մեծերի հետ, բնական է, այսօր էլ երիտասարդներ են գալիս ու պետք է գան: Ինչ վերաբերում է «պրիմադոննա» բառին, առաջին հայացքից գուցե անհամեստ, բայց իրականությանը համապատասխանող միտք հայտնեմ. այո, ես ինձ տեր եմ զգում այս թատրոնում: Մի կողմից կյանքիս 30 տարիները, մյուս կողմից՝ 17 տարի թափառելուց հետո, երբ «տուն» չունեինք, կոլեգաներիս հետ աշխատում էինք թատրոնի նոր շենքը կառուցող շինարարների կողքին: Գաղտնիք չէ՝ բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել արտերկրում աշխատելու, բայց չեմ ընդունել, թեպետ գիտակցել եմ, որ ժամանակավոր եմ բացակայելու Հայաստանից ու իմ կոլեկտիվից»: Անդրադառնալով «պրիմադոննային» (ըստ երեւույթին, դերասանուհին շատ շոյվեց- Ս. Դ.), Մ. Ղազարյանը նշեց, որ աշխարհահռչակ դերասանները այս կամ այն առաջարկության դեպքում, երբ տեսնում են, որ տարիքի հետ կապված դերը չի համապատասխանում՝ հրաժարվում են: Կամ, թատրոնի հանրահայտ դերասանները ընդհանրապես հրաժարվում են ֆիլմերում նկարահանվելուց. «Ժամանակին ստացա գլխավոր դերում նկարահանվելու առաջարկ եւ ռեժիսորի ընդամենը մեկ՝ «դուք հայկական դեմք չունեք» արտահայտությունը, փաստորեն, ճակատագրական եղավ իմ՝ որպես կինոդերասանուհու կարիերայի համար»: Նպատակ ունենալով համեմատել իր եւ կոլեգաների հայտնած կարծիքները, կարճատեւ հանդիպման ավարտին Մ. Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է նա վերաբերվում արվեստագետների խղճուկ աշխատավարձին, կոչումներ ստանալուն: Դերասանուհին՝ ի տարբերություն որոշ գործընկերների, տվեց հակիրճ պատասխան. «Իմ տեղը բեմում է: Մնացածը պետության գործն է»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել