Զրոներ՝ հայոց լեզվից Երեկ պարզ դարձան բուհական քննությունների առաջին գնահատականները Հուլիսի 20-ին՝ առաջին օրը, քննություններին չէր ներկայացել դիմորդների շուրջ 10 տոկոսը: ԵՊՀ-ի բակում հավաքված ծնողներից շատերը մտավախություն էին հայտնում, որ բացակաները ոչ արդար ճանապարհով ապագա «20» միավոր հավաքողներն են: Այս տարի գնահատականների չկլորացման հետեւանքով 20 միավորների թիվը կրճատվել է: Երեկ 20 բալ չի գրանցվել ֆիզիկա (ամենաբարձր միավորը՝ 19.8), քիմիա (ամենաբարձրը՝ 19.5), հայոց պատմություն (ամենաբարձրը՝ 19), հայոց լեզու եւ գրականություն բանավոր (այս առարկայից նաեւ 19 բալ չէր գրանցվել, ամենաբարձրը՝ 18) առարկաներից: Ռուսաց լեզվից 18-20 հավաքել էր 23 դիմորդ, հայոց լեզու գրավոր 1-ից՝ 80-ը, հայոց լեզու գրավոր 2-ից՝ 87-ը, իսկ անգլերենից՝ 51-ը: Երեկ անգլերենից քննություն հանձնած դիմորդներից մեկի մայրը վրդովված պատմում էր, որ անցյալ տարի իր աղջկա հարցաթերթիկի առաջադրանքներից մեկը ունեցել է լուծման երկու եղանակ. «Այն տարբերակը, որով աղջիկս էր լուծել, այդ տարբերակը իհարկե սխալ համարվեց: Այս տարի նորից նույն խնդրի առաջ ենք կանգնել: Նա հիմա էլ լուծել է անցյալ տարվա ուղղված տարբերակով, սակայն հիմա էլ պարզեցինք, որ այս տարի հանձնաժողովը նախընտրել է աղջկաս գրած անցյալ տարվա տարբերակը»: Լուծման երկու տարբերակ ունեցող առաջադրանքների գնահատումից դժգոհ էին ծնողներից շատերը, սակայն ներկայանալուց խուսափում էին՝ մտածելով, որ միգուցե դա հետագայում բացասաբար անդրադառնա իրենց երեխաների գնահատականի վրա: Անցած մեկ օրվա արդյունքները ամփոփելով՝ նախարար Սերգո Երիցյանը նշում է, որ ցուցանիշները մոտ են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին: Մաթեմատիկայի դեպքում, ըստ նրա, անբավարար ստացածների թիվը քիչ ավելի է անցյալ տարվանից: Հայոց լեզու եւ գրականություն բանավոր քննությունից արդեն գրանցվել են խիստ ցածր առաջին ցուցանիշները: 3 հոգի ստացել է 0 միավոր, 5-ը՝ 2: Սա նշանակում է, որ այս դիմորդներն իրենց մայրենի լեզվից չունեն ամենատարրական գիտելիքները կամ գուցե դպրոց էլ չեն հաճախել: Ի դեպ, հայոց լեզվի գրավորի դեպքում էլ ունենք չորս 0 միավոր: Հուսանք, որ այս դիմորդները չեն էլ ծանոթացել հարցաթերթիկին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ