ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԻՆՔՆԱԹԻՌԸ «ՏՈ՞ՒՆ» Է ՏԱՐԵԼ Երեկ կառավարության շենքի դիմաց իրենց աշխատավարձն էին պահանջում «Հայկական ավիաուղիների» նախկին աշխատակիցները: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը, որ խոստացել էին նրանց տալ այս տարվա մարտին: Ցուցարարներն առաջին անգամ էին կառավարության դուռը եկել: Սնանկացած եւ աշխատակիցներին պարտք մնացած «Հայկական ավիաուղիների» նախկին ավագ իրավախորհրդատու Մարիետա Ղազարյանն «Առավոտին» ասաց, որ պահանջատերերը մոտ 800-ն են: «Մի տարի չթողեցին մեզ աշխատել: Օգուտներն ո՞ւր գնաց: Ու հետո հայտարարվեց, թե «Հայկական ավիաուղիները» սնանկ է, ի վիճակի չէ որեւէ գործարք կատարելու»,- ասում է օդաչուներից մեկը: Ըստ ցուցարարների, 1 մլրդ 808 մլն 490600 դրամը ղեկավարության մեղքով չի տրվել աշխատակիցներին: Օդաչուները, նախկին աշխատակիցները դիմել են ԱԺ, ահազանգելով, որ իրենց ազատել են աշխատանքից անօրինական հիմունքներով: «Մեզ փոխարինել են դրսի մարդիկ, որոնք ավիացիայից ընդհանրապես գաղափար չունեն»,- շարունակում են նրանք: «Օրենքով պետք է դիմեինք դատարան՝ պարտատեր ճանաչվելու,- ասում է հաջորդ ցուցարարը,- դիմեցինք: Սակայն աշխատավարձ չենք ստացել: Իսկ ԱԺ-ից այս տարվա փետրվարի 14-ին պատասխանել են. «Դիմումի մեջ նշված հարցերի վերաբերյալ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ անվճարունակության գործով կառավարիչը հայտնել է, որ 2005թ. փետրվարի 21-ի դրությամբ դուք ընդգրկված եք պարտատերերի ցուցակի մեջ»,- պատմում է ցուցարարներից մեկը: Վճարման ժամկետները վաղուց մարած պետք է լինեին, քանի որ, ըստ բողոքողների՝ կար գույք: Սակայն արժեքավոր գույքը մինչեւ սնանկ ճանաչվելն արդեն օտարվել է: Մնացին սեղան-աթոռներ, որոնք աճուրդի էին հանել եւ գին չեն ունեցել: «Առավոտին» ցուցարարները նաեւ ասացին, որ անհատապես դիմել են դատարաններ: Կայացվել են վճիռներ, որոնք կցվել են պարտատեր ճանաչվելու գործերին: «Մի տարուց ավելի նրանք գործազուրկ են, առանց եկամուտների ապրում են: Մի մասն էլ մահացել է», մեկը մյուսի անելանելի վիճակը նկարագրեցին այսպես: «Ինքնաթիռ ունեինք, որը պետք է վաճառվեր: Սակայն ինքնաթիռը մեր նախկին կոմերցիոն փոխտնօրեն, ԱԺ պատգամավոր Արտյուշա Սիմոնյանի մոտ է», տեղեկացանք ցուցարարներից: Մեր այն հարցին, թե «ուրիշ էլ ո՞վ ինքնաթիռ ունի իր «տան մեջ», պատասխանեցին, որ մի հատն էլ Միկա Բաղդասարովի մոտ էր, որը պարտքի դիմաց տրվել է նրան: «Եթե բոլոր փաստաթղթային հիմքերը բարձրացնենք, նրա պատճառով մենք մեծ վնասներ կրեցինք», կարծում են ցուցարարները: Իսկ Հասարակածային Գվինեայից վերջերս վերադարձած Սամվել Մաճկալյանը նույնպես աշխատավարձ չի ստացել: (Նաեւ մնացած 5 օդաչուները, որոնք բանտվել էին Գվինեայում): «Երբ ամուսինս Մալաբոյում բանտարկված էր, գնացել եմ վարչության պետի մոտ, նա մերժեց գումարը վճարել»,- հուզված պատմում էր Մաճկալյանի կինը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ