ԳԻԶԻՐՅԱՆԸ «ԴԱԲՐՈՆ ՏՎԱ՞Լ Ա» Հուլիսի 20-ին, ժամը 13-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները (թվով 25-30 հոգի) ներխուժել են Մաշտոցի 15 հասցեում գտնվող «Ռեկո-Ռեկորդս» աուդիոսկավառակների ու ձայներիզների արտադրամաս-խանութը: Խանութ-ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Խանոյանն ականատես եղավ, թե ինչպես էին արկղերով դուրս բերվում, առգրավվում ձայներիզները, տեսաերիզները: Հեղինակային իրավունքների պաշտպանության պատրվակով խուզարկություն իրականացնողները Դ. Խանոյանին ցույց չէին տվել խուզարկություն անցկացնելու թույլտվությունը, «6»-ի տղաներից եւ ոչ ոք չէր ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ: «Նախկինում իմ նկատմամբ դարձյալ ոտնձգություն էր տեղի ունեցել, երբ Գիզիրյան Աշոտը քաղաքի ոստիկանության վարչության պետն էր: Ավտոմեքենաս բռնի ուժով տարան ու ոչ մի հիմնավոր պատճառ չբերեցին»,- «Առավոտին» ասաց ՍՊԸ-ի հիմնադիրը: Երեկ տարածքը դարձյալ փակ էր: Մեր այցի ժամանակ դատարկ էին դարակներն ու ցուցափեղկերը։ Վերոնշյալ ՍՊԸ-ի արտադրանքը մրցակցում է «ԿԿ- ստուդիայի» հետ ու, Դ. Խանոյանի կարծիքով, իրեն փորձում են ամեն գնով «շուկայից դուրս գցել»: Երեկ 6-րդ վարչություն էին տարվել արտադրամասի աշխատակիցները: «Ես ոչ մի վստահություն չունեմ նրանց գործողությունների համար: Ինձ իմ տարածքից դուրս են հրավիրել: Կարող են զենք գցել, թմրանյութ, կարող են DVD-ները փոխել»,- մտահոգվում է գործարարը: Ի վերջո, 6-րդ վարչության աշխատակից ներկայացած մեկը «Առավոտի» թղթակցին խորհուրդ տվեց հեռանալ՝ հանգստացնելով. «Գիզիրյանի դաբրոն կա»: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ