Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՀՈՍՔԵՐԸ»

Հուլիս 22,2005 00:00

«ԱՐՏԱՀՈՍՔԵՐԸ» ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ «Իրականում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կողմերը հանգել են մի բանի՝ հարկավոր է ձեւավորել բանակցային պատշաճ մթնոլորտ: Այսինքն՝ մի կողմ դնել կոշտ դիրքորոշումները եւ փորձել հասկանալ միմյանց: Սակայն կողմերի դիրքորոշումները դեռեւս հեռու են միմյանցից, եւ այս պահին խոսել կապիտուլյացիայի մասին՝ պարզապես անիմաստ է: Նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներից, համանախագահների այցից հետո ԶԼՄ- ներում ինչ-ինչ լուրեր տպագրվեցին՝ անհայտ աղբյուրներից, բայց պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը՝ կոչ անելով ավելի համբերատար լինել եւ սպասել կոնկրետության: Նախարարի բերանից խոսք քաշելու լրագրողների բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Փաստելով, որ արտահոսքի հիմնական աղբյուրները ադրբեջանական են, պարոն Մելիքյանը հրաժարվում է մեկնաբանել դրանք: Նրա համոզմամբ, ԼՂՀ-ն պատրաստ է բանակցություններին մասնակցել, բայց՝ «դա մեզ համար ինքնանպատակ չէ»: ԼՂՀ-ն բանակցությունների կմասնակցի մի պայմանով. «Որ տեսնենք այդ բանակցությունները խաղ չեն եւ կարող են հանգեցնել լուրջ արդյունքների, որոնք որ կճանաչվեն թե բանակցող կողմերի, թե միջազգային հանրության կողմից»,- ասում է պրն Մելիքյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատրաստակամությանը խնդրի կարգավորումից հետո Ղարաբաղում 26 միլիարդ դոլար ներդրումներ կատարելուն, ԼՂՀ արտգործնախարարը լուրջ չի ընդունում: Ավելին՝ «տառապանքս փորձ ունի» սկզբունքով է առաջնորդվում. «Երբ խորհրդային տարիներին Ղարաբաղում մտցվեց հատուկ կառավարում՝ մեծ գումարներ հատկացվեցին, եղավ խորհրդային կառավարության որոշում, որպեսզի սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացվեն: Այդ գումարները տրվեցին ադրբեջանական իշխանություններին: Նրանք էլ ակտիվ տեմպերով սկսեցին Խոջալուն եւ մնացյալ ադրբեջանաբնակ գյուղերն ընդլայնել: Այստեղ կարելի է նաեւ այս ենթատեքստը տեսնել, բայց այս մասին այսօր խոսելն էլ եմ անիմաստ համարում»: «ԼՂՀ անկախությունը սակարկության առարկա չէ եւ չի էլ կարող լինել»,- հերթական անգամ ԼՂՀ դիրքորոշումը վերահաստատեց պարոն Մելիքյանը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել