Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հուլիս 22,2005 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐՆ Է» Այդպես է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը գնահատում սահմանադրական փոփոխությունները – Պարոն Թորոսյան, Վենետիկի հանձնաժողովը երեկ արդեն պետք է ուղարկեր սահմանադրական փոփոխությունների մասին հերթական եզրակացությունը. ինչպիսի՞ն է այն, եւ արդյոք վենետիկցիները բավարարվա՞ծ են կոալիցիայի ուղարկած հերթական լուծումներով: – Նախորդ օրը, աշխատանքային օրվա վերջին, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հեռախոսազրույց տեղի ունեցավ, որի ընթացքում մի շարք ճշգրտումներ արվեցին: Փաստաթուղթը բավականին բարդ է, եւ թարգմանության հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում: Ճշգրտումներից եւ պարզաբանումներից հետո պայմանավորվեցինք, որ հանձնաժողովը հաշվի կառնի այդ ամենը: Իսկապես, մեծ աշխատանք է արվել, եւ հունիսի 23-24-ին արված բոլոր հարցադրումներին բավարարող պատասխաններ են տրված: Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ նշված է, որ հանձնաժողովը ողջունում է կատարված աշխատանքը եւ հույս է հայտնում, որ երկրորդ ընթերցումից հետո հանրաքվեն մեծ հաջողություն կունենա: – Ի՞նչ սկզբունքային հարցերի շուրջ էին հետաքրքրվում Վենետիկի հանձնաժողովի անդամները հեռախոսային զրույցի ընթացքում: – Այդպիսի հարցեր ընդհանրապես չկային, պարզապես մի քանի ճշգրտումներ արվեցին: Եվ պետք է հաշվի առնել, որ սկզբունքային հարցերի հետ կապված ես չեմ կարող միանձնյա լուծումներ ընդունել, ի վերջո՝ նախագծի հեղինակը կոալիցիան է եւ պետք է միասնական որոշում կայացնել: Պարզաբանումները եւ ճշգրտումներն ավելի շուտ բովանդակային իմաստ ունեին, քան սկզբունքային: Եզրակացությունը, հուսով եմ, կլինի դրական, եւ մանավանդ երեկվա պարզաբանումներից հետո նոր փոփոխություններ անելու անհրաժեշտություն չի լինի առաջարկվող հոդվածներում: – Ձեր հասցեին հնչեցին մեղադրանքներ, որ դուք կենտրոնացել եք Վենետիկի առաջարկների վրա եւ մեր պատգամավորների առաջարկությունները հաշվի չեք առնում: Մասնավորապես՝ Արշակ Սադոյանն է ասում, որ իր առաջարկները հաշվի չեք առել: – Նախ, կարծում եմ, պարոն Սադոյանը շտապում է, որովհետեւ այն, թե պատգամավորների առաջարկություններից որն է հաշվի առնվել, որը՝ ոչ, պարզ կդառնա, երբ օգոստոսի 29-ին հրավիրվող արտահերթի ժամանակ նախագիծը ներկայացվի երկրորդ ընթերցման, եւ դրա հետ ներկայացվի ամփոփաթերթիկ, որում կոալիցիան կնշի, թե որ առաջարկություններն է հաշվի առել եւ որը՝ ոչ: Այսպես է կարգը: Համոզված եմ, որ բոլոր առաջարկությունները ամփոփաթերթիկում տեղ կգտնեն եւ հստակ կներկայացվեն: Կարծում եմ, որեւէ մեկը խանդի խնդիրներ չպետք է ունենա, որովհետեւ, ի վերջո, Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական խնդիրների եվրոպական ամենահեղինակավոր մասնագիտական կառույցն է, միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ արդեն բավականին տեւական ժամանակ է, որ հենց ընդդիմության մեր գործընկերներն են անընդհատ ե՛ւ հղումներ անում Վենետիկի հանձնաժողովին, ե՛ւ բազմիցս հայտարարել են, որ եթե իրենց պահանջները բավարարվեն, այսինքն՝ այդ կառույցը հաստատի, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ապա գոնե ընդդիմության մի մասը պատրաստ է վերադառնալ եւ քննարկել այն: – Ստացվում է, որ դուք էլ եք ընդունում, թե Վենետիկի հանձնաժողովը հերթական «պոլիտբյուրոն» է մեր գլխին, քանի որ բոլորը սպասում են նրա խոսքին: – Համաձայն չեմ, Վենետիկի հանձնաժողովը «պոլիտբյուրո» չէ, որովհետեւ, եթե որեւէ մեկը խորհրդային տարիներին չկատարեր պոլիտբյուրոյի որոշումները, պարզ է, թե որտեղ կհայտնվեր: Իզուր չէ, որ Վենետիկի հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացնում եւ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ ընդունել դրանք, թե ոչ: Հայաստանը միակը չէ. անցումային շրջանի գրեթե բոլոր երկրները աշխատել են Վենետիկի հանձնաժողովի հետ: Ի դեպ, բավականին հաճախ գրեթե նույն ձեւակերպումները կրկնվել են այդ երկրներում եւս: Ասեմ, որ Հայաստանում հաճախ խորապես չի գիտակցվում սահմանադրական փոփոխությունների նշանակությունը՝ կապված հետագա զարգացումների հետ: Սա Հայաստանի քաղաքական կյանքում թիվ մեկ խնդիրն է այսօր, եւ Հայաստանի ապագան կախված է այն բանից, թե ի՞նչ որակ կունենա այս փաստաթուղթը, եւ լավ որակի դեպքում այն կընդունվի՞, թե՞ ոչ: Եթե ընդունվի, ապա մեր երկրի առջեւ կարող են բացվել ամենալայն հնարավորություններ: Այս օրերին հաճախ խոսվում են նաեւ հեղափոխությո՞ւն, թե՞ սահմանադրություն թեմաներով: Կարծում եմ՝ ամենաողջամիտ հեղափոխությունը արմատական սահմանադրական փոփոխություններն են: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել