Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
«ՓԱԹԹԱԾ ՈՒՆԻ ՅՈՒՆԵՍԿՕՆ»

Հուլիս 22,2005 00:00

Երեկ
խմբագրություն էր եկել Էջմիածնի գավառագիտական թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանը,
որին կոպիտ վիրավորել է վերադասը՝ Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ («Մշակույթ»
միացյալ տնօրինության տնօրեն) Վահան Հովհաննիսյանը: Վերջինս ներկայիս մշակույթի
նախարար Հովիկ Հովեյանի հարազատ եղբայրն է: Տիկին Հասմիկը ներկայացրեց նախապատմությունը
եւ 40-ամյա թանգարանի ոդիսականը: Ըստ նրա, առանց կոլեկտիվի իմացության, գավառագիտական
թանգարանը աճուրդով վաճառվել է ընդամենը 3 մլն դրամով: «2004-ի հուլիսին, երբ քաղաքում
խոսակցություններ սկսեցին պտտվել այդ մասին, սկզբում չհավատացի, ախր ի՞նչ իմաստ ուներ
հին շենքը քանդել ու նորը հիմնել: Հետո իմացա, որ իսկապես թանգարանի շենքը վաճառված
է Զարզանդ անունով գործարարի որդուն՝ ոմն Կարապետյան Արսենի: Փորձեցի մտնել քաղաքապետ
Հրաչյա Աբգարյանի մոտ, բայց նա այդպես էլ ինձ չընդունեց»,- պատմեց Հ. Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ 700 քմ տարածք զբաղեցնող գավառագիտական թանգարանի շենքի փոխարեն
իրենց սկզբում առաջարկել են ԶԱԳՍ-ի շենքը, որի տարածքը ընդամենը 170 քմ է: Հետո երբ
թանգարանի տնօրենը բացատրել է, որ անհնար է 12000 ցուցանմուշները տեղավորել 100 քմ
էքպոզիցիոն տարածքում, առաջարկել են էջմիածնի քաղաքապետարանի ներքնահարկում գտնվող
Նկարիչների դպրոցի շենքը: «Ես Երեւանից հանձնախումբ հրավիրեցի, որտեղ կար նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
ներկայացուցիչ: Հանձնախումբը քաղաքապետարանի հետ պայմանավորվեց, որ երբ շենքը հավուր
պատշաճի տեսքի կբերվի, համապատասխանեցվի թանգարան ծառայեցվելու չափանիշներին, եւ
լինի համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ տարածքը օտարման ենթակա չէ, այն ժամանակ
էլ գավառագիտական թանգարանը կտեղափոխվի Նկարիչների դպրոցի շենք: Առայժմ ընդամենը
պատուհանն են շարել ու զուգարան սարքել, անգամ ցուցափեղկեր ու տարրական պայմաններ
չկան: Այսքանից հետո նախօրեին ինձ զանգում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ
Վահան Հովհաննիսյանը ու հրահանգում «հավքվել նոր շենք»: Ես նրան բացատրեցի, որ տեղափոխվելու
մասին խոսք լինել չի կարող, հիշեցրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը: Ի պատասխան՝ նա խայտառակ
հայհոյանքներ տեղաց իմ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասցեին»: Սա դեռ բոլորը չէ, Վ. Հովհաննիսյանը
տիկին Հակոբյանին նաեւ նկատողություն է տվել վերջերս թանգարանի տարածքում վերոնշյալ
խնդրի մասին առանց վերադասին տեղեկացնելու հասարակական լսումներ կազմակերպելու համար:
«Առավոտը» կապվեց թանգարանի խնդրով հասարակական լսումների կազմակերպիչ, Խոսքի ազատության
պաշտպանության կոմիտեի նախագահ, Էջմիածնի բնակիչ Աշոտ Մելիքյանի հետ. «5 հ/կ-ների
(Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Կովկասյան
խաղարարար նախաձեռնություններ, Հոգեւոր Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա)
հետ համատեղ են անցկացվել այդ լսումները, որոնց ներկա են եղել լրատվամիջոցներ, նաեւ
Էջմիածնի փոխքաղաքապետը: Այնպես որ, լսումների մասին տեղյակ էինք պահել քաղաքապետարանին:
Հետո տեղեկացա, որ «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենը, որը Հովիկ Հովեյանի
եղբայրն է, այդ միջոցառման համար նկատողություն է տվել Հասմիկ Հակոբյանին: Գտնում
եմ, որ այդ նկատողությունը անհիմն է, եւ կարելի է դատական կարգով բողոքարկել: Հասմիկ
Հակոբյանը դա չէր անում, որովհետեւ մենք՝ 5 հ/կ-ների ղեկավարներով փոխզիջումների
տարբերակներ էինք փնտրում, նախատեսում էինք քաղաքապետարանի հետ փոխհամաձայնության
փաստաթուղթ ստորագրել, պատրաստ էինք նաեւ աջակցել թանգարանի տեղափոխմանը: Մենք չէինք
էլ խորանում, թե ինչ գնով էր թանգարանի շենքը վաճառվել, եւ կերե՞լ են այդ գումարը,
թե՞ ոչ: Կարեւորը՝ թանգարանը չտուժեր: Իսկ երբ տեղեկացանք, որ Վահան Հովհաննիսյանը
զանգել-հայհոյել է, ընդ որում, ըստ թանգարանի տնօրենի, ասել է՝ «փաթթած ունեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն»:
Եթե մշակույթի ոլորտի պատասխանատու աշխատողը ՅՈՒՆԵՍԿՕ-ին «փաթաթում է», հասկանալի
է, որ Հովեյանի թիկունքով է գործում: Կարծում եմ՝ լկտի հայհոյանքների ու հայտարարությունների
համար նա պետք է անպայման պատասխան տա»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել