Երեկ
կառավարության շենքի դիմաց իրենց աշխատավարձն էին պահանջում «Հայկական ավիաուղիների»
նախկին աշխատակիցները: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը, որ խոստացել
էին նրանց տալ այս տարվա մարտին: Ցուցարարներն առաջին անգամ էին կառավարության դուռը
եկել: Սնանկացած եւ աշխատակիցներին պարտք մնացած «Հայկական ավիաուղիների» նախկին
ավագ իրավախորհրդատու Մարիետա Ղազարյանն «Առավոտին» ասաց, որ պահանջատերերը մոտ 800-ն
են: «Մի տարի չթողեցին մեզ աշխատել: Օգուտներն ո՞ւր գնաց: Ու հետո հայտարարվեց, թե
«Հայկական ավիաուղիները» սնանկ է, ի վիճակի չէ որեւէ գործարք կատարելու»,- ասում
է օդաչուներից մեկը: Ըստ ցուցարարների, 1 մլրդ 808 մլն 490600 դրամը ղեկավարության
մեղքով չի տրվել աշխատակիցներին: Օդաչուները, նախկին աշխատակիցները դիմել են ԱԺ,
ահազանգելով, որ իրենց ազատել են աշխատանքից անօրինական հիմունքներով: «Մեզ փոխարինել
են դրսի մարդիկ, որոնք ավիացիայից ընդհանրապես գաղափար չունեն»,- շարունակում են
նրանք: «Օրենքով պետք է դիմեինք դատարան՝ պարտատեր ճանաչվելու,- ասում է հաջորդ ցուցարարը,-
դիմեցինք: Սակայն աշխատավարձ չենք ստացել: Իսկ ԱԺ-ից այս տարվա փետրվարի 14-ին պատասխանել
են. «Դիմումի մեջ նշված հարցերի վերաբերյալ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ անվճարունակության
գործով կառավարիչը հայտնել է, որ 2005թ. փետրվարի 21-ի դրությամբ դուք ընդգրկված
եք պարտատերերի ցուցակի մեջ»,- պատմում է ցուցարարներից մեկը: Վճարման ժամկետները
վաղուց մարած պետք է լինեին, քանի որ, ըստ բողոքողների՝ կար գույք: Սակայն արժեքավոր
գույքը մինչեւ սնանկ ճանաչվելն արդեն օտարվել է: Մնացին սեղան-աթոռներ, որոնք աճուրդի
էին հանել եւ գին չեն ունեցել: «Առավոտին» ցուցարարները նաեւ ասացին, որ անհատապես
դիմել են դատարաններ: Կայացվել են վճիռներ, որոնք կցվել են պարտատեր ճանաչվելու գործերին:
«Մի տարուց ավելի նրանք գործազուրկ են, առանց եկամուտների ապրում են: Մի մասն էլ
մահացել է», մեկը մյուսի անելանելի վիճակը նկարագրեցին այսպես: «Ինքնաթիռ ունեինք,
որը պետք է վաճառվեր: Սակայն ինքնաթիռը մեր նախկին կոմերցիոն փոխտնօրեն, ԱԺ պատգամավոր
Արտյուշա Սիմոնյանի մոտ է», տեղեկացանք ցուցարարներից: Մեր այն հարցին, թե «ուրիշ
էլ ո՞վ ինքնաթիռ ունի իր «տան մեջ», պատասխանեցին, որ մի հատն էլ Միկա Բաղդասարովի
մոտ էր, որը պարտքի դիմաց տրվել է նրան: «Եթե բոլոր փաստաթղթային հիմքերը բարձրացնենք,
նրա պատճառով մենք մեծ վնասներ կրեցինք», կարծում են ցուցարարները: Իսկ Հասարակածային
Գվինեայից վերջերս վերադարձած Սամվել Մաճկալյանը նույնպես աշխատավարձ չի ստացել:
(Նաեւ մնացած 5 օդաչուները, որոնք բանտվել էին Գվինեայում): «Երբ ամուսինս Մալաբոյում
բանտարկված էր, գնացել եմ վարչության պետի մոտ, նա մերժեց գումարը վճարել»,- հուզված
պատմում էր Մաճկալյանի կինը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ