Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողը պաշտպանված չէ

Հուլիս 22,2005 00:00

Շիրակի կուսակցական մարզպետը, ի վերջո, կարողացավ
«սեփական դիմումով» ազատել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես
Սարգսյանին: Երեկ Արտաշես Սարգսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր մոտ 5 տարի եւ քաղաքացիական ծառայողի համար նախատեսված
ատեստավորումը հանձնել էր ընդամենը 2 ամիս առաջ: Հիշեցնենք, որ վերջերս Ա. Սարգսյանի
պաշտոնանկության մասին խոսակցությունները թեժացել էին՝ կապված աղետի գոտու անօթեւաններին
բնակբաշխման ընթացքում հայտնաբերված խախտումների համատեքստում, ինչի կապակցությամբ
մեր թերթին տված հարցազրույցում նա պարզաբանել էր, որ կառավարության կողմից Գյումրիում
իրականացվող բնակարանների գնման վկայագրի հանձնման ու գյուղական վայրերում կիսակառույցներն
ավարտին հասցնելու ծրագրերի հետ ինքը բացարձակապես կապ չունի, դրա համար մարզպետի
որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, պարզապես իր իրավասությունների նորմալ իրականացմանը
խոչընդոտում է իր անկուսակցական լինելը: Մարզպետարանի լավատեղյակ աղբյուրների
հաղորդմամբ, քաղծառայողի՝ սեփական կամքով աշխատանքից ազատվելու պատճառը եղել է դաշնակցական
մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հետ ունեցած լարված, կոնֆլիկտային հարաբերությունները:
Ի դեպ, նրանց տեղեկատվությամբ, մարզպետը համառորեն պահանջել է վերջինիս հրաժարականը՝
ստեղծելով բոլոր պայմանները: Մարզպետարանի մեր աղբյուրները վկայում են, որ
մարզպետի կողմից նախատեսած սցենարը ամբողջապես իրականացվել է. քաղծառայող Արտաշես
Սարգսյանի քայլերը խստորեն հսկելու նպատակով նա մարզպետարանից հեռու գտնվող քաղաքաշինության
վարչությունը նախ եւ առաջ տեղափոխել է մարզպետարանի շենք, որին էլ հաջորդել է «անաթոռ»
թողնելը: «Առավոտը» քաղաքաշինության վարչության նախկին պետից հետաքրքրվեց,
թե արդյոք սեփական կամքո՞վ է պաշտոնը լքել: Նա հաստատեց մեր աղբյուրների հայտնած
տեղեկությունները՝ պատասխանելով, որ այլեւս նման ձեւով աշխատելն անհնար էր: Մարզպետարանի
մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ռոմիկ Մանուկյանը վաղուց ուներ իր թեկնածուները
այս պաշտոնի համար. առայժմ շոշափվում է երկու հավակնորդի անուն. մեկը քաղաքաշինության
վարչության աշխատակից, անկուսակցական (նշանակում է նախկին պետի ազատման պատճառը անկուսակցական
լինելը չէ՞ր), բնակարանների գնման վկայագիր ծրագրի համար ստեղծված հանձնաժողովի նախագահ
Տիգրան Հարությունյանն է, մյուսը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ
Մարգարյանը: Թե նրանցից որ մեկը կհաղթանակի՝ պարզ կդառա առաջիկայում: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել