Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ «ՊՈՌՆՈ» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՈՎ

Հուլիս 22,2005 00:00

Հայաստանում
ազատ վաճառվում են պոռնո CD-ներ՝ մանուկների համար Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ
ինտերնետ ակումբներում երեխաներին խիստ մատչելի պոռնո վեբ-կայքերի վերաբերյալ ու
հիմնավորապես արգելեցին ակումբների տերերին այդ կայքերի հասանելիությանը նպաստել,
որովհետեւ շատ հաճախ իրենք էին հուշում այցելուներին հնարավոր «խաչմերուկների» հասցեները
կամ գովազդում իրենց կենտրոնները՝ նմանատիպ կայքերի առատությամբ: Հիշեցնենք, որ խոսքը
բացարձակ անբարոյական կայքերի մասին է, որտեղ կարող էիր ոչ միայն կապեր ձեռք բերել
իրենց մարմինը լավագույնս ցուցադրող աղջիկների ու տղաների հետ, այլ ամենայն մանրամասնությամբ
սովորել վերջին ժամանակակից «պոզաները»: Թվում էր՝ այլեւս անհանգստանալու կարիք չկար,
քանի որ որոշ ամենահայտնի կայքերի մուտքի վրա կալանք դրվեց կառավարության կողմից,
բայց մանկական պոռնո CD-ների խնդիրը մնաց առկախ: Համակարգչային խաղեր սիրում
են բոլորը՝ հատկապես 12-16-ամյա պատանիները: Այդ մասին է վկայում ինտերնետ ակումբներում
նախապես ժամավարձ վճարող անչափահասների մեծաքանակ հոսքը: Երեխաները, գայթակղվելով
համակարգչային խելահեղ աշխարհի նորություններով, հաճախ մոռանում են տուն, ծնողներ,
բակ եւ ընդհանրապես ամեն ինչ՝ «իրական» կյանքի ձգտելով: Առաջին հայացքից համակարգչային
խաղերը բավականին «անշառ» են թվում: Ավելին՝ ծնողները երբեմն մեծ ակնկալիքներով են
գնում համակարգիչներ՝ իբր թե իրենց երեխաներին փողոցից ու վատ շրջապատից կտրելու
նպատակով: Բայց, պարզվում է, դրանք բավականին վտանգավոր են մարդու ճիշտ դաստիարակման
համար: Խոսքը «պոռնո» խաղերի մասին է, որոնց պարունակությամբ CD-ներ կարելի է ձեռք
բերել համակարգչային խաղերի ցանկացած խանութից, տոնավաճառներից ու առհասարակ բոլոր
առեւտրի կենտրոններից: Այդ խաղերը մեծահասակների համակարգիչների համար չեն (տեխնիկապես
անհամատեղելի են), այլ՝ մանկական կոմպյուտերների, օրինակ, «Sony player»-ի կամ «Nintendo»-ի
համար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խաղերը նախատեսված են հենց երեխաների համար:
Նման խաղերից մեկում, օրինակ, երեխաները կարող են խաղալ թղթախաղ՝ «21», հայտնի
տերմինով ասած՝ «աչկո», ու համակարգչային օպերատորից բարձր միավոր հավաքելու դեպքում
քիչ-քիչ «հանվացնել» տարբեր գեղեցկուհիների: «Պրիզը» դանդաղ ու ավելի քան էրոտիկ
ստրիպտիզն է՝ համապատասխան ձայնային ուղեկցությամբ (հեւոցներ), որի գագաթնակետն է
խոշոր պլանով սեռական օրգանների ցուցադրությունը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե անիմացիոն
պատկերների մասին է, այլ վավերագրական: Համապատասխանաբար՝ պարտվելու դեպքում, ի հեճուկս
երեխաների հիասթափության, էկրանի մեջ հայտնված մերկ աղջիկը սկսում է հագնել այնքա՜ն
դժվարությամբ հանած շորերը՝ վերնաշապիկը, շրջազգեստը, զուգագուլպաները եւ վերջապես
ներքնաշորերը՝ հակառակ հերթականությամբ: Հետագայում այս խաղի երկրպագուների համար
պարզ է դառնում, որ «ամենահամառ» հանվողը հարսի շորերով աղջիկն է, որը դեռ մի քիչ
ամոթխած է՝ մյուսների համեմատ: Այսպես, մեկ խաղով երեխաները ձեռք են բերում ինչ-ինչ
անբարոյական գիտելիքներ, բացի այդ, ընկնում ազարտի մեջ: Բացի «21» կոչվող
այս խաղից, երեխաները կարող են խաղալ «սեկա», «պոկեր» եւ այլն, այսինքն՝ այնպիսի
խաղեր, որոնք հատուկ են կազինոներին: Ուստի չի բացառվում, որ համակարգչային հորինովի
խաղերից «հավեսը հանելուց» հետո, երեխաները փորձեն վիրտուալ զգացողությունները համեմատել
իրականի հետ՝ կազինո գնալով (ինչը նույնպես չի թույլատրվում անչափահասներին)՝ թեկուզ
միայն տարբերությունները զգալու համար: Ի վերջո, ազարտը գայթակղություն է: Մեկ այլ
նմանատիպ խաղի միջոցով էլ երեխաները սիրված չին դերասան Ջեկի Չանի միջոցով հաղթահարելով
մի շարք փորձություններ՝ «ռաունդի» վերջում, եթե «կյանք» մնաց, հնարավորություն են
ունենում համբուրելու համեստ արքայադուստրերի, արանքում էլ՝ պարգեւատրվել վուլգար
«սիրուհիներով»: Եվ այս անգամ ստացվում է տիպիկ հայկական դաստիարակություն, երբ փոքր
հասակից երեխաները սովորում են, որ կին, սիրելի էակ ունենալուց բացի, լավ «դրսեւորվելու»
դեպքում կունենաս նաեւ սիրուհիներ: Այսօր Հայաստանում չկա որեւէ մարմին, որը
փաստացի կվերահսկեր այս դաշտը: Մաքսային պետական կոմիտեից տեղեկացանք, որ իրենք են
պատասխանատու այդ խաղերի կամ կրիչների ներմուծման համար. «Որպես կանոն, մաքսային
ձեւակերպումների ժամանակ մեծ խմբաքանակով CD-ներ ներմուծելու դեպքում դրանց նմուշների
բովանդակությունը ստուգվում է»: Բայց, օրինակ, 10 հատ բերելու դեպքում՝ ոչ: Ավելին՝
մաքսայինի մասնագետների հավաստմամբ, սովորաբար ներմուծողները խուսափում են շատ մաքսատուրքից
ու ընդամենը 1 հատիկ բերելով բազմացնում են այն: Ըստ նրանց, ավելի շուտ այդ 1 հատն
էլ չեն բերում, այլ քաշում են ինտերնետից, մշակում ու վաճառում են: Եթե պոռնո
ամսագրերի դեպքում վաճառողները մի քիչ զգուշանում են ու չեն վաճառում դրանք արտաքինից
փոքրահասակ երեւացողներին (թեեւ շատ հաճախ փաստաթղթերով չեն ստուգում գնորդի տարիքը),
այնուամենայնիվ, նման CD-ներ վաճառելու համար չկա որեւէ սահմանափակում: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել