Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻԶԻՐՅԱՆԸ «ԴԱԲՐՈՆ ՏՎԱ՞Լ Ա»

Հուլիս 22,2005 00:00

ԳԻԶԻՐՅԱՆԸ
«ԴԱԲՐՈՆ ՏՎԱ՞Լ Ա» Հուլիսի 20-ին, ժամը 13-ին ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները (թվով 25-30 հոգի)
ներխուժել են Մաշտոցի 15 հասցեում գտնվող «Ռեկո-Ռեկորդս» աուդիոսկավառակների ու ձայներիզների
արտադրամաս-խանութը: Խանութ-ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Խանոյանն ականատես եղավ, թե ինչպես
էին արկղերով դուրս բերվում, առգրավվում ձայներիզները, տեսաերիզները: Հեղինակային
իրավունքների պաշտպանության պատրվակով խուզարկություն իրականացնողները Դ. Խանոյանին
ցույց չէին տվել խուզարկություն անցկացնելու թույլտվությունը, «6»-ի տղաներից եւ
ոչ ոք չէր ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ: «Նախկինում իմ նկատմամբ դարձյալ
ոտնձգություն էր տեղի ունեցել, երբ Գիզիրյան Աշոտը քաղաքի ոստիկանության վարչության
պետն էր: Ավտոմեքենաս բռնի ուժով տարան ու ոչ մի հիմնավոր պատճառ չբերեցին»,- «Առավոտին»
ասաց ՍՊԸ-ի հիմնադիրը: Երեկ տարածքը դարձյալ փակ էր: Մեր այցի ժամանակ դատարկ էին
դարակներն ու ցուցափեղկերը։ Վերոնշյալ ՍՊԸ-ի արտադրանքը մրցակցում է «ԿԿ-
ստուդիայի» հետ ու, Դ. Խանոյանի կարծիքով, իրեն փորձում են ամեն գնով «շուկայից դուրս
գցել»: Երեկ 6-րդ վարչություն էին տարվել արտադրամասի աշխատակիցները: «Ես ոչ մի վստահություն
չունեմ նրանց գործողությունների համար: Ինձ իմ տարածքից դուրս են հրավիրել: Կարող
են զենք գցել, թմրանյութ, կարող են DVD-ները փոխել»,- մտահոգվում է գործարարը: Ի
վերջո, 6-րդ վարչության աշխատակից ներկայացած մեկը «Առավոտի» թղթակցին խորհուրդ տվեց
հեռանալ՝ հանգստացնելով. «Գիզիրյանի դաբրոն կա»: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել