«ԱՐՏԱՀՈՍՔԵՐԸ»
ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ «Իրականում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Կողմերը հանգել են մի բանի՝ հարկավոր է ձեւավորել բանակցային պատշաճ մթնոլորտ: Այսինքն՝
մի կողմ դնել կոշտ դիրքորոշումները եւ փորձել հասկանալ միմյանց: Սակայն կողմերի դիրքորոշումները
դեռեւս հեռու են միմյանցից, եւ այս պահին խոսել կապիտուլյացիայի մասին՝ պարզապես
անիմաստ է: Նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներից, համանախագահների
այցից հետո ԶԼՄ- ներում ինչ-ինչ լուրեր տպագրվեցին՝ անհայտ աղբյուրներից, բայց պաշտոնական
հայտարարություններ չեն եղել»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ԼՂՀ արտգործնախարար
Արման Մելիքյանը՝ կոչ անելով ավելի համբերատար լինել եւ սպասել կոնկրետության: Նախարարի
բերանից խոսք քաշելու լրագրողների բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Փաստելով, որ արտահոսքի
հիմնական աղբյուրները ադրբեջանական են, պարոն Մելիքյանը հրաժարվում է մեկնաբանել
դրանք: Նրա համոզմամբ, ԼՂՀ-ն պատրաստ է բանակցություններին մասնակցել, բայց՝ «դա
մեզ համար ինքնանպատակ չէ»: ԼՂՀ-ն բանակցությունների կմասնակցի մի պայմանով. «Որ
տեսնենք այդ բանակցությունները խաղ չեն եւ կարող են հանգեցնել լուրջ արդյունքների,
որոնք որ կճանաչվեն թե բանակցող կողմերի, թե միջազգային հանրության կողմից»,- ասում
է պրն Մելիքյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատրաստակամությանը խնդրի կարգավորումից
հետո Ղարաբաղում 26 միլիարդ դոլար ներդրումներ կատարելուն, ԼՂՀ արտգործնախարարը լուրջ
չի ընդունում: Ավելին՝ «տառապանքս փորձ ունի» սկզբունքով է առաջնորդվում. «Երբ խորհրդային
տարիներին Ղարաբաղում մտցվեց հատուկ կառավարում՝ մեծ գումարներ հատկացվեցին, եղավ
խորհրդային կառավարության որոշում, որպեսզի սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացվեն:
Այդ գումարները տրվեցին ադրբեջանական իշխանություններին: Նրանք էլ ակտիվ տեմպերով
սկսեցին Խոջալուն եւ մնացյալ ադրբեջանաբնակ գյուղերն ընդլայնել: Այստեղ կարելի է
նաեւ այս ենթատեքստը տեսնել, բայց այս մասին այսօր խոսելն էլ եմ անիմաստ համարում»:
«ԼՂՀ անկախությունը սակարկության առարկա չէ եւ չի էլ կարող լինել»,- հերթական
անգամ ԼՂՀ դիրքորոշումը վերահաստատեց պարոն Մելիքյանը: Ն.
Գ.