Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ

Հուլիս 21,2005 00:00

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՇՏԵՄԱՐԱՆԻՆ Հայաստանի բուհերում երեկվանից սկսվեցին ընդունելության քննությունները: Հայոց լեզու-1 հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ հարցաշարերից հանված են վիճելի եւ հակասական օրինակները: Հայոց լեզու-1 քննությանը երեկ ներկա էր 204 հոգի, բացակա՝ 17-ը: «Առաջին օրն է, բնական է, որ պետք է որոշակի թվով բացականեր լինեն, ամեն տարի էլ առաջին օրվա քննությունից երեխաները հոգեբանորեն վատ են զգում»,- ասում է հանձնաժողովի նախագահ Փառանձեմ Մեյթիխանյանը: Քննությունից դուրս եկող դիմորդներն առանձնապես դժգոհություն չէին հայտնում կազմակերպումից ու անցկացումից: Մեզ հետ զրույցում այդ մասին հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ նաեւ նախագահականի վերահսկողության ծառայության աշխատակիցը՝ միայն հայտնեց, որ իրեն «թույլատրված չէ լրագրողներին որեւէ բան ասել»: Դիմորդների մտավախությունը կապված էր միայն բարդ ստորադասական նախադասություններում առկա երկձեւությունների (զուգաձեւությունների) հետ: Ուղղագրական երկձեւություններ, նրանց հավաստմամբ, չկային: «Եթե նախադասություններում կան զուգաձեւություններ (դա կոչվում է շարահյուսական հոմանիշություն), ապա մենք դրանք ճիշտ կհամարենք: Որովհետեւ եթե այդպիսի օրինակները բացառենք, հարցաշարերում ներկայացնելու բան չի լինի. մեր լեզուն այնպիսին է, որ բոլոր բաժիններում զուգաձեւություններն առկա են: Մենք պարզապես աշխատել ենք խուսափել հարցաշարերում վիճելի զուգաձեւություններ դնելուց: Կառույցում հնարավոր է, օրինակ, հետադաս որոշիչ եւ ձեւի պարագա դերբայական դարձված, 2-ն էլ հավասարապես ընկալելի է՝ բութ կամ ստորակետ»: Ըստ Փ. Մեյթիխանյանի, նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ երկձեւությունների պատճառով տուժել են դիմորդները, այսինքն՝ հարցը լուծվել է ոչ հօգուտ դիմորդի: «Մենք նաեւ հատ-հատ կարդացել ենք բոլոր դասագրքերը եւ դուրս ենք գրել այնտեղ առկա այն բոլոր բառերը, որոնք հակասության մեջ են հենց շտեմարանի հետ»: Հանձնաժողովի նախագահի բերած մեկ այլ օրինակով, աշխարհագրության 4-րդ, 5-րդ դասարանների դասագրքերում առկա է Մայր Արաքս գրությունը, «ըստ էության այն պետք է լինի փոքրատառով՝ մայր Արաքս: Եվ խնդիրն այն է, որ մեր դասագրքերը չունեն մասնագետ-խմբագիրներ: Դպրոցական դասագրքերը շատ հաճախ հակասում են գործող օրենքին: Ինձ գոնե հստակ հայտնի է, թե որ դասագրքի որ էջում ինչ խայտառակ սխալներ ու վրիպակներ կան, եւ դա պետք է դիմորդի գլխին չկոտրվի»: Երեկվա համարում մենք անդրադարձել էինք Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի այս տարվա փորձարարությանը, որ բուհը որոշել էր մտցնել ռուսերեն գրավոր քննության ժամանակ: Ըստ այդմ, ռուսերեն թելադրությունը պետք է անցկացվեր ռադիոյով: Երեկ՝ քննությունների առաջին օրը, մենք եղանք համալսարանում: Դրսում ծնողներից ոմանք հաստատեցին այդ որոշումը, ավելին՝ ասում էին, թե թելադրելու են Մոսկվայից: Շատերը պատրաստվում էին բողոքի ակցիա բարձրացնել: Դրսից լսվում էր բարձրախոսով թելադրվող նյութը, ի դեպ՝ բավական դանդաղ, ինչը հետո հաստատեցին նաեւ դիմորդները: Սակայն շատերի համար մեծ խնդիր էր այն, որ բարձրախոսը աղավաղում էր խոսքի հնչողությունը եւ շփոթության տեղիք տալիս. «Կարծես օդանավակայանում լինեինք»,- ասաց աղջիկներից մեկը: ՌԴ-ից եկած մի դիմորդ էլ մեզ ասաց, որ իր համար նյութը բավական հեշտ էր, ինչը չի կարելի ասել հայաստանյան դիմորդների համար. «Հայաստանում սովորած երեխաների համար թելադրողի ակցենտը եւ միկրոֆոնը դժվարություններ էին առաջացնում»,- ասաց նա: Հսկիչները մեզ ոչ մի կերպ չթողեցին ներս մտնել նույնիսկ քննության ավարտից հետո, հետեւաբար չկարողացանք ծանոթանալ մասնագետների կարծիքին: Ի դեպ, ծնողներից շատերն այս պարագայում էլ բողոքի տրամադրություն ունեին. «Էքսպերիմենտը հենց մեր երեխաների գլխին պետք է կոտրվե՞ր»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել