Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդքան

Հուլիս 21,2005 00:00

«Այդքան էլ պարզ մարդ չեմ» Հավաստիացնում է Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ չի ուզում ասել մի բան, որը հետո չի իրականանա: – Պարոն Հովհաննիսյան, որոշ ժամանակ առաջ Դուք ինտենսիվորեն խոսում էիք արեւմտամետ նոր դաշինքի ձեւավորման մասին, մինչդեռ դաշինքն այդպես էլ չձեւավորվեց, խոսակցություններն էլ մարեցին: – Ես ասել եմ, ասում եմ եւ դրանում խորապես համոզված եմ, որ մեր երկրի ապագան, համակարգային բարեփոխումները, նոր որակի իշխանությունների ձեւավորումը՝ դրանք շարունակությունն են գործընթացի, որի սկիզբը պետք է լինի արեւմտամետ դաշինքը: Դա անխուսափելի է եւ ժամանակի հրամայականը: – Զարգացումները տանում են նրան, որ «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ ամենայնի, կլքի «Արդարություն» դաշինքը: Հնարավո՞ր է Ձեր ասած դաշինքն այդ ֆոնի վրա ստեղծվի: – Նոր դաշինքի մասին ես վաղուց եմ խոսում: Այնպես չէ, որ՝ ասում եմ մի բան, այն չի լինում, ձգձգվում է, ապա, որպես քաղաքական գործիչ, որեւէ ռեսուրս եմ կորցնում: Ես դա գիտակցում եմ, հասկանում եմ, այդքան էլ պարզ մարդ չեմ եւ ոչ էլ նոր եմ քաղաքականության մեջ: Բայց նաեւ խոր գիտակցում եմ, որ գաղափարական, արեւմտամետ, լիբերալ հիմքերի վրա ստեղծված դաշինքն օրվա հրամայականն է: Այսօր չէ՝ վաղը այն ձեւավորվելու է եւ այս երկրի պատասխանատվությունն իր վրա է վերցնելու: Ես երբեք չեմ մտածել, որ մի բանի հաշվին այլ բան պետք է ստեղծվի: Ինչ-որ գործընթացներ են գնում «Արդարություն» դաշինքում, որոնք ես չեմ ցանկանում մեկնաբանել, քանզի դաշինքի անդամ կուսակցությունների ներքին գործն է՝ նրանք պետք է կողմնորոշվեն եւ որոշումներ կայացնեն: – Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտնի է Ձեր բացասական դիրքորոշումը: Մի առիթով չբացառեցիք, որ կուսակցությունը օրերս իր կտրուկ դիրքորոշումը կարտահայտի: – Գիտեք, ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում սահմանադրական բարեփոխում: Ո՞վ է կրում էդ բարեփոխումների քաղաքական պատասխանատվությունը, ո՞ր քաղաքական ուժի կամ ուժերի քաղաքական կոնցեպցիան է իր մեջ պարունակում այս Սահմանադրությունը, հանրաքվեի արդյունքներից ո՞ր քաղաքական ուժն է շահելու եւ ասելու, որ հաղթել է, ո՞րը պետք է հրաժարական տա՝ իր գաղափարների պարտության համար: Աբսուրդի ենք հասել՝ այսօր ընդդիմությունը, ի դեմս «Արդարություն» դաշինքի, տասն անգամ ավելի շատ է խոսում սահմանադրական բարեփոխումների մասին, քան իշխանությունները: Տպավորություն է, որ իշխանությանը դա պետք էլ չէ: Ինչ է, ընդդիմությո՞ւնն է դարձել այդ բարեփոխումների տերը: Հետո էլ ասում են՝ այ, մենք համոզեցինք իշխանությանը, ճնշեցինք… Ոչ, այդպես չէ: Ճնշել են եվրոպական կառույցները, Վենետիկի հանձնաժողովը, բայց կոալիցիան առանց այդ ճնշումների արդյո՞ք չէր կարող այդ բոլոր խնդիրները լուծել, արդյո՞ք նրանք ունեն այդ քաղաքական կամքը: Այս հարցերի պատասխանները մենք չունենք, եւ ինչ-որ մեկը դրանք պետք է տա, որից հետո մենք քաղխորհրդի որոշումը հստակ կարտահայտենք: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել