Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հուլիս 21,2005 00:00

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ Գրեթե ապարդյուն էին ջանքերը Վանաձորում «կենդանի» գտնելու կուսակցական տարածքային կառույցների որեւէ գրասենյակ: Փոխարենը խիստ աշխույժ եւ բազմաքանակ էին «Ավիատոմսեր՝ բոլոր ուղղություններով» գրասենյակները: Ասենք թե՝ ես քաղաքականապես ակտիվ վանաձորցի եմ եւ տոգորված եմ իշխանափոխության գաղափարով՝ ուզում է ժողովրդավարական հեղափոխությամբ լինի, ուզում է՝ սահմանադրական ճանապարհով: Իմ հեղափոխական ավյունը գործնական հուն ուղղորդելու համար որոշում եմ անդամագրվել որեւէ կուսակցության եւ քայլերս ուղղում եմ նրա գրասենյակ… Նախ՝ գրեթե իզուր է վանաձորցիներից հարցնել, թե որտեղ է այս կամ այն կուսակցության գրասենյակը: Գուցե լոռեցիների պարզամտության պատճառով, բայց «որտե՞ղ է ՀԺԿ գրասենյակը» հարցին ի պատասխան կլսես՝ «էդ ո՞րն է»: Այդպես երեկ ինձ հետ եղավ բազմիցս, ընդ որում՝ ոչ միայն ՀԺԿ-ի, այլ նաեւ «Հանրապետության» կամ այլ կուսակցությունների «նստավայրերը» պարզելու փորձերիս ի պատասխան: Լավ նշան չէ, որ ոչ այնքան մեծ այս քաղաքում նման անտեղյակություն կա այս առումով: Ինչեւէ՝ գնացինք, գնացինք եւ ի վերջո գտանք կուսակցական մի քանի գրասենյակներ: Երկուսը դատարկ էին, մեկումն էլ իսկի շունչ չկար: Իսկ ավելի որոշակի՝ «Հանրապետության» գրասենյակը դատարկ էր: Կողպված էր նաեւ «Ազգային միաբանության» դուռը: ՀԺԿ գրասենյակի կիսաջարդված փեղկով դուռը փակ էր, սակայն հարակից սենյակներից մեր հարցուփորձերին ի պատասխան վստահեցրին, թե Ֆրունզե Թադեւոսյանն ամեն օր էլ լինում է տեղում, ուղղակի այս պահին… Որոշեցի այցելել իշխանական կուսակցության՝ ՀՀԿ գրասենյակ, որ Վանաձորում ՀԺԿ-ի վերեւի հարեւանն է: Սակայն այս գրասենյակն էլ էր փակ: Հոգնած՝ քաղաքում դեգերումներից, որոշեցի տեղական կուսակցական այրերին «պեղել» հեռախոսով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում ինձ տրամադրեցին քաղաքի կուսակցական գրասենյակների հեռախոսահամարները, որ իրենք պարզել էին տեղեկատուից: Եվ այստեղ սկսվեց ամենազավեշտը: «Օրինաց երկրի» տեղական կառույցի համարով զանգահարելով՝ ստացա «սա հիմնարկ է» պատասխանը: Զանգեցի ՀՌԱԿ-ին՝ ստացա «սա բնակարան է» պատասխանը: Դաշնակցության գրասենյակ հեռախոսազանգը մնաց անպատասխան: ՀՀՇ կառույցն ընդհանրապես չուներ գրասենյակ, ուր մնաց՝ հեռախոս: Հայաստանի կոմկուսի Վանաձորի կառույցի հետ կապվելու փորձերն արժանացան «Ձեր հավաքած համարը գոյություն չունի» խիստ խորհրդանշական պատասխանին: Նույնչափ խորհրդանշական էր, երբ չպատասխանեց «Արժանապատիվ ապագայի» հեռախոսը: Եվս մի փորձ արեցի կապվելու ՀԺԿ-ի հետ եւ խիստ ուրախացա, երբ «ՀԺԿ գրասենյակի՞ց է» հարցիս ի պատասխան քաղցրաձայն աշխատակցուհին պատասխանեց՝ «այո»: Սակայն երբ ասացի, որ ուզում եմ խոսել պրն Թադեւոսյանի հետ՝ ակնհայտորեն շփոթված աղջիկը պարզաբանեց, թե ես զանգել եմ «Ինեկոբանկի» գրասենյակ եւ իրեն թվացել է, թե ես եմ ՀԺԿ գրասենյակից: Երեկ ինձ ի վերջո հաջողվեց կենդանության նշաններ հայտնաբերել Վանաձորի կուսակցական տարածքային կառույցներից միայն երկուսում՝ ԱԺՄ-ի եւ ՄԱԿ-ի գրասենյակներում: Այն էլ՝ ԱԺՄ-ի ներկայացուցիչը հայտնեց, թե իրենց կազմակերպության ղեկավարը Երեւանում է, եւ միայն նա կարող է պատասխանել իրենց գործունեության մասին հարցերին: Իսկ ՄԱԿ-ի ցուցանակն ամենաշքեղն էր Վանաձորում տեսածներիս մեջ: Եվ գրասենյակն էլ էր բավական ներկայացուցչական: Տեղի կառույցի անդամները հպարտությամբ էին ընդգծում այդ հանգամանքը, որ անգամ իշխանական կուսակցությունները չունեն նման գրասենյակներ. «Եվ ոչ այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ ուղղակի չեն կարեւորում քաղաքական գործունեությունը»: ՄԱԿ-ի տեղական կառույցի ղեկավար Տիգրան Սահակյանը մեր զրույցի ընթացքում նշեց, թե իրենց գրասենյակը միշտ է բաց, եւ քաղաքացիները դիմում են, հետաքրքրվում կուսակցության գործունեությամբ: Եվ ահա արդյունքը՝ համեմատաբար նորաստեղծ այս կուսակցությունն, իրենց տվյալներով, Վանաձորում միավորում է 300 հոգու: Մինչդեռ ըստ ՄԱԿ-ի տեղական կառույցի ներկայացուցիչների՝ ՀԺԿ-ն սկզբնապես 800 անդամ ուներ, իսկ հիմա չունի 200 էլ: Իսկ ընդհանրապես՝ իրազեկները մեզ հուշեցին, թե սխալ ենք ընտրել գրասենյակներ այցելելու պահը: Պետք էր գնալ աշխատանքային օրվա ավարտից, հովն ընկնելուց հետո, երբ նրանք այնտեղ հավաքվում են ու խաղում նարդի կամ այլ խաղեր: … Այս ամենը լսելիս՝ հնարավոր չէր չվերհիշել, թե որքան սակավամարդ էին ընդդիմադիր գործիչների վերջին շրջանի հանդիպումները մարզերում: Որպես կանոն՝ պատճառը համարվում են իշխանության հարուցած խոչընդոտները, ահաբեկումները եւ այլն: Չենք փորձի հերքել այդ գործոնները: Սակայն գուցե պատճառներից մեկն էլ կուսակցական տեղական կառույցների նման անգործությո՞ւնն է: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՎանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել