ՀԵՐԹԱԿԱՆ «ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ» ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ Իսկ ի՞նչ էր ուղարկվել Վենետիկ Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ այս տարվա հունիսի 23-24-ը Ստրասբուրգում տեղի ունեցած համատեղ հանդիպման ընթացքում արված առաջարկությունների ոգով են կատարվել կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների այն շտկումները, որոնք այժմ գտնվում են Վենետիկի հանձնաժողովի ձեռքին, եւ որի շուրջ էլ երկրի քաղաքական ուժերն այնքան աղմկում են: ԱԺ խումբ-խմբակցություններին հուլիսի 8-ին ուղարկվել են այն լուծումները, որոնք գտնվել են հունիսի 23-24-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների հիման վրա: Կից նամակում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը խումբ-խմբակցությունների ղեկավարներին խոստացել էր նախագիծն ամբողջությամբ պատրաստ լինելուն պես ուղարկել նաեւ դա, մինչդեռ երեկ պատգամավորները վստահեցրին, որ իրենք դեռ նախագիծը չեն ստացել: Որոշ մասնավոր զրույցներից ակնհայտ դարձավ, որ պատգամավորների 90 տոկոսը ոչ կարդացել եւ ոչ էլ տեսել էր այն աղյուսակը, որն ուղարկվել էր խումբ-խմբակցություններին: Կարդացածների մի մասի համար այնքան էլ հասկանալի չէր տվյալ աղյուսակը, իսկ հասկացողները համոզված են, որ դա Վենետիկին խաբելու հերթական փորձն է: Աղյուսակում ներկայացված է, թե որ հոդվածում ինչպիսի փոփոխություն է արված, մասնավորապես Հոդված 83-ի 2-րդ կետում արձանագրված է. «Հեռարձակող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ մարմին, որի անդամներին ՀՀ նախագահի ներկայացմամբ նշանակում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 6 տարի ժամկետով»: Հոդված 56-ի 1-ին կետով. «Հանրապետության նախագահը անձեռնմխելի է: Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»: Հոդված 55-ի 4-րդ կետում կատարվել է հետեւյալ խմբագրումը. «ԱԺ8211ում պատգամավորների տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին: Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում կազմավորվում է կառավարությունը: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին: Հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժականը նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի, հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը»: Հոդված 86-ում նշված է, որ կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը, բայց գտնվել է մի բայց, որը հնարավորություն է տալիս երկրի նախագահին՝ վարել կառավարության նիստերը. «Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել հանրապետության նախագահը»: Ներկայացվածի մեջ տեղ են գտել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի, Արդարադատության խորհրդի, դատախազի, դատավորների նշանակման եւ ազատման կարգերի մասին դրույթներ: Սակայն մեր ընթերցողին չհոգնեցնելու նպատակով ներկայացնենք նաեւ Երեւանի քաղաքապետի՝ այնքան ծեծված հարցն ու ավարտենք, մանավանդ՝ մեր գլխավոր խմբագիրը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների թեման հանրապետությունում հետաքրքրում է ամենաշատը 4-5 մարդու: Եվ այսպես, Երեւան. «Երեւանը համայնք: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրություն»: Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ