Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ

Հուլիս 21,2005 00:00

Չեմպիոնների
լիգայի որակավորման մրցաշարի «Փյունիկ»-«Հակա» (Ֆինլանդիա) պատասխան հանդիպումը Երեւանում
ավարտվեց 2:2 հաշվով: Դա նշանակում է, որ Հայաստանի չեմպիոնը երկու հանդիպումների
ընդհանուր արդյունքով պարտվելով 2:3 հաշվով՝ հենց առաջին շրջանից հետո դուրս մնաց
հետագա պայքարից: Հանդիպման ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ հաղթանակ տանելու
գործում ավելի կարեւոր դեր ունեին կատարելու ոչ այնքան փյունիկցիների պատրաստվածության
աստիճանը, տեխնիկական վարպետությունը, որքան երեւանյան տապը: Եվ իրոք: Առաջին խաղակեսի
սկիզբը, երբ դեռ տոթ էր, դաշտի տերերը ոչ միայն շատ արագ խաղացին ու տարածքային առավելություն
ձեռք բերեցին, այլեւ 25-30 րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին: Թե ինչպես դա եղավ,
ֆուտբոլասերները տեսան հեռուստաէկրաններին: Նշենք միայն, որ մերոնցից գոլերի հեղինակ
դարձան Լեւոն Պաչաջյանը եւ Մամադու Դիավարան: Սկիզբը խոստումնալից էր, ու թվում էր,
թե հաշվի տարբերությունը շուտով ավելի կմեծանա: Սակայն երեւանցիները մի քանի անգամ
դա անելու հիանալի հնարավորություն ձեռքից բաց թողեցին: Այդ ընթացքում պարզ նկատվում
էր, որ հյուրերը «խեղդվում» են շոգից ու անընդհատ շտապում են պահեստայինների նստարան՝
«կոկորդները թրջելու»: Դրանով չբավարարվելով՝ առաջին խաղակեսի միջնամասում մի պահ
«Հական» ամբողջ թիմով վազեց մարզիչների մոտ ու մի քանի րոպե կոլեկտիվ ջրխում սկսեց,
իսկ ռումինացի գլխավոր մրցավարն իր օգնականների հետ հանգիստ հետեւում էր այդ ամենին
ու «Փյունիկի» դժգոհող գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանին ինչ-որ բան բացատրելով հանգստացնում
էր: «Լոգանքն» ավարտելուց հետո նրանք հանգիստ վերադարձան դաշտ, ու խաղը վերսկսվեց:
Հանդիպման ավարտից հետո Վիսմանը լրագրողներին հայտարարեց, որ ինքը ՖԻՖԱ-ի կանոններում
չգիտի այնպիսի կետ, որը թիմին նման քայլ անելու իրավունք է տալիս: Նա ընդմիջմանը
դիմել է ՖԻՖԱ-ի ներկայացուցչին, սակայն նրանից որեւէ պարզաբանում չի ստացել: Ընդմիջմանը
տողերիս հեղինակը ցանկացավ լսել նաեւ ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանի մեկնաբանությունը:
«Ես իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել: Այդպիսի կարգ չկա: Ես լինեի մրցավարի տեղը,
կարգելեի ու «Հակայի» խաղացողներից որեւէ մեկին դեղին քարտ էլ ցույց կտայի»: Վերադառնալով
խաղին՝ նշենք, որ այդ պահից հետո «Փյունիկի» գրոհների թափը կոտրվեց: Սակայն չի կարելի
ասել, որ անհաջողության մատնվելու միակ պատճառը հատկապես դա դարձավ: Երբ առաջին խաղակեսի
ավարտին մնում էր մոտ 10 րոպե, մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը սեփական տուգանայինի
մատույցներում աններելի կոպիտ սխալ գործեց: Ընդունելով գնդակը, իսկ այդ պահին մեր
դարպասին որեւէ վտանգ չէր սպառնում, նա մի քանի ակնթարթ չէր կարողանում կողմնորոշվել՝
գնդակը փոխանցի դարպասապահի՞ն, այդ ժամանակ դեռ ազատ կանգնած պաշտպանների՞ն, թե՞
հանի դաշտի սահմաններից դուրս: Եվ ընտրեց ամենավատ տարբերակը՝ վտանգավոր գոտում խաբս
տալ վրա հասած մրցակցին: Արդյունքում նա գնդակը կորցրեց, որի համար թիմը դաժանորեն
պատժվեց: Այ, դրանից հետո «Փյունիկի» խաղը լիովին դիմազրկվեց: Սխալները, հատկապես
պաշտպանությունում, սկսեցին հորդել, ասես, առատության եղջյուրից: Եղանակը զովանալու
հետ էլ ֆիններն աստիճանաբար ակտիվացան եւ սկսեցին ավելի հաճախ հայտնվել մեր տուգանային
հրապարակում: Ու երկրորդ խաղակեսում կրկին պաշտպանների կոպիտ սխալի հետեւանքով նրանք
հավասարեցրին հաշիվը՝ ըստ էության իրենց օգտին վճռելով հանդիպման ընդհանուր ելքը:
Սակայն անսպասելի անհաջողությունը միակ տհաճությունը չէր: Մարզական լրագրողները
խաղից հետո գնացին մարզիչների ասուլիսին: Հենկ Վիսմանը տվեց հանդիպման իր գնահատականը,
պատասխանեց հարցերին: Նրանից հետո սպասում էինք «Հակայի» մարզիչ Օլի Հուտտունենին:
Սակայն նրա փոխարեն ներկայացավ ակումբի մամլո խոսնակը եւ հայտարարեց, թե մարզիչը
մեկնել է հյուրանոց: Դա ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնների կոպիտ խախտում է, որի համար
խիստ պատժամիջոցներ են կիրառվում: Բնականաբար, վրդովված լրագրողները հրաժարվեցին
նրան որեւէ հարց տալ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել